ԿարևորՀասարակություն

Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակը՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական ​​սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ, հայտնում են ՀՀ ՍԱՏՄ–ից։

«Գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով, հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է:

Վերոնշյալի հիման վրա Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տարածքում տվյալ ընկերության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։

Սակայն, Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ ստուգելու համար Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար»․– ասված է հաղորդագրությունում:

Back to top button