ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հունվարի 1-ից շինթույլտվության երկարացման տուրքերը մի քանի անգամ բարձրացվել են

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ՀՀ կառավարության հեղինակած «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցումն է։ Ազգային ժողովը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է այս տարվա փետրվարին։ Նախաձեռնությամբ առաջարկվում է նոր իրավասություններ սահմանել բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների և մարզպետների աշխատակազմերի համար: Գործադիրը նաև բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի փոխանցման պահանջ է սահմանում:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը շարունակվում է։ Նախագիծը, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ սահմանել, ԱԺ ընդունել է առաջին ընթերցմամբ։ Առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային փոփոխություններ նախագծում չեն կատարվել։ Ըստ այդմ՝ օրինագծով սահմանվում են նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենք կառուցողի պարտականությունները։

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը։

«Կառուցապատողները շենքերը հանձնելուց հետո պետք է կառավարման մարմնին հանձնեն բոլոր նախագծային փաստաթղթերը՝ հետագայում դրանց վարման իմաստով։ Պետք է ձևավորեն կառավարման մարմին։  Բոլոր այն դեպքերում, երբ կառուցապատողն օտարում է գույքը, ձեռքբերողը բնակարանի կամ բնակմակերեսի նկատմամբ իրավունք ձեռքբերելուց բացի, իրավունք է ստանում նաև բաժնեմասի չափով։ Եթե, օրինակ, կառուցապատողը վերցնում է շինթույլտվություն 8 հարկանի շենք կառուցելու, բայց հետո որոշում է, որ ևս  երեք հարկ պետք է ավելացնի, պետք է բոլորի համաձայնությունն ունենա, նոր դիմի շինթույլտվության ևս երեք հարկ ավելացնելու համար»։

Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսվում։ Նախագծում ոչ մի նորություն ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանի համար չկա։  Այն, ինչ օրինագծով է առաջարկվում, գործող կարգավորմամբ էլ կատարվում է։ Ըստ նրա՝ նորությունը պետք է լիներ իրավունքների և  պարտականությունների հստակ բաշխումը, ինչը չկա։ Ուստի պատգամավորն առհասարակ չի հասկանում նախագծի քննարկման ու քվեարկության իմաստը։

«Այն, ինչ ասեցիք նախագծով, կառուցապատողը պարտավոր է տրամադրել՝ իբրև կողմ։ Դա իր պարտականությունն է, ոնց կարող է չնրեկայացնել։ Իսկ պարտականությունների չկատարման մասով չկա նորմ, թե ինչ է նախատեսվում, եթե նա ժամկետներում չի տեղավորվում։ Եվ վերջապես՝ այո, կան տարածքներ, որոնք օտարման ենթակա չեն։ այսինքն՝ դուք նոր բան չեք ներկայացնում, նոր հեծանիվ չեք հայտնագործել»։

Ի պատասխան՝ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ այդ պարտականություններին և իրավունքներին կանդրադառնան ավելի ուշ։ 

Օրենքը կարգավորում է բազմաբնակարան շենքերում կառավարման առանձնահատկությունները, բաժնային  գույքի հետ կապված հարաբերությունները՝ հստակեցրեց Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

«Օրինակ, շատ հաճախ շենքի տանիքը կառուցապատողները առանձնացնում են որպես առաձին շինություն և օտարում են այլ սեփականատերերի, ինչը անհնար է դարձնում շենքի լիարժեք սպասարկումը։ Օրենքով ասում ենք, որ այդ հատվածները ընդհանրապես չեն կարող օտարվել որևէ փուլում, որովհետև դրանք շենքի ընդհանուր սպասարկման համար են նախատեսված, իսկ այն հատվածները, որոնք կարող են առանձնացվել և օտարվել, բացառապես  տվյալ շենքում բնակարաններ ունեցող անձանց համաձայնությամբ»։

 Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դրական է  վերաբերվում նախագծին, դերերի հստակեցմանը, բայց նաև արձագանագրում է, որ նորակառույց շենքերի մասով հիմնականում ուշացումներ են լինում, ինչը ոչ պակաս մտահոգիչ է։

«–Ինչ կարգավորում մենք կարող ենք մտցնել, ինչ եք առաջարկում, մտածենք, որովհետև, ի վերջո, տուժողը մեր քաղաքացին է լինելու։

Դավիթ Գրիգորյան

–Շատ երկար քննարկվել է այդ հարցը, որ ունենք մի շարք շինհրապարակներ, որոնք տարիենր շարունակ չեն ավարտվում։ Դեռևս նախորդ տարի մի շարք օրենսդրական փոփոխություններ արվեցին, որով բարձրացվեցին շինթույլտվության երկարացման տուրքերը՝ անգամներով։ Այդ կարգավորումն այս տարվա հունվարի մեկից արդեն ուժի մեջ է մտել, և հուսով ենք, որ կառուցապատողներն ավելի արագ կիրականացնեն իրենց քաղաքաշինական ծրագրերը՝ խուսափելով նման բարձր տուքերից։

Արձագանքելով քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի դիտարկմանը, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ տուրքերը բարձրացնելուց առաջ նախ պետք է պարզել շինարարության դադարի պատճառները։ Չբացառելով, որ գուցե  կառուցապատողի մոտ գումարն է վերջացել,  Բագրատյանը նկատեց, որ նրանց տուգանելով, նորից քաղաքացիներին են վնասում, անհարմարություններ ստեղծում։ Առաջարկում է ժամանակ առ ժամանակ հետևել շինարարության ընթացքին, հասկանալ խոցելի կողմերը, որպեսզի քաղաքացիներն էլ տհաճ անակնկալների չբախվեն։

Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ 

Կարդացեք նաև

Back to top button