ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի մինչև տարեվերջ․ ընդլայնվել է շահառուների ցանկը

Աջակցության ծրագրերը կշարունակվեն, նորերն էլ շուտով կառաջարկվեն։ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի հարցն է այսօր քննարկվել գործադիրի նիստում։ Կոմունալ վճարների համար տրվող 40 +10 հազար դրամների ծրագիրը կգործի մինչև տարեվերջ։ Ընդլայնվել է շահառուների ցանկը։ Աջակցության ծրագրի դիմումները կընդունվեն ապրիլի 15–ից։ Ծրագրի շահառուներն այլևս նոր դիմում ներկայացնելու կարիք չունեն։ Ապրիլին վերջնական տեսքով կներկայացվի նաև բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը։

Արցախից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ։ Կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցնում է՝ վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցություն ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Նախագծով պահպանվում են ծրագրի հիմնական պայմանները։ Փոխարենն ընդլյանվել է շահառուների շրջանակը։ Մոտ 6 հազար նոր շահառու կունենա այն․

«Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»։

Նախարարի տեղեկացմամբ՝ կուսումնասիրեն ու կդիտարկեն ծրագիրը շարունակելու նպատակահարմարությունը։ Ծրագրի շահառու չեն Արցախի առանձին շրջաններից տեղահանված այն ընտանիքները, որոնք ԲԳՎ ստանալու իրավունք ունեն։

«Նույն նախագծի շրջանակում նաև ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 100 հազար և 50 հազարների միջոցառումներում, հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ ծրագրի շահառու, եթե միգրացիոն ծառայությունից կստանան տեղահանված լինելու փաստի հաստատում»։

Ծրագիրը կգործի մինչև տեղահանվածները կարողանան իրենց խնդիրները լուծել, աշխատանք գտնել։ Կառավարությունն աջակցում է նրանց նաև աշխատանքով ապահովելու հարցում։

Վարչապետը հետևյալ դիտարկումն է անում․ «ԼՂ-ից բռնի տեղահանված 11 հազար 800-ից ավելի մարդ Հայաստանում աշխատանքի է ընդունվել։ Մենք պետք է այս պրոցեսը քաջալերենք»։

Ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու ծրագիրը 300–ից ավելի շահառու ունի։ Բռնի տեղահանված 320 ուսուցիչ է այժմ աշխատում, ծրագրից դուրս՝ 500, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ ՄՍԾ–ում որպես գործազրուկ 4387 անձ է գրանցվել։ Գործատուների մոտ ուղորդվել են 292–ը։ Արցախցիների՝ կենսաթոշակների և նպաստների համար դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է ևս երկու ամսով՝ մինչև մայիսի 11-ը։

Աջակցության ծրագրի դիմումները կընդունվեն ապրիլի 15–ից։ Ծրագրի շահառուներն այլև նոր դիմում ներկայացնելու կարիք չունեն։ Ապրիլին վերջնական տեսքով կներկայացվի նաև Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են: Խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը թե՛ երկրորդային շուկայում առաջարկի տեսանկյունից, թե՛ կառուցման մեջ գտնվող շինարարության տեսանկյունից բավական էական փոփոխություն է»:

Առաջին փուլում ոչ բոլոր ընտանիքներին հնարավորություն կտրվի  բնակարան կամ տուն գնելու առաջարկ ներկայացնել, ուստի  որոշակի փուլային հաջորդականություն կսահմանվի։ Աջակցության ծրագրերը կշարունակվեն այն ընտանքիների համար, որոնց կարիքներն առաջնահերթ չեն դիտարկվի։
 

Back to top button