ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կենսաթոշակի 10% հետվճար ստացող քաղաքացիների թիվն ավելացել է 160%-ով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային Ժողովի ոլորտային հանձնաժողովում ամփոփել է 2023թ նախարարության իրականացված ծրագրերն ու արդյունքները: Նախարարը հատկապես առանձնացրել է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու ծնելիության խթանմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կենսաթաշակների վճարման փոփոխությունները։ Նա ընդգծել է, որ անցած տարի կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների թիվը անցել է 515 հազարը:

Վերջին տարիներին էականորեն փոխվել է Հայաստանում ծնունդների կարգաթվային կառուցվածքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն արձանագրում է՝ այս միտումը ոլորտում իրականացվող, ժողովրդագրական աճին միտված սոցիալական ծրագրերի արդյունք է: 2018թ տվյալներով ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը շուրջ 8300 էր, իսկ 2022թ այդ թիվը արդեն 12 հազարի է հասել:

«2022թ հունվարի 1-ից գործող` ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության շրջանակում միջին ամսական կտրվածքով աջակցություն է վճարվել ավելի քան 16 հազար երեխայի: Այս աջակցության գծով ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 10.4 միլիարդ դրամ»,– մանրամասնում է նախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ԱԺ ոլորտային հանձնաժողովում 2023թ նախարարության գերծունեությունն ամփոփելիս  շեշտում է՝ վերանայվել ու լավարկվել են սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, վերանայվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգը։ Այսուհետ չաշխատող քաղաքաբնակ մայրերը ևս ստանում են խնամքի նպաստ: 2023թ նախարարությունը շարունակել է իրականացնել նաև բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը։ Անցած տարի այդ ծրագրով աջակցություն է ստացել 3600 շահառու:

«Պետք է առանձնացնել սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագիրը, որի շրջանակում 16 միլիոն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքացիություն և գրանցված ամուսնություն ունեցող զույգերին սահմանամերձ գյուղական բնակավայրերում հիպոտեկով սեփական տուն կառուցելու համար: 2023թ մենք ունեցել ենք այս ծրագրի 280 շահառու, բայց դիմելիությունը մեծացել է և հիմա ավելի քան 670 հաստատված ծրագրեր ունենք»:

2023 հուլիսի 1-ից ավելացվել է նվազագույն կենսաթոշակը՝ 31600 դրամի փոխարեն այն այժմ 36000 դրամ է։ Ավելացել է նաև զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1750 դրամ՝ 1600–ի փոխարեն: Վերանայվել է նաև առաջին խմբի կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը՝ դառնալով 50600դրամ՝ 46 հազարի փոխարեն: Նարեկ Մկրտչյանն արձանագրում է՝ անցած տարին արդյունավետ է եղել նաև կենսաթոշակի և նպաստների անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելու և անկանխիկ առևտրից 10 տոկոս հետվճար ստանալու հնարավորության տեսանկյունից:

«Երբ մենք սկսում էինք այս ծրագիրը, շահառուների թիվը ընդամենը 16903 էր, իսկ 2023թ դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ թիվն աճել է շուրջ 160 տոկոսով՝ հասնելով 173․827-ի: Իսկ երբ տարվա վերջին մենք որոշում կայացրինք, որ պետք է բանկերի փոխարեն հետվճարի 10 տոկոսը տրամադրի կառավարությունը, արդեն տեսել ենք թվերի էական աճ։ Այսինքն, արդեն անկախ այն հանգամանքից, թե որ բանկի քարտապան են մեր կենսաթոշակառուները, անկանխիկ վճարումների դեպքում կարող են ստանալ 10 տոկոս հետվճարը»,– ասում է Նարեկ Մկրտչյանը:  

Ընդհանուր առմամբ 2023թ վճարվել է 5.2 միլիարդ դրամ հետվճար, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը հասել է 6.97 միլիարդի։ Կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ ստացողների թիվը գերազանցում է 515 հազարը: Նախարարը շեշտում է՝ այս ծրագիրը անպայման կշարունակվի նաև 2024թ-ին: Ընթացիկ տարվա աշնանը կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգը: Մկրտչյանը նկատում է՝ իրականացվող միջոցառումների ու ծրագրերի արդյունքում նվազել է աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշը:

«Աղքատությունը 2021թ համեմատությամբ նվազել է՝ 26.5 տոկոսից դառնալով 24.8, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.5 տոկոսից դառնալով 1.2 տոկոս: Ծայրահեղ աղքատության վերացման նպատակով շարունակել ենք ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրումը»:

2023թ հունվարի 1-ից  նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 10.3 տոկոսով՝ 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ, ինչի արդյունքում պետական հատվածում աշխատողների գրեթե 29 տոկոսի և մասնավոր սեկտորում աշխատողների 31 տոկոսի աշխատանքի վարձատրությունը ավելացել է:

Back to top button