ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայ-հնդկական հարաբերությունները ռազմավարականի հասցնելու կարիք կա․ փորձագետ

Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2024» ամենահեղինակավոր միջազգային կոնֆերանսն արդեն երկրորդ անգամ իր աշխատանքները սկսում է «Հայ-հնդկական երկխոսության» նիստով։ Համաժողովի կազմակերպիչը Հնդկաստանի արտգործնախարարությունն է։ «Ապրի Արմենիայի» հայ փորձագետները փաստում են, որ տպավորված են համագործակցության զարգացման հեռանկարներով։ Այն արդեն շոշափելի արդյունք է տվել՝ մոտ մեկ մլրդ դոլարի զենք-զինամթերքի ձեռքբերման պայմանագրի տեսքով։

Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայունությունը կարևոր է Հնդկաստանի համար՝ արձանագրում են հայ փորձագետները, որոնք այս տարվա փետրվարին Դելիում մասնակցել են հայ-հնդկական համաժողովին։ Ասում են՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է 2020 թ պատերազմից հետո, երբ Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը համատեղ ուժերով ագրեսիա ձեռնարկեցին Արցախի դեմ։ Այս միությունը ահազանգ էր Հնդկաստանի համար։ Արդյունքում՝ Հայաստանի ու Հնդկաստանի միջև 1 մլրդ դոլարի պայմանագիր  կնքվեց անհրաժեշտ զենք-զինատեսակների ձեռք բերման համար։ Ռազմական բնույթի համագործակցությունը Դելիի հետ պայմանավորված է նաև Ռուսաստանի զբաղվածությամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Ապրի Արմենիայի» փորձագետ Նվարդ Չալիկյանը։

«Ռուսաստանը, որից մենք միշտ զենք ենք գնել, այս պահին սահմանափակումներ ունի՝ Ուկրաինայի հետ կապված ։ Իսկ զենքի գնման դիվերսիֆիկացիայի համար առաջին երկիրը Հայաստանի համար հիմա Հնդկաստանն է։ Մեր զենքի գնումը 90 տոկոսով իրականացվում է Հնդկաստանից։ Հայաստանը համարվում է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը, և իրենց համար այս շուկան նույնպես կարևոր է, քանի որ զենքը վաճառելը նույնպես կարևոր գործոն է հենց իրենց համար»։

Հնդկական զենքը փորձագետների գնահատմամբ բարձր արդյունավետություն ունի, մրցունակ է 21-րդ դարի զենքերի շարքում և համեմատվում է ՆԱՏՕ-ական զենքերի հետ։ Սա է նաև պատճառը, որ Ադրբեջանը հակահնդկական պրոպագանդա է իրականացնում՝ մեղադրելով Դելիին Հայաստանին զինելու և տարածաշրջանում լարվածություն առաջացնելու համար։ 

Փորձագետ Չալիկյանը հիշեցնում է, որ Հնդկաստանից զենքի տեղափոխման հիմնական ճանապարհը Իրանի տարածքն է։ Վերջերս Հնդկաստանը հայտարարեց, որ  ռազմավարական նշանակության արտահանումներն իրականացնելու նպատակով պատրաստվում է օդային միջանցք ստեղծել դեպի Հայաստան: Հնդկական օդատիեզերական պաշտպանության նորությունների կենտրոնի տեղեկացմամբ՝  այդ նպատակով ստեղծվել է HALCON համատեղ աշխատանքային խումբ, որը կամրապնդի Հնդկաստանի ու Հայաստանի միջև լոգիստիկան։

«Իրենց համար շատ մեծ կարևորություն է ստացել ենթակառուցվածքների թեման, քանի որ Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող ճանապարհների այլընտրանքային ուղիների մասին բավականին ակտիվ խոսակցություններ կան։ Եվ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի մասին մենք վաղուց գիտենք, բայց դեռևս ամբողջությամբ չի իրականացվել։ Այս թեման նոր թափ է ստացել Հնդկաստանում և ՀՀ կառավարության կողմից»։

Հայաստանը պետք է կարողանա Հյուսիս-Հարավը ավարտին հասցնել, քանի որ այն չափազանց կարևոր նշանակություն ունի բեռնափոխադրումների համար։ Ադրբեջանով ճանապարհը Ռուսաստանի հետ է կապ ապահովում, իսկ Հայաստանի միջոցով Հյուսիս-Հարավը ճանապարհ է ապահովում դեմի ԵՄ ՝ Վրաստանի միջոցով։ Հյուսիս-Հարավի կարևորությունն անվտանգային հարցերով է նաև պայմանավորված` ասում է հայ-հնդկական հարաբերություններով զբաղվող Նվարդ Չալիկյանը:  

«Որպեսզի այս ծրագիրն իրականանա պետք է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունից ոչ մի տարածքային զիջումներ չլինեն Ադրբեջանին։ Ինչպես գիտենք, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»  իրենց հիմնական պահանջն է, կա նաև անկլավների հարց և այս ամբողջ խոսակցությունը նրա համար է, որ իրենք կապ հաստատեն Նախիջևանի ու Թուրքիայի հետ, իսկ եթե դա լինի «Հյուսիս-Հարավ» ճանապարհը շատ մեծ խոչընդոտներ կունենա։ Շատ վտանգավոր ծրագիր է։ Եթե մենք խոսում ենք Հնդկաստանի հետ հարաբերություններ զարգացնելու մասին, պետք է հաշվի առնենք այս վտանգների չեզոքացման կարևորությունը»։

Թեև նախագծի իրագործումը բավականին բարդ է, բայց այն, ըստ փորձագետի, պետք է օր առաջ կյանքի կոչվի, քանի որ կլինի Հայաստանի համար ոչ միայն առևտրային տնտեսական կարևոր բաղադրիչ, այլև անվտանգության ապահովման միջոց։ Կառավարության մակարդակով  ծրագիր կարևորության գիտակցում կա` ըստ «Ապրի Արմենիայի» փորձագետի, սակայն այն ավարտին հասցնելու գործում դանդաղկոտություն կա։ Հնդկաստանի համար Հայաստանը կարևոր է նաև դեպի ԵԱՏՄ կամուրջ ծառայելու առումով` ասում է զրուցակիցս, նաև ավելացնում, որ  հայ-հնդկական համագործակցության մեծ ներուժ կա մետաղների, թանկարժեք քարերի, տեքստիլի  ոլորտներում։

Կարդացեք նաև

Back to top button