ԿարևորՀասարակություն

Ամենաբարձր ցուցանիշը՝ 3 տարում․ Սևանա լճի մակարդակը կարող է բարձրանալ 33-38 սմ–ով

Այսօրվանից կայուն եղանակային ռեժիմը կավարտվի։ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը։ Հանրապետության բոլոր շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։

2023-2024 թվականի ձմեռը եղել է ամենատաքը վերջին 57 տարում։ Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով, ասում է Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ապրիլին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով։ Տեղումների քանակը նորմային մոտ կլինեն։ Մայիս և հունիս ամսիներին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր՝ մեկ աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմային մոտ»։

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները, գետերի 2024 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքի մեծությունները սպասվում են նորմաների 80-110 տակոսը, ինչը մոտ 2 անգամ ավել կլինի նախորդ տարվա ցուցանիշից։ Մասնագետները կանխատեսում են Սևանա լճի մակարդակի բարձրացման վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը։

«Առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներում։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ, որոնց վերաբերյալ լրացուցիչ կտրամադրվեն կարճաժամկետ կանխատեսումներ։ Ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ-ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900.14-1900.20 մետրի սահմաններում, որը նախորդ տարվա համեմատ կլինի -3–ից + 3-ի սահմաններում»։

Այս տարի Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում նախորդ տարվա համեմատ կկուտակվի 240- 260 մլն մ3 ավել ջուր։

«Պոակի կողմից դիտակվող 5 խոշոր ջրամաբաներից Ախուրյանի ջրամբարում կանխատեսվում է 80-85, Արփի լիճ ջրամբարում՝ 85-90, Ապարանի ջրամբարում՝ 50-55, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 95-100 տոկոս ջրալցվածություն»։

Հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմը կավարտվի։ Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը՝ միջերկրական ծովի շրջաններից։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ցիկլոնի ազդեցությունը կզգացվի արդեն ապրիլի 5-ի երեկոյան։

«Առաջիկա 5 օրերին մեր երկիրը այդ ցիկլոնի ազդեցության գոտում կլինի։ Շրջանների մեծ մասում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ, սակայն դադարներով սպասվում են ամպրոպային բնույթի կարճ անձրևներ։ Ծովի մակերևույթից մինչև 2000 մետր բարձրությունների վրա տեղումները կլինեն հիմնականում անձրևի տեսքով, իսկ ավելի բաձր գոտիներում՝ թաց ձյան և ձյան տեսքով»։

Ապրիլի 6-ից հյուսիս-արևելքից Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը միայն ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նվազումը ավելի նկատելի կլինի Լոռու, Տավուշի և Սյունիքի հատվածներում՝ մոտ 14-15 աստիճանով։ Չնայած օդի ջերմաստիճանի սպասվող նվազումներին, ցրտահարությունների վտանգ չկա՝ նշում են մասնագետները։

Back to top button