ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանում ամենաշատն ապաստան են խնդրում ուկրաինացիները, Հնդկաստանի քաղաքացիները նման խնդրանքով չեն դիմում

Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամի աշխատավարձի գործակիցները վերանայել ու համամասնորեն բարձրացնել։ Հարցը քննարկվել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը նշում է, որ նախագծով առաջարկվում է հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցներին համապատասխան: Օրակարգի մեկ այլ հարցով քննարկվել է ՀՀ–ում ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը ՀԿ-ների կողմից վերահսկելու հարցը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք, ըստ ներկայացված նախագծի, հնարավոր է՝ 600–866 հազար դրամ աշխատավարձ ստանան։ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ԱԺ Պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նշեց, որ առաջարկվում է հավասարեցնել այդ պաշտոնյաների հիմնական աշխատավարձերը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է, որ ԿԸՀ և ՀՌՀ նախագահների աշխատավարձերը կավելանան 14 գործակցով, իսկ ԿԸՀ և ՀՌՀ անդամներինը` 10 գործակցով»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ իսկ ինչո՞ւ պետք է հավասարեցնել այդ պաշտոնյաների հիմնական աշխատավարձերը։

«Եվ հատաքրքիր է՝ ինչ դրական, ոգևորիչ աշխատանք են կատարել այս ընթացքում, որ աշխատավարձերը բարձրացնում ենք։ Եվ 38 մլն դրամը լրացուցիչ բե՞ռ չէ բյուջեի համար»։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով սահմանված նրանց պարտականություններից և լիազորություններից մի քանիսը կարող եմ նշել՝ ԶԼՄ-ների մոնիթորինգ, լիցենզիաների կանոնակարգում և այլն։ Ինչ վերաբերում է բյուջեի բեռին, ես այն կարծքին եմ, որ բյուջեն անիմաստ ծանրաբեռնել չի կարելի, բայց այս պարագայում մենք գործ ունենք ոչ թե ծանրաբեռնվածության, այլ օրենքի սկզբունքների և վարձատրության համակարգում արդարացիության պահպանման հետ»։

Ինչպիսի՞ն է անկախ մարմինների վարձատրության սկզբունքը, ո՞ր կոլեգիալ մարմինն է ամենաբարձրը վարձատրվում, և արդյո՞ք կան վարձատրության անհամապատասխանություններ գործող մարմիններում՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցն էր։

«Մենք ունենք 6 անկախ պետական մարմին, որոնցից վարձատրության ամենաբարձր գործակիցը ԲԴԽ նախագահինն ու անդամինն է։ Այս մարմիններից միայն ՀՌՀ-ն էր, որ վարձատրվում էր հին կարգավորումներով։ Հիմա կառավարություն առաջարկում է անդրադառնալ նաև նրանց գործակիցներին՝ համադրելով համանման ԿԸՀ նախագաի և անդամների գործակիցների հետ»։

Օրակարգի մյուս հարցով հանձնաժողովում քննարկվել է ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը,  որով կառավարությունն առաջարկում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկելու Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նման վերահսկողությունը հնարավորություն կտա վեր հանելու այդ կենտրոնում առկա խնդիրները և ավելի արդյունավետ կազմակերպելու այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանությունը:

«Միգրացիայի և քաղաքացիական ծառայության տիրույթում ներկայումս գործող կիսափակ հաստատությունը ապաստարան հայցողների հատուկ կացարանն է, որտեղ և բնակվում են մեր երկրից պաշտպանություն հայցած օտարերկրացիները։ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերը կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը»։

2020-2023 թվականներին Հայաստանի Հանրապետությունից ապաստան է խնդրել շուրջ 2300 օտարերկրացի։ Կտրուկ աճը գրանցվել է 2022 թվականին՝ պայմանավորված ռուս–ուկրաինական պատերազմով։

«2020թ. ապաստան խնդրողների թիվը կազմել է 206, 2021-ին՝ 260, իսկ 2022թ.՝ 968։ 2023թ. միտումը պահպանվել է։ Այնուամենայնիվ, կա որոշակի նվազում։ Մինչև 2022թ. առաջին տեղերը սովորաբար զբաղեցրել են Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները՝ Սիրիա, Իրաք և Եգիպտոս։ 2022-2023 թթ. առաջին տեղ են դուրս եկել Ուկրաինայի քաղաքացիները, երկրորդ և երրորդ տեղերում նորից Սիրիայի և Իրաքի քաղաքացիներն են եղել»։

Ինչ վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիներին, ապա, ինչպես նշեց ՆԳՆ ներկայացուցիչը, նրանք ապաստան ստանալու խնդրանք անցած տարի չեն ներկայացրել։ Իսկ նախորդ տարիներին եղել է մեկ-երկու նման դեպք։ Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանը դրական գնահատեց նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը: Հանձնաժողովը երկու նախագծերին էլ դրական եզրակացություն է տվել:

Back to top button