ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կառավարման ճգնաժամ՝ ճգնաժամեր կառավարող Հայկական Կարմիր Խաչում

Հայկական Կարմիր Խաչ ընկերությունում անհամաձայնությունները, հետո նաև կառավարման ճգնաժամի մասին խոսակցությունները հնչեղություն ստացան այս տարվա փետրվարի կեսերին։ Լրագրողների հետ առանձին հանդիպումներից ու պատասխան մեղադրանքներից հետո աղմուկը որոշ ժամանակով մարեց, բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ ով է ընկերության նախագահը։ Ո՞րն է Հայկական Կարմիր Խաչում ստեղծված ճգնաժամի պատճառը, և ի՞նչ հետևանքներ է թողել ընկերությաքն գործունեության խաթարումը մարդասիրական ծրագրերի իրականացման վրա։

Գործունեության 104-րդ տարում Հայկական Կարմիր խաչ ընկերությունում կառավարման ճգնաժամ է։ 2011 թվականից ընկերությունը նախագահող Մխիթար Մնացականյանն ու տարիներ շարունակ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Աննա Եղիազարյանը այսօր միաժամանակ իրենց ընկերության նախագահ են հայտարարում։ Աննա Եղիազարյանը պնդում է՝ փետրվարի 15-ին ընկերության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում ինքն օրինական կերպով ընտրվել է կազմակերպության նախագահ։

«Ի դեպ, մինչ այդ օրը, իրենք ջանացել են, որ այդ համագումարը տեղի չունենա։ Նրանք այցելել են մարզային մասնաճյուղեր, ահաբեկել են, համոզել, որ չմասնակցեն համագումարին։ Բայց այն, որ համագումարը կայացել է, այլևս փաստ է։ Համագումարին մասնակցել են 10 մարզային և մեկ տարածքային մասնաճյուղ, նաև մեր աշխատակազմը»։

Բոլոր իրավական հիմքերով փետրվարի 15-ին ընդունված որոշումն առոչինչ է՝ պատասխան մեղդրանքը Մխիթար Մնացականյանի փաստաբան Լևոն Բաղդասարայանն է ներկայացրել։ Ըստ նրա՝ փետրվարի 8-ին նախագահությունը հրավիրել  է Աննա Եղիազարյանին, որպեսզի նա 2023 թվականի բյուջեի և 2024 թվականի ծրագրի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնի, սակայն պատասխաններ չեն ստացել, ինչից հետո Աննա Եղիազարյանը միաձայն որոշմամբ հեռացվել է աշխատանքից։

«Նախագահության որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Այն շահագրգիռ  անձը, որը համարում է` նախագահության որոշումներն իրավաչափ չեն, ապա օրենքով սահմանված կարգով կարող է վիճարկվել դատական կարգով»։

Նույն արտահերթ համագումարում ընկերության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Նունե Գրիգորյանը։ Սակայն նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Արիստակեսյանը։ Աննա Եղիազարյանի և Նունե Գրիգորյանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն բողոք է ներկայացրել, խնդրելով՝  առ ոչինչ ճանաչել Արթուր Արիստակեսյանի գրանցման փաստը։ Պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է բողոքը՝ գլխավոր քարտուղարի փոփոխության պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

«Պետական ռեգիստրի գործակալությունը երկու կողմերին լսումների է հրավիրել։ Մենք ներկայացել ենք լսումներին ու բարձրաձայնել ենք մեր հարցադրումներն ու հիմնավորումները։ Մասնավորապես՝ հիմանվորել ենք, թե ինչու պետք է Նունե Գրիգորյանը գրանցվեր նոր ձևավորված նախագահության կողմից ընտրված գլխավոր քարտուղար, գործադիր տնօրեն։ Ռեգիստրը մեր հարցադրումներին որևէ պատասխան չի տվել, դուրս է եկել իր շրջանակներից։ Քանի որ վարույթը նախաձեռնվել է դիմումի հիման վրա, ռեգիստրը պարտավոր էր ուսումնասիրություններ կատարել, հետո մերժել կամ բավարարել»։

Իսկ մյուս կողմը պնդում է, որ Կարեն Մովսիսյանը որևէ ապացույց չի ներկայացրել, ավելին՝ նա լսումների ընթացքում բանավոր հրաժարվել է ակնհայտության վերաբերյալ որևէ ապացույց ներկայացնելուց, ինչի պատճառով էլ դիմումը մերժվել է։ Ռեգիստի որոշումը բողոքարկվել է և այժմ կողմերը սպասում են Արդարադատության նախարարության որոշմանը։ Եթե նախարարությունից նույնպես մերժում ստանան, լուծումներ կփնտրեն դատական ճանապարհով՝ նշում է Կարեն Մովսիսյանը։

Ի՞նչ հետևանքներ է թողել Ազգային ընկերության գործունեության խաթարումը մարդասիրական ծրագրերի իրականացման վրա։ Արտահերթ համագումարում  հաստատված գլխավոր քարտուղար Նունե Գրիգորյանի խոսքով՝ նույնիսկ որոշ միջազգային համագործակցություններ են սառեցվել։

«Այս ճգնաժամի պատճառով հնարավոր չէր շարունակել համագործակցությունները նույն ծավալով։ Եվ մեր գործընկերները ստիպված էին սառեցնել որոշ ծրագրեր, որպեսզի տեսնեն, թե ինչպես է լուծվելու այս ճգնաժամը։ Նման իրավիճակները, ցավոք, անդրադառնում են կազմակերպության հեղինակության վրա։ Մենք հույս ունենք վերականգնել այն օրինականության ճանապահրով»։

Հայկական Կարմիր խաչ ընկերությունը նախագահի ևս մեկ ընտրությունների մասին էր հայտարարել։ Դրանք նախատեսված էին ապրիլի 8-ին։

Աննա Եղիազարյանի տեղեկություններով՝ ընտրությունները հետաձգվել են։ Դրանք տեղի կունենան մայիսի 10-ին։ Պատճառների մասին Եղիազարյանը տեղյակ չէ, բայց յուրաքանչյուր նման քայլ համարում է ոչ իրավաչափ։

Back to top button