
Ադրբեջանի զինդատախազությունը 18 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ 90-ականների սկզբին, իբր, Բաղանիս-Այրումում ցեղասպանություն անելու համար։ Փորձագետները նկատում են, որ պատերազմի սպառնալիքի ֆոնին այս անգամ Բաքուն փորձում է ահաբեկել տավուշցիներին։ Ըստ նրանց, եթե Տավուշի 4 գյուղերը հանձնվեն, ապա ադրբեջանցիները, ընդհուպ մոտենալով հայերի տներին, Հայաստանի ինքնիշխան տարածքից մեկ-մեկ կառևանգեն բոլոր այն մարդկանց, որոնց նախապես հանցագործ են հռչակել։ Փորձագետները նկատում են, որ այդ ցանկում կարող է լինել ցանկացած մարդ, որը 90-ականներին մասնակցել է Տավուշի պաշտպանությանը։ Բաքուն անվանացանկ չի հրապարակել, հետևաբար կարող է ձերբակալել ում ասես, ինչպես արցախյան բլոկադայի օրերին Հակարիի ապօրինի անցակետից տարան Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի զինվորական դատախազությունը 18 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Բաղանիս-Այրումում 90-ականների սկզբին, իբր, 10 ադրբեջանցու սպանելու, 400-ից ավելի բնակչի տեղահանելու համար։ Մեղադրվողների անուն-ազգանուններ Ադրբեջանի զինդատախազությունը չի նշում։ Նշվում է միայն, որ Բաքվի դատարանի որոշմամբ խափանման միջոց են ընտրել կալանավորումը, իսկ հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 18 տավուշցիների նկատմամբ հետախուզում հայտարարելու փաստին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է, որ մեկնաբանելու չկա, ապա հավելել է. «Եթե լինեն իրավական պրոցեսներ, մեր միջազգային հարցերի գրասենյակը՝ կառավարության, համապատասխան միջոցներ կձեռնարկի»։
Արձագանքելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ևս կարող է հայելային կերպով հետախուզումներ հայտարարել, նախարարը նշել է. «Կարող եմ, ուղղակի, ձեզ վստահեցնել, որ մեր իրավական բլոկը, մասնավորապես՝ այստեղ ներգրավված են հենց, բացի արտաքին գործերի նախարարությունից, միջազգային իրավական հարցերով գրասենյակը, բոլոր համաչափ իրավական պրոցեսներն իրականացնում են մեր պետության իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու համար»։
Թե ինչու՞ է հենց այս փուլում Ադրբեջանը նման քայլ նախաձեռնում, Գրիգոր Մինասյանը նշում է, որ կան ենթադրություններ, սակայն, չի ցանկանում դրանք մեկնաբանել։

Փորձագետները նկատում են, որ տարիներ առաջ և մինչ Արցախի հայաթափումը, Ադրբեջանը նման ցուցակ ևս հրապարակել էր, որտեղ քիչ թե շատ ծանոթ մարդիկ են եղել՝ ազգային հերոսներ, իրական հրամանատարներ, որոնք ազատագրել էին Արցախը։ Փորձագետները նկատում են, որ որպես Հայոց ցեղասպանության հակակշիռ, Ադրբեջանը փորձում է ցեղասպանողի խարան դաջել Հայաստանի ճակատին և դա անում է հատկապես 2020-ի արցախյան պատերազմից հետո։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը, օրինակ, հիշեցնում է, թե ինչպես երկու տարի առաջ Քարվաճառում, իբր հայերի կողմից սպանված, ադրբեջանցիների ոսկորներ գտան։
«60-ից ավել քաղաքացիական անձանց բերեցին, իբր հայտնաբերեցին գերեզմաններ, որտեղ իբր սպանվել են ադրբեջանցի քաղաքացիներ և հիմա, էսպես, փորձում են դրա «մեղավորներին» գտնեն»։
Բաքուն հայերի անուններով մի ցուցակ էլ մոտավորապես մեկ ամիս առաջ էր հրապարակել՝ Քարվաճառում իբր ադրբեջանցիների սպանելու մեղադրանքով։ Ադրբեջանագետը նկատում է, որ այդ ցուցակում անունների կողքին ծննդյան թվերն էին բացակայում, իսկ Քարվաճառում հայտնաբերված ոսկորներն էլ ակնհայտորեն 30 տարվա վաղեմության չեն եղել։
Տավուշցիները համոզված են, որ Բաքուն իր հերթական շինծու մեղադրանքով փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել հայերի վրա։ Չեն կարող կռահել, թե Բաքուն իր հերյուրանքների հետ ում անուններն է կապել՝ մտցնելով հետախուզվողների ցուցակ։ Պատերազմ է եղել, ով զենք բռնել է կարողացել, մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը։ Սա է ամենը՝ ասում են։ Հայկական Բաղանիսում էլ են զոհեր եղել՝ ասում է բաղանիսցի Գարիկը և թվարկում, թե համագյուղացիներից ով որտեղ է սպանվել։

Տավուշից տարածքներ հանձնելով Ադրբեջանի թիրախում է հայտնվելու այդ կողմով անցնող ցանկացած հայ՝ մտահոգություն է հայտնում փորձագետը։ Նա ենթադրում է, թե ինչ կլինի, եթե հանկարծ որևէ տավուշցի մոլորվի ու հայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. գերեվարվելու է ու դատարանի առաջ է կանգնելու որպես Բաղանիս-Այրումի այսպես կոչված ցեղասպանության մասնակից։
«Որոշ գյուղացիներ, այսպես, հպարտորեն նշեցին, որ իրենք մեծ լումա են ունեցել Արցախի ազատագրման հարցում՝ Տավուշից հայկական սահմանները պահելու և ազատագրումը կազմակերպելու հարցում, և դրանից հետո արդեն իսկ ցուցակ հրապարակվեց, որտեղ հստակ խոսվում էր որոշ մարդկանց կողմից «ադրբեջանի ժողովրդին ցեղասպանելու» մեղադրանք ձևակերպվեց»։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նկատում է, որ անանուն մեղադրանքները Բաքվին հնարավորություն են տալիս իրենց ձեռքն ընկած ցանկացած հայի կարգել ցեղասպան։ Ադրբեջանագետը Հակարիի կամրջից ՎագիՖ Խաչատրյանի առևանգման դեպքն է հիշեցնում, որին Բաքվում կեղծ մեղադրանք է առաջադրվել, իբր, Մեշալիում ադրբեջանցիների սպանդ իրականացնելու համար։




