
Եվ այսպես, երեկ Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի արդյունքում հայտարարվեց Արևմուտքի ֆինանսական աջակցության մասին։ ԵՄ–ն 4 տարվա կտրվածքով ՀՀ–ի զարգացման համար 270 մլն եվրո, իսկ ԱՄՆ-ն` ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրեն։ Արդարացնում է արդյոք այս արդյունքը բրյուսելյան սպասումները, բավարա՞ր է այս աջակցությունը Հայաստանի համար, և ի՞նչ այլ արդյունքներ են հնարավոր Հայաստան-ԵՄ-ԱՄՆ փոխգործակցությունում․ փորձագիտական գնահատականները տարբեր են։
Բրյուսելում ավարտված Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լայեն եռակողմ հանդիպման արդյունքով տարածվել է հայտարարություն: Մինչև այն Հայաստանի վարչապետը X-իր միկրոբլոգում գրառում էր արել, որով հանդիպումը բնութագրել էր «հիանալի»:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է, որ հանդիպմանը նախորդած հայտարարություններն արդեն փաստում էին, որ քննարկումն ու արդյունքներն առավելապես Հայաստան- ԵՄ և Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին են վերաբերելու։
«Սա պետք է փաստենք, որ Արևմուտքը տվեց էլի իր, այսպես ասենք, վստահության փաստաթուղթը՝ նշելով, որ «աջակցում ենք այսօրվա իշխանություններին»։
Քաղաքագետ, վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը նկատում է, որ մինչ հանդիպումը միանշանակ նշվել էր, որ Արևմուտքի ֆինանսական աջակցությունը կտրուկ աճելու է։ Այսինքն՝ նախապես արդեն հայտարարվել էր, որ կապերը սերտանալու են, իսկ տարածված հայտարարությունն էլ դրա տրամաբանական շարունակությունն է և, Հովհաննիսյանի ձևակերպմամբ, մեզ մեծ ճանապարհ է սպասվում, որի հարցում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միակարծիք են։
«Այստեղ փաստորեն ասվում է, որ սատար են կանգնում, լիովին համաձայն են այդ քաղաքականության հետ, և այդ քաղաքականությունը, որ մեր իրավիճակում շատ կարևոր է, Միացյալ Նահանգների հովանավորչության տակ է»։
Ըստ վերլուծաբանի՝ ԱՄՆ-ի երաշխավորությամբ նման գործընթացը կարևոր է, հատկապես, բրյուսելյան հանդիպմանը Ռուսաստանի, Ադրբեջանի, նույնիսկ Թուրքիայի բացասական արձագանքի ֆոնին։ Քաղաքագետի կարծիքով՝ բրյուսելյան հանդիպմամբ կասկածի տակ է դնում նաև «3+3» ձևաչափի շարունակությունը։
«Էլ ավելի դա իրենց խթանում էր՝ արագացնելու պրոցեսները, որովհետև թույլ տալ տարածաշրջանի հետ անել այն, ինչ Թուրքիան և Ռուսաստանը որոշել են, չի կարելի։ Նաև՝ իրենց շահերից բխելով չի կարելի»։
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի տպավորությամբ՝ սա գործընթաց է, որով Արևմուտքը տարածաշրջանում փոխում է այն ստատուս-քվոն, որը ձևավորվել է 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո։
«Այն ստատուս-քվոն, որտեղ տարածաշրջանում չի գործում որևէ անվտանգային ճարտարապետություն Հայաստանի համար. Հայաստանը մնացել է անվտանգային ճարտարապետությունից դուրս և անձամբ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս տնտեսական ծրագրերով նրանք փորձում են այդ անվտանգությունը ստեղծել»։
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը համակարծիք է, որ նման ենթատեքստ կարող է ունենալ գործընթացը։ Նրա խոսքով, սակայն, դա չի կարող լինել միակողմանի ճանապարհ։ Հայաստանն էլ պետք է օգնի, և այդ քայլերը կապված են նաև ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին մեր անդամակցության հետ՝ ասում է Հովհաննիսյանը։
«Ես ամենևին չեմ ասում, որ այսօր պետք է հայտարարել դուրս գալու մասին։ Բայց, եթե մենք հստակ ընտրել ենք եվրոպական ճանապարհը և մենք տեսնում ենք ԵՄ մաս, դա ավտոմատ բերում է նրան, որ Հայաստանն ու ԵԱՏՄ-ն պետք է սկսեն բանակցել, թե ինչպես դա պետք է լինի։ Մենք դա անվանում ենք քաղաքակիրթ ապահարզան»։
Քաղաքակիրթ ապահարզան է առաջարկում քաղաքագետը, պնդում, որ որքան անխուսափելի լինի Հայաստանի Արևմուտք գնալը, Ռուսաստանն այդքան ավելի մեղմ է լինելու, Հովհաննիսյանի ձևակերպմամբ, ապահարզանի կանոնների մեջ։
Ինչ վերաբերում է Իրանին. քաղաքագետը կարծում է, որ Իրանը խնդիր չունի Հայաստանի՝ դեպի ԵՄ գնալու առնչությամբ։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, մինչդեռ, հակառակ կարծիքին է՝ համոզված է, որ դա խնդիր է Իրանի հետ հարաբերություններում։ Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ Իրանը շահագրգռված պետք է լինի ԵՄ-ի հետ հարևանությամբ՝ ունենանալով լուսամուտ դեպի ԵՄ շուկա, որը հենց Հայաստանն է ապահովելու։ Հովհաննիսյանը համոզված է, որ հմուտ դիվանագիտության շնորհիվ հնարավոր է համապատասխանեցնել Իրանի աջակցությունն այդ օրակարգին։
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի գնահատմամբ՝ սպասումները մասամբ կարելի է բավարարված համարել, սակայն, միանշանակ է, որ ապրիլի 5-ը կյանքի կոչվեց՝ չնայած մի քանի ճակատով ճնշումներին։
«Ուզում եմ ասել, որ այն, ինչը հրապարակային մասում մենք տեսանք, կամ հրապարակայնացվեց, չնչին տոկոսն է այն սպասվելիք և սպասվող աջակցության թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի և միացյալ Արևմուտքի, որը սպասում ենք»։
Քաղաքագետը չի բացառում պայմանավորվածությունները նաև ռազմական ոլորտում։ Նրա համոզմամբ՝ արևմտյան երկրներն աջակցություն են տրամադրում, միլիոնավոր դոլարների ներդրումներ են քննարկում ոչ հենց այնպես. «Այդ ամեն ինչը պետք է նաև պաշտպանվի ու այդ ուղղությամբ քայլեր ևս ձեռնարկվելու են»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ և՛ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում լավ հասկանում են, որ խաղաղություն ու անվտանգություն կապահովվի, երբ տարածաշրջանում ռազմական բալանսը վերականգնվի։ Քաղաքագետը սպասում է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ավելի կոշտ կհակադարձեն Ադրբեջանին։
Նշենք նաև, որ ապրիլի 5-ի հանդիպման արդյունքների մասին համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ պատրաստակամություն են հայտնում ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը՝ միտված Հայաստանի ժողովրդավարական, ինքնիշխան, դիմակայուն ապագային: Ասվում է, որ այդ ուղղությամբ աշխատանք կկատարվի բոլոր ոլորտներում։ Չկան, սակայն, մանրամասներ, թե կոնկրետ ինչ աշխատանքի մասին է խոսքը: Հստակեցվում է, որ Հայաստանի հետ կշարունակեն աշխատել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ծրագրով, միեւնույն ժամանակ քննարկելով նոր օրակարգ: Առավել հստակ է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է Հայաստանին ընթացիկ տարում 65 միլիոն դոլար օգնություն հատկացնելու մասին, իսկ Եվրամիությունը՝ առաջիկա չորս տարվա համար Հայաստանին 270 միլիոն դրամաշնորհ կտրամադրի։




