ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Նեդրումներն ավելանում են, բայց տեսակարար կշիռն էապես չի փոխվում

Որքան ներդրումներ են եկել Հայաստան 2023-ի ամբողջ ընթացքում, վիճակագրական կոմիտեն դեռ չի ամփոփել։ Բայց ինն ամսվա տվյալները ամփոփված են։ Հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար։ Երկրներից առաջատարը Ռուսաստանն է, բայց ընդհանուր առմամբ այս երկրից եկող ներդրումները նվազել են։

Ռուսաստան, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Արգենտինա,Արաբական Միացյալ էմիրություններ, Վրաստան, Իրան․ 2023-ի ինն ամիսներին Հայաստանում ամենաշատը այս երկրներն են ներդրումներ կատարել։ Հատկանշանական է, որ ՌԴ-ից ներրդումները նվազել են, բայց միևնույնն է Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաշատը ներդրումներ կատարած երկիրը։ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ՌԴ-ից եկող ներդրումների նվազումը միանշանակ պայմանավորված է ներքին խնդիրներով, ռուս-ուկրաինական պատերազմով։

«Բավականին մեծացել են տարողունակ ոլորտները, ռազմական գործողությունները նոր տարողունակ ոլորտներ են բացել թեկուզ և ՌԴ ներսում։ Հնարավորությունները շատ մեծ չեն։ Բացի այդ, ռուսական կապիտալը Հայաստանում հիմնականում օգտագործվում էր հանքարդյունաբերության մեջ (իհարկե այլ ոլորտներ էլ կան՝ էներգետիկա), ոլորտը մեծ չափով օտարերկրյա կապիտալ կլանող ոլորտ է, բայց վերջին տարիներին հանքարդյունաբերության ուղղությամբ վերջին տարիներին հետաքրքրությունը որոշակիորեն նվազել է։ Հանքրադյունաբերությունը ենթադրում է որոշակի հաղորդակցություն, քանի որ Հայաստան չի վերամշակվում, այլ հանքանյութն է արտահանում»։

Երկաթուղով հանքանյութ տեղափոխելը թանկացել է։ Սա էլ է նպաստել, որ այս ոլորտում ներդրումները ՌԴ կողմից նվազեն։ Հայաստանի հարավային հարևանը՝ Իրանը առաջին տասնյակի նախավերջին տեղում է, մինչդեռ Լյուքսենբուրգը երկրորդն է, ԱՄԷ-ն 7-րդ հորիզոնականում է։ Ինչով է Հայաստանը գրավում այս երկրներին․

«ԱՄԷ արևային ոլորտում ներդրում կատարելով՝ առաջ է եկել։ Ընդամենը մեկ ոլորտում ներդրում անելով՝ առաջ է եկել։ Հայաստանում ներդրումային դաշտը այնքան ոչ բարվոք վիճակում է , որ որևէ խոշոր կազմակերպության կողմից իրականացվող ներդրումը արդեն նրա ազդեցությունը նկատելի է դարձնում ամբողջի համատեքստում»։

2021-ի հուլիսին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող Էյր Արաբիան հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին հայտարարեցին: Ըստ համաձայնագրի՝ ստեղծվում էր անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Մոտ մեկ ամիս առաջ պարզվեց, որ արաբական ընկերությւոնը դադարեցնում է թռիքչները։

Վարչապետն էլ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց․ «Ստիպված են խոստովանել, որ ծրագիրը ձախողվել է»։

Հետո իհարկե, բացատրեց՝ կորոնավիրուսի շրջանն էր, հաղորդակցության ուղիները փակ էին։ Այս ընկերությունն էլ խոշոր ներդրող էր։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը նշում է․

«Կարծում եմ, որ դա ներդրումների փոխադարձ հոսքերի վրա չի անդրադառնա, բայց որպես ազգային ավիափոխադրող կունենան բացասական ազդեցություն»։

Հայաստանում անցած տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար։

Էկոնոմիկայի նախարարն ընդգծում է․ «2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 278 մլն դոլար, նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար» ։

2022թ ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 451․5 մլն դոլար։ ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 364 մլն դոլար, գլխավորապես ՌԴ-ից են այդ ներդրումները։ Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 417 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ ներդրումների ոլորտում հետաքրքիր փոփոխություններ կան՝ արձանագրում է տնտեսագետ Սոս Խաչիկյանը․

«Այստեղ առանձնահատկություններ կան՝ երկրների մասով, ներդրումներ կլանող երկրների մասով։ Եթե ներդրումների ծավալի մասով փոփոխությունները մեծ չեն, կառուցվածքի մասով դրանք նկատելի են։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ ՌԴ առաջանցիկ դերը նվազել է, ոչ թե ԵՄ այլ երկրների տեսակարար կշիռն է մեծացել, այլ ԱՄԷի կշիռը, սա ես ցանկանում եմ շեշտել որպես առանձնահատկություն»։

Իրանի հետ տնտեսական հարաբերությւոններն ընդհանուր առմամբ վատ չեն, բայց Իրանը անգամ առաջին հնգյակում չկա։ Ինչու՞, ի՞նչն է խանգարում, որ Իրանն ավելի շատ նեդրումներ անի Հայաստանում ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանի խոսքով՝ երկու երկրների վճարահաշվարկային համակարգերն են տարբեր, խնդիրը միայն տարանցման հնարավաորութունը չէ , այլ փոխադարձ վճարելու հնարավորությունները․

 «ՀՀ-ի ու ԻԻՀ-ի բանկային համակարգերը գործում են էականորեն տարբեր մեխանիզմներով։ Կարծում եմ, որ խոշոր ֆինանսական հոսքերի պարագայում այս տարբերությունները խնդիրներ են առաջացնում»։

Հետաքրքրություն ներկայացնող ու ներդրումներ ակնկալող ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում ակնկալիքները չեն բավարարվում։ Իհարկե, ներդրումների ավելացում կա, բայց ոչ սպասվածի չափով։ Անհրաժշետ են նաև կապիտալ կլանող ենթակառուցվածքներ՝ եզրափակում է տնտեսագետը։ Խաչիկյանը և՛ ոլորտների, և՛ ներդրող երկրների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտոթյունն է կարևորում։

Back to top button