ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Դամասկոսում կատարվածն Իրանն անպատասխան չի թողնի. ի՞նչ «կարևոր ուղերձ» է Թեհրանը փոխանցել Վաշինգտոնին

Իրանն իրեն իրավունք է վերապահում Իսրայելին վճռական պատասխան տալ Դամասկոսում հյուպատոսության վրա ավիահարձակման համար։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ կատարվածն անպատասխան չի մնա։ Փորձագետների գնահատմամբ՝ Իսրայելի քայլն ու Իրանի հնարավոր պատասխանն ակնհայտորեն բարձրացնում է տարածաշրջանում էսկալացիայի մակարդակը։ 

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Դամասկոսում Իրանի դեմ Իսրայելի օդային հարվածին։ Նման հայտարարություններ էին արել նախ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, ապա նաև՝ Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։ Մեր վճռական պատասխանը կհետևի՝ նրա շեշտադրումն էր մեջբերել Mehr news գործակալությունը։ Իրանի կոշտ պատասխանի մասին արդեն ամենաբարձր մակարդակով է հնչել։ Արձագանքելով Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածներին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է՝ այս վախկոտ հանցագործությունն անպատասխան չի մնա։   

«Սիոնիստական ռեժիմը մոջահեդների դիմադրության շարժման հավատքի և կամքի դեմ իր կրկնվող անհաջողությունների և պարտությունների պատճառով ահաբեկչություն է կիրառում իրեն փրկելու համար, բայց այն պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին նման անմարդկային գործողություններով», — ասել է Իրանի նախագահը:

Տեղի ունեցածը, ակնհայտորեն, բարձրացնում է էսկալացիայի մակարդակն ամբողջ տարածաշրջանում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Մինչ այս թիրախները հայտնի էին՝ զենքի-զինամթերքի բազաներ, հիմա, փորձագետը նկատում է, որ Իսրայել-Իրան անուղղակի հակամարտությունը նոր  մակարդակի է հասնում։   

«Սա նոր մակարդակ է, և դժվար թե Իրանը թողնի անպատասխան։ Հիմա պետք է սպասել, թե ինչպիսի պատասխան կլինի Իրանի կողմից։ Այո, հիմա տարբեր հայտարարություններ են հնչում՝ սկսած նրանից, որ հիմա Իսրայելի բոլոր դեսպանատները,  դիվանագիտական կենտրոններն ամբողջ աշխարհում Իրանի համար դարձան լեգիտիմ թիրախ, վերջացրած նրանով, որ Իրանի խորհրդարանի որոշ անդամներ կոչ են անում թիրախավորել Իսրայելի դեսպանատունը Բաքվում»։

Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ արագ կոշտ արձագանք տեղի չի ունենա, և Իրանը կփորձի դեռ պատասխանել անուղղակի, այդ թվում նաև իր պրոքսիների միջոցով՝ հենց Իսրայելին իր տարածքում հարվածելով։ Դա, սակայն, չի նշանակում, որ Իրանն ուղղակիորեն է ներքաշվում հակամարտության մեջ։ Այսինքն, Մելքոնյանի կարծիքով, Իրանը պատասխան կտա, բայց չի բարձրացնի էսկալացիայի մակարդակը՝ հենց ուղղակի իր կողմից Իսրայելին հարված հասցնելով։      

«Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի անուղղակի, որպեսզի պահի բալանսը, որովհետև Իրանի համար գերկարևոր է, որ ինքը ուղղակի չներքաշվի այս պատերազմի մեջ։ Իրանին փորձել են բազմիցս ներգրավել, որ նա ուղղակի պատերազմական իրավիճակում լիներ, բայց Իրանը կարողացավ անցած 6 ամսվա ընթացքում թույլ չտալ դա»։      

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումից հետո Թեհրանը «կարևոր ուղերձ» է փոխանցել ԱՄՆ-ին՝ այս մասին իր հերթին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը՝ չբացահայտելով ուղերձի բովանդակությունը։

Փորձագետները նկատում են, որ դիվանագիտական մակարդակում հնչող նման հայտարարությունները ոչ միայն ռազմական ու անվտանգային հարցերի հետ են կապված։ Արևելագետ Սերգեյ Մելքոնյանն, օրինակ, հիշեցնում է՝ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրահամ Բելիի՝ օրերս Հարավային Կովկաս այցի ժամանակ արած պաշտոնական հայտարարությունը.

«Պաշտոնական հայտարարեց, որ՝ «այո՛, մենք եկել ենք տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որպեսզի զսպենք Իրանին։ Հայտարարում էր ամեն երկրի տարածքից, թե որ պաշտոնյաների հետ էր հանդիպել, որպեսզի՝ «այո՛, գործեն Իրանի դեմ»։ Սա պաշտոնական հայտարարություն է»։

Ըստ փորձագետի՝ հենց դա նկատի ունի Աբդոհլայանը, որ ԱՄՆ-ն Իրանի սահմանի մոտ, հարևան պետությունների տարածքում  Իրանի դեմ ուղղված աշխատանք է ծավալում, ինչը, բնականաբար, որևէ դրական գնահատական չի ստանալու Իրանի կողմից։

Նշենք նաև, որ X-ում արված գրառման մեջ Իրանի արտգործնախարար Աբդոլլահեանը հայտնել է, որ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան պաշտոնյան, որը միջնորդ է հանդիսանում Իրանում ԱՄՆ շահերի համար, արտաքին գործերի նախարարություն է կանչվել, «ընդգծվել է ամերիկյան կառավարության պատասխանատվությունն այս հարցում»։

«Հանդիպմանը կարևոր ուղերձ է հղվել ամերիկյան կառավարությանը՝ որպես սիոնիստական ռեժիմի աջակից: Ամերիկան պետք է պատասխանատվության ենթարկվի»,-շեշտել է Իրանի գլխավոր դիվանագետը։    

Դամասկոսում Իսրայելի հարձակումներն Աբդոլահյանը որակել է միջազգային բոլոր պարտավորությունների և կոնվենցիաների խախտում՝ անհրաժեշտ համարելով «միջազգային հանրության կոշտ արձագանքը նման հանցավոր գործողություններին»։

Al Arabiya հեռուստաալիքը նկատել է, որ վերջին տարիներին Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին հաճախակի ավիահարվածներ հասցնող Իսրայելը սովորության համաձայն պահպանել է լռությունը՝ զերծ մնալով հրապարակային մեկնաբանություններից, ինչպես դա սովորաբար անում է Սիրիայում իր գործողությունների դեպքում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ մասին նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ Այդ փաստաթուղթը կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա: Մի հատված մեջբերենք տեքստից.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերապահում է իր օրինական, անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում՝ վճռական պատասխան տալու նման դատապարտելի արարքին»։  

Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն» դատապարտել Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա և միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Իրանցի դիվանագետների կարծիքով՝ Անվտանգության խորհրդի միջոցառումները պետք է ուղղված լինեն այս հանցագործության մեղավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկելուն։

ՌԴ-ն արտաքին հետախուզությունն է Իսրայելի քայլը գնահատել որպես ահաբեկչություն։ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը՝ ընդգծելով, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա ցանկացած հարձակում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, անընդունելի է։

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram –ում, Մոսկվան խնդրել է Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել հարձակման վերաբերյալ։ Այն նախատեսված է ապրիլի 2-ին ժամը 15-ին (Երևանի ժամանակով 23-ին): Փորձագետները, սակայն, այս նիստից որևէ ակնկալիք չունեն։

Արևելագետ-իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը համոզված է, որ որևէ բանաձև չի քննարկվելու։ 

«Կարող է ինչ-որ դատապարտող հայտարարություններ լինեն, բայց ընդհանուր հայտարարություն նույնիսկ, դժվար թե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունի։ Դրա համար որևէ լուրջ ակնկալիք չունեմ այդ առումով»։

Հիշեցնենք նաև՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման մասին՝ սիրիական լրատվամիջոցները նախօրեին են հայտնել։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդեց յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի, Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի և հինգ սպայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով զոհվելու մասին:

Back to top button