ԿարևորՔաղաքական

Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող  գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:

«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք: Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն:

Կրկին ասում եմ՝ կամա թե ակամա, դա ուրիշ հարց է, բայց հարց է, որ պետք է նաև պատասխան ստանա: Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այս թեմայով, բայց և ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են: Ես ուզում եմ, որ այս ուղերձը հստակ լինի բոլորի համար, և սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից:

Սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում: Ուզում եմ՝ սա բոլորիս համար հասկանալի լինի: Նրանք, ովքեր այս ուղերձներով հադես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ: Կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չկա, չի եղել և չի կարող լինել ընդհանրապես: Ասենք՝ ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի ու ցուցանակը կպցնի, ասի՝ մենք այսինչի կառավարությունն ենք: Կներե՛ք, բայց կրկին  պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են, և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ Հայաստանի Հանրապետության կողմից»: 

Back to top button