
Ադրբեջանի իշխանություններն ի սկզբանե նպատակ ունեին ամբողջովին հայաթափել Արցախը, այնպես անել, որ մարդիկ ստիպված լինեն հեռանալ իրենց հազարամյա բնակավայրից։ Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսրանում պանելային քննարկման ժամանակ ասել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հավաքված և ուսումնասիրված փաստերը։
Ադրբեջանի հակահայ քաղաքականության նույն հետևողական ձեռագիրն է տեսնում նաև Հայաստանի նկատմամբ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա կարծում է, որ այդ քաղաքականությանը զիջողական օրակարգ հակադրելը նոր ողբերգությունների է բերելու։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, մինչդեռ, նկատում է, որ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանը դեռ պետք է կարողանա դուրս գալ այն ամենի տակից, ինչ արել ու անում է։
2020-ի պատերազմից հետո Արցախի չորս խոշոր բնակավայրեր մնացին հայկական՝ հիշեցնում է Արման Թաթոյանը։ Բաքուն Արցախի շրջափակումը սկսեց 2022 թվականի դեկտեմբերին, երբ կեղծ բնապահպան ակտիվիստները փակեցին կյանքի միակ ճանապարհը։ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի նպատակն էլ ի սկզբանե եղել է հենց Արցախի ամբողջական հայաթափումը։
«Հյուսիսային հատվածից, կամ Մարտակերտից կսկսեմ ցույց տալ իրական ադրբեջանական մտադրությունները»։

Իսկ ադրբեջանական մտադրությունները շատ պարզ են, ու դրանց մասին, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանի վստահեցմամբ, բարձր աստիճանի հավաստիություն ունեցող փաստերն են վկայում։ Փաստերից մեկն էլ ՄԻԵԴ-ում գերիների խնդիրները բարձրաձայնող փաստաբան Սիրանուշ Սահակյանն է մատնանշում՝ արձանագրելով 20-23 թվականներին նկատած մի միտում.
«Ադրբեջանական քաղաքականությունը միտված էր գերեվարման դեպքերի ավելացմանը։ Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում հայրենադարձնել իր մոտ պահվող գերեվարվածներին, նպատակային գործողությունների արդյունքում նոր գերիներ է ձեռք բերում։ Հասկանալի է, որ դա պետք է ունենար նպատակ։ Հստակ է՝ զգայուն հարցը սկսվեց շահարկվել քաղաքական նպատակներով»։
Բացարձակ սուտ են Ադրբեջանի պնդումները, որ Արցախում էթնիկ զտումներ չեն իրականացրել, անգամ համոզել են մարդկանց, որ մնան իրենց տներում, շեշտում է Թաթոյանը։Տեսանյութեր, քարտեզներ ցուցադրելով նա փաստում է՝ եղել են քաղաքացիների միտումնավոր սպանություններ, դիտավորյալ գնդակոծվել են բնակելի շենքեր, ակնհայտ նպատակ ունենալով սպանել տներում մնացած մարդկանց։

Համադրելով փաստերը, Արման Թաթոյանը համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքականությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ նույնական է.
«Արցախի դեպքում այն ավելի ցուցադրական էր, բայց ընդհանուր առմամբ՝ նույնական։ Տեռոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ջրային աղբյուրների մեկուսացում։ Հիմա ՀՀ-ում՝ Վայոց ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում նույն բանն է կատարվում, խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը»։
Եզրափակելով՝ Թաթոյանը ցուցադրեց հակառակորդի կողմից շրջապատված Ներքին Հանդ գյուղում տիրող իրավիճակի տեսագրությունը, որտեղ փետրվարին Ադրբեջանը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ սպանելով չորս զինծառայողի։
Այնտեղ օկուպաղված է գերեզմանատունը, մարդիկ չեն կարող այցելել հարազատների շիրիմներին, մշակել այգիները, դաշտերը։ 2700 հեկտարը գրավված է, ևս 1000 հեկտարը վտանգավոր է ադրբեջանական դիրքերի մոտ լինելու պատճառով, թվարկեց Թաթոյանը։ Նա շեշտեց, որ սահմանային հարցերը չպետք է առանձնացվեն մարդուց. եթե խաթարվում է մարդու կյանքը՝ անընդունելի են այդ սահմանազատումները և դա ամրագրված է միջազգային բոլոր նորմերով։ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նույն հետևողական ձեռագիրն է տեսնում նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Համակարգային, ցեղասպանական քաղաքականություն է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ, որին հակադրել զիջողական և պարտվողական օրակարգը, իմ կարծիքով, մեզ բերելու է նոր ողբերգությունների։ Սա պետք է ինչ-որ առումով յուրաքանչյուրիս համար սթափության և իրավիճակին շատ ավելի լուրջ վերաբերվելու ուղերձը հղի, որ, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում հասարակությունն է՛լ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի այս հարցերին»։
Հայ ինքնությունն է թիրախում՝ վստահ է Գեղամ Ստոփանյանը։ Նա պատահական չի համարում, որ լրջագույն խնդիրներից մեկը Արցախում Ադրբեջանի սկսած հայկական հետքերի վերացումն է, իսկ Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարցում Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, և իրավիճակը հնարավոր է վերահսկել միայն արբանյակի միջոցով։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, սակայն, Ադրբեջանը դեռ պետք է կարողանա դուրս գալ այն ամենի տակից, ինչ արեց ու անում է։ Նրա ձևակերպմամբ՝ այս չափազանց լավատեսական հայտարարությունը իրավական տեսանկյունից հիմնավոր է։

Ադրբեջանին դեռ սպասվում են վճիռների կատարումներ. ԵԽԽՎ-ի վերջին բանաձևն է հիշեցնում Ղազարյանը, որի երրորդ կետը արցախցիների վերադարձի իրավունքին է վերաբերում, որպես զգուշացում՝ ԵԽ ադրբեջանական պատվիրակությանը մեկ տարով մանդատից զրկելը.
«Ունիվերսալ իրավունքի մասին է խոսքը։ Իրավունք, որը չի ենթարկվում տարածքային իրավազորության փոփոխությանը, դա չի ենթարկվում ժամանակի փոփոխությանը։ Այսինքն՝ մենք ունենք ունիվերսալ կատեգորիաներ. պետությունները, եթե նույնիսկ օկուպացնում են և ստիպում են բնակիչներին լքել իրենց երկիրը, պետությունները դեռ պետք է պատասխան տան, պետք է դեռ կարողանան դրա տակից դուրս գալ»։
Ադրբեջանը կկարողանա արածների տակից դուրս գալ, թե ոչ՝ մեզանից է կախված. թե որքան ակտիվ մենք ամենատարբեր գործընթացներ կներկայացնենք, այդ թվում նաև՝ այսօր վերադարձի իրավունքի մասին՝ եզրափակեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։




