
Մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթացը կդադարացվի ու նոր փորձաքննություն կիրականացվի՝ նախօրեին քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին խոստացել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ասել, որ Մելիք Ադամյան փողոցի թեղիները չեն հատվի, քանի դեռ քաղաքացիները նոր փորձաքննություն են պահանջում։
Քաղաքային իշխանությունը, սակայն, հին ծառերը նորերով արդեն փոխարինել է մայրաքաղաքի 5 տարբեր հատվածներում և, ըստ էության, ավարտել գործընթացը։ Ծառահատումներին զուգահեռ մասնագետները պնդում էին՝ ծառերը խնդիրներ ունեն, բայց լուծումը զանգվածային հատումները չեն։
20 տարի է պետք, որ այսօր տնկված ծառերը՝ որպես կանաչ զանգված, իրենց ազդեցությունն ունենան Երևանի էկոլոգիայի վրա։ Ավագանու անդամ ԵՊԲՀ-ի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը պնդում է՝ մայրաքաղաքն այսօր էկոլոգիապես ծանր վիճակում է․ ամենուր շինարարություն է, գերծանրաբեռնված երթևեկություն ունենք, ու սրան գումարվում է ծառերի փոխարինման, այսինքն՝ կանաչ զանգվածը փաստացի կրճատելու գործընթացը։
«Ցավոք, եթե հիգիենիկ նորմատիվը պահանջում է քաղաքի ընդհանուր մակերեսի 20 տոկոս տնկարկային ծավալ, ապա մենք ունենք ընդամենը 4-ը: Եվ հիգիենիկ նորմից 4-5 անգամ պակաս ցուցանիշով մենք որոշում ենք կայացրել, որ քաղաքի ամենավտանգավոր մասում, կենտրոնական հատվածում 7 փողոցում պետք է իրականացնենք ծառերի զանգվածային հատում և տասնյակ տարիներ սպասենք, թե երբ են այս ծառերը մեծանալու և իրենց էկոծառայությունները մատուցելու»,-ասում է Քրիստինա Վարդանյանը։

Քաղաքապետարանը նախորդ տարի գարնանը սկսեց ու այս տարի էլ շարունակում է մայրաքաղաքի, պատասխանատուների ձևակերպմամբ, կենսունաությունը կորցրած, հիվանդ ծառերի, մասնավորապես, թեղիների փոխարինման գործընթացը։ 2023-ին Երևանում փոխարինվեց կամ լրացվեց ավելի քան 1000 ծառ։ Այս տարի քաղաքային իշխանությունը ծառեր է փոխարինել մայրաքաղաքի 5 փողոցներում՝ Բագրատունյացում տարեց թեղիների փոխարեն արդեն երիտասարդ սաֆորաներ են աճում, Սայաթ Նովայում՝ գնդաձև սոսիներ, Թումանյան փողոցում՝ հուդայածառեր, Ալեք Մանուկյանում՝ ալբիցիաներ ու օճառածառեր, իսկ Ուլնեցի փողոցում թեղիները փոխարինվել են դիակասներով։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել էր՝ փոխարինված բոլոր ծառերը ոչ միայն կորցրել են կենսունակությունը, այլև վտանգավոր են շրջակա միջավայրի համար։
«Դրանք այն ծառերն են, որոնցից բնակչությունը հաճախ բողոքում է, որ շիրա է թափվում, ժողովրդական լեզվով ասած՝ որդ ու բլոճ է թափվում, այսինքն՝ վնասատուներով պատված և կենսունակությունը կորցրած ծառերն են փոխվում
Այդ ծառերի ֆունկցիոնալությունից չխոսենք էլի, որ հիվանդ են, դա միանշանակ է ու համատարած: Մտածում էինք՝ դրանք մնան, որ մի քանի տարի դեռ ստվեր ունենանք, բայց ախր դրանք նորմալ ստվեր էլ չեն ապահովում, ծակծկված տերևներ են դեղնավուն, որոնք նորմալ ֆոտոսինթեզ էլ չեն կատարում»,-պնդում էր Բեգոյանը:

Այն, որ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ծառերը խնդիրներ ունեն կան վնասված են ու կենսունակությունը կորցրած, ԵՊԲՀ-ի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը չի ժխտում, բայց նաև պնդում է՝ չկար զանգվածային ծառահատման կարիք։
«Ծառերի փոխարինման ծրագիրն այն առաջնային ծրագիրը չէր, որը պետք էր անպայման զարգվածաբար անել։ Սա պետք էր անել ժամանակի ընթացքում, աստիճանաբար, հայելանման՝ փողոցի մի կողմում 5 ծառ կտրել, մյուս կողմից 5-ը պահել, և բացի դրանից՝ պետք է նաև նոր տեսակների համալրում անել։ 21-րդ դարում կանաչպապատման մեջ բազմազանություն են օգտագործում, իսկ իրենք ասում են Երևանը հո բոստան չի, որ տարբեր ծառեր օգտոգործենք»։
Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել է դատարան ու պետական վերահսկողության ծառայություն։ Վիճարկում են քաղաքապետարանի՝ ծառերի փոխարինելու վերաբերյալ որոշումը։ Ընդդիմադիրները այստեղ միջոցների անտեղի վատնում, պետական ռեսուրսի ոչ նպատակային օգտագործում են տեսնում։ Քրիստինե Վարդանյանը տարակուսում է՝ ինչպես է քաղաքապետարանը նման որոշումն առանց Բուսաբանության առողջապահության ազգային ինստիտուտի կարծիքի ու մասնագիտական վերլուծության կայացրել։

«Համարել են, որ ոչ մի քննարկում պետք չի, մեր մասնագետները որոշել են, բայց ովքեր են այդ մասնագետները․ 13 մասնագետ, որոնցից 7-ն այդ ՀՈԱԿ-ի աշխատակիցներ են, և չունեն նման լիրազորություն նման եզրակացություն կազմելու համար, քանի որ ծառաբան չեն, մեկը բնապահպանության վարչության ներկայացուցիչն է՝ էլի քաղաքապետարանից և 5 մասնագետներ, որոնք չեն ներկայացնում պետական ինստիտուտներ»։
Մինչդեռ քաղաքապետարանից պնդում են՝ բաց են մասնագիտական ցանկացած կարծիքի ու նոր փորձաքննության համար։ Թեև գործընթացի մեծ մասն արդեն իրականացվել է, բայց քաղաքապետը խոստանում է՝ պատրաստ են դադարեցնել պրոցեսը։
«Մի փողոց է մնացել, Կառավարության շենքի հետևի փողոցը, դա հիմա չենք անում։ Հիմա մենք ակնկալում ենք ձեզանից գիտական կարծիք, որի հիման վրա խնդիր չկա նորից փորձաքննություն կանենք, վերջ»,-եզրափակում է Ավինյանը։




