ԿարևորՍպորտ

Հայտնի են Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի փոխանցիկ հուշագավաթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի է ունեցել Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը մասնակցել են Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Միրաժ» և «Մուլտի Գրուպ» ակումբների մարզիկները։

Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝

  • B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),
  • C դաս (արգելքների բարձրությունը՝ 100 սմ),
  • D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):

D դասում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը («Սիլ» ակումբ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Խալաթյանը (Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), իսկ հաղթողի կոչումը նվաճել է Արսեն Պողոսյանը` «Միրաժ» ակումբից։

C դասում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Խալաթյանը (Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը («Սիլ» ակումբ), իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Տաիսիա Լիխոշերստը՝ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:

B դասում հաղթող է ճանաչվել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, որն էլ արժանացել է Հովիկ Հայրապետյանի անվան Փոխանցիկ հուշագավաթին:

Հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։

Back to top button