
Հայաստանն իր սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքներ է իրականացնում և դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։ Այդ աշխատանքները բացառապես պաշտպանական բնույթ ունեն և միտված են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն՝ հստակեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան Բաքվից հնչող մեղադրանքների։ ՀՀ ՊՆ միաժամանակ տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակում Կութի և Տեղի ուղղությամբ։ Փորձագետները վերջին օրերին տարածվող ադրբեջանական ապատեղեկատվությունը պայմանավորում են մի քանի օրից Բրյուսելում սպասվող հանդիպումով։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը համոզված է, որ ադրբեջանական կողմից վերջին օրերին ակտիվացած հայտարարությունները, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ ունի ձախողելու ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպումը և էսկալացիա առաջացնելու ու դրա ողջ պատասխանատվությունը դնելու հայկական կողմի վրա։
«Եթե մինչև մեկ ամիս առաջ Բաքվի բռնապետի հայտարարությունները ծավալապաշտական էին, ապա արդեն մոտ մեկ ամիս է Բաքվի բռնապետը փոխել է հռետորաբանությունը և խաղի կանոնները։ Դիվանագիտական խողովակներով, բարձրաստիճան պաշտոնյաների բերանով հայտարարում են, որ իրենք մոտ են պատմական «Խաղաղության պայմանագրին» Հայաստանի հետ հարաբերություններում և սրա հասցեատերը ոչ թե ՀՀ է, այլ միջազգային կառույցները։ Այսպիսով՝ ուզում են ցույց տալ, որ իրենք հակված են խաղաղության։ Սակայն մյուս կողմից հայտարարում են, թե իբր հայկական կողմը տեղաշարժեր է իրականացնում սահմանին, պատրաստվում է ռազմական էսկալացիայի»։
Լավագույն պաշտպանությունը հարձակումն է տրամաբանությամբ Բաքուն, կոծկելով սեփական կրակոցները, շտապում է մեղադրել հայկական կողմին սահմանագոտում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ։ Նմանատիպ հաղորդագրությունները վերջին երկու օրում բավականին շատ են, նման պատկեր վերջին ամիսներին չկար, հիշեցնում է փորձագետը։
Սակայն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, որ պարեկություն է իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, փաստում է՝ ԵՄ դիտորդները ռազմական արտառոց տեղաշարժեր չեն նկատել։
«ԵՄ դիտորդական առաքելության դիտարումը, որ չեն արձանագրել որևէ տեղաշարժ, կարծես սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար։ Ադրբեջանական կողմը հակված է, որ խաղաղության մասին խոսակցություններն ի չիք դառնան առնվազն 1-2 տարվա ընթացքում։ Նպատակը՝ շանտաժի միջոցով ՀՀ ստիպել գնալու միակողմանի զիջումների»։
Ապատեղեկատվություն տարածելով Բաքուն նաև փորձում է կոծկել սեփական կրակոցները։ ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին ժամը 22-ին Գեղարքունիքի մարզի Կութի, իսկ ապրիլի 2-ին ժամը 00:40-ին Սյունիքի մարզի Տեղի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ Բաքվի մտահոգությունն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումն է, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը արդեն երկրորդ անգամ հայտարարում է, որ էսկալացիան հայ–ադրբեջանական սահմանին ձեռնտու չէ ոչ մեկին։
«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել զերծ մնալ սրվող հռետորաբանությունից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից: Խրախուսում ենք տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցություններն են»։
Միլլերը ևս մեկ անգամ շեշտել է, որ ապրիլի 5-ի հանդիպմանը ԱՄՆ-ՀՀ-ԵՄ միջև քննարկվելու են Հայաստանի տնտեսական դիմակայունությանը վերաբերող հարցեր, իսկ խաղաղության գործընթացի թեման ներառված չէ հանդիպման օրակարգում։
Իսկ ու՞մ է զգուշացնում ԱՄՆ, որ հնչող հռետորաբանությունը կարող է բերել ռազմական գործողությունների, Տելեգրամում անդրադառնալով Միլլերի հայտարարությանը, գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, հստակեցնելով, որ առանց այդ զգուշացման էլ պարզ է, որ ագրեսիվ հռետորաբանությունը կարող է դառնալ ռազմական գործողության նախաբան:
«Արդյո՞ք ԱՄՆ զգուշացնում է Հայաստանին: Որովհետև տարօրինակ կլինի Ադրբեջանին զգուշացնել, որ հնչող հռետորաբանությունը կարող է բերել ռազմական գործողության: Տարօրինակ կլինի, որովհետև Ադրբեջանը հենց դրան էլ ձգտում է՝ ստեղծել ռազմական գործողության առիթ»:
Եթե զգուշացումն ըստ վերլուծաբանի Հայաստանին է ուղղված, ապա Հայաստանն ըստ նրա, դրանից խուսափելու համար կարծես անում է հնարավորը, որ խուսափի բախումներից:
Իսկ գուցե զգուշացումը Ռուսաստանին կամ Իրանին է ուղղված, որոնք չափազանց զգայուն են Կովկասի նոր ապակայունացման հարցում, հարցնում է վերլուծաբանը:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մեծ է համարում տեղային բախումների ռիսկը։
«Մեծ հաշվով մեծ է ռազմական գործողություններ սկսելու, կամ լոկալ բախումների վտանգը, և այս վտանգը չեզոքացնելու համար պետք է կարողանանք աշխատել միջազգային կառույցների հետ։ Ադրբեջանը միակողմանի զիջումներ է ուզում Հայաստանից, և այս փուլում ես ռազմական գործողությունների վտանգը շատ ավելի մեծ ու բարձր եմ գնահատում, և հնարավոր է, որ այո, որոշակի հատվածներում տեղի ունենան լոկալ բախումներ»։




