
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ կիրակի՝ ապրիլի 7-ին, կիրականացվի Օշականի Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցու մաքրման աշխատանքները։ Դրան կմասնակցեն նաև ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը։
Ծառայությունը հիշեցնում է, որ մոմավառությունների վերաբերյալ բազմիցս հանդես է եկել զգուշացնող հայտարարություններով, համապատասխան ցուցանակներ տեղադրելով։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մոմեր չվառե՛լ վանքի պատերին, չխաթարե՛լ պատմական հուշարձանների տեսքը, չվնասե՛լ այն։
Ճանաչել, պահպանել, ժառանգելով միայն կարող ենք մեր հարուստ պատմամշակութային ժառանգությունը փոխանցել մեր սերունդներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Oշականի Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցու լուսանկարները Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին է ուղարկել լրագրող Արփի Սուքիասյանը։
ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները հուշարձանների տարածքներ շրջայցերի ընթացքում պարբերաբար իրականացնում են նաև սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 18 -ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կատարում են հուշարձանների տարածքում մաքրման աշխատանքներ, որոնք ուղեկցվում են նաև օրվա խորհրդի ներկայացմամբ և պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելու և այն պահպանելու կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ դաս-զրույցներով։
Ուսումնական հաստատություններում պարբերաբար իրականացնում են բաց դասեր, դասախոսություններ, ճանաչողական միջոցառումներ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության արժևորմանը, հոգատար և պատասխատատու վերաբերմունքի ձևավորմանը։




