
Թայվանում տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն յոթ մարդ, ավելի քան 700-ը վիրավոր են։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերում մարդկանց։ Սա ամենաուժեղ երկրաշարժն է վերջին 25 տարվա ընթացքում։
Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, գտնվել է Հուալիեն քաղաքից մոտ 18 կմ հարավ։ Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Թայբեյում։
Թայվանի ազգային հրշեջ գործակալությունը հաղորդում է յոթ զոհի և առնվազն 711 վիրավորի մասին:
Առնվազն 26 շենք է փլուզվել, որոնցից կեսից ավելին Հուալիենում, հայտնել են իշխանությունները: Հրշեջների տվյալներով՝ առնվազն 77 մարդ մնացել է թակարդում, և փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Թայվանի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը երկրաշարժից հետո արդեն գրանցել է ավելի քան 100 հետցնցում, որոնք զգացվել են նաև Թայբեյում։




