ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր երանգ հայ-վրացական հարաբերություններում․ ԵՊՀ-ում բացվեց Վրացագիտության կենտրոնը

ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր Վրացագիտության կենտրոն է բացվել։  Այն գործելու է ԵՊՀ հումանիտար հետազոտությունների ինստիտուտի կազմում։ Կենտրոնը հնարավորություն կընձեռի արմատապես նոր բովանդակություն ու լիցք հաղորդելու վրացագիտական հետազոտություններին ու հայ-վրացական հարաբերություններին։

Կարևորելով կենտրոնի ստեղծումը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիորգի Ամիլախվարին բացման արարողության ժամանակ նշել է, որ վրացագիտության զարգացման առումով նոր կենտրոնի բացումը ԵՊՀ-ում մեծ քայլ է: Վրաստանը և Հայաստանը բարիդրացիական, բարեկամական և ընկերական բազմադարյա պատմություն ունեն, և նախարարը վստահություն է հայտնել, որ այդ քայլով էլ ավելի են ամրապնդվում երկու երկրների միջև բազմադարյա հարաբերությունները։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վրացագիտության կենտրոնը պետք է բացվեր դեռ փետրվարին, սակայն Վրաստանի կառավարության հրաժարականով պայմանավորված արարողությունը հետաձգվեց։  Մայր բուհում վրացագիտության կենտրոն ունենալը կարևոր է ոչ միայն Հայաստանում վրացագետներ  պատրաստելու տեսանկյունից, այլև, ըստ երկու երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարների, էապես կնպաստի տարածաշրջանի մասին երկկողմ և համատեղ ընկալումների ընդլայնմանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է՝ կենտրոնը կդառնա նաև կրթագիտական և փորձագիտական կարևոր հենարան՝ պատրաստելով որակյալ կադրեր  ու իրականացնելով  անհրաժեշտ հետազոտություններն ու վերլուծությունները։

«10 կրթաթոշակային տեղ է հատկացված, արդեն իսկ այս տարվա սեպտեմբերից ծրագիրը կգործի: Մենք բազմաթիվ նախաձեռնություններ ունենք թե՛ հանրակրթության, թե բարձրագույն կրթության, և թե մյուս ոլորտներում: Հաշվի առնելով, որ երկու երկրներում էլ կրթական համակարգերը բարեփոխման ինտենսիվ փուլում են, մենք նաև շատ կարևոր հնարավորություն ունենք միմյանց փորձը կիսելու: Էլ չեմ խոսում այն հնարավորությունների մասին, որ ստեղծված են գիտնականների և գիտաշխատողների համար՝ համատեղ գիտական աշխատանքներ իրականացնելու և միջազգային հարթակներում համատեղ հայտեր ներկայացնելու առումով»։

Կենտրոնի բացումը մեծապես կարևորում է նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գեորգի Ամիլախվարին՝ այն լավ խթան համարելով կրթական, հետազոտական ուղղություններով  համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում։ Նա հավաստիացնում է, որ Վրաստանի կառավարությունը առավելագույնս կնպաստի կենտրոնի գործունեությանը՝ թե պատմական նյութերով, թե կադրային ռեսուրսով։

«Իհարկե, ինչպես Հայաստանի համար հայագիտության զարգացումն է, այնպես էլ Վրաստանի համար վրացագիտության զարգացումը շատ կարևոր  է։ Կարծում եմ՝ վրացագիտության  կենտրոնի բացումով մենք է՛լ ավելի ենք ամրապնդում մեր բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները»։

Կենտրոնի ստեղծման և հետագա համագործակցության հետ մեծ հույսեր է կապում նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Երկու երկրների մայր բուհերի միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումն, ըստ նրա, կարևոր են երկուստեք։

«Մեր բուհերը համատեղ նոր գաղափարների ծնունդ կտան, ինչը ևս մեկ աստիճանով կբարձրացնի վրացագիտության  մակարդակը ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում»։

Ի դեպ՝ Կենտրոնի բացմանը վրացական պատվիրակությունը դատարկաձեռն չէր եկել։ Վրացագիտության կենտրոնի գրադարանը համալրվեց ևս մեկ գրքով։ Վրաստանի նախարարը կենտրոնին նվիրեց  Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»: Վրացագիտության կենտրոնը գործելու է ԵՊՀ հումանիտար հետազոտությունների ինստիտուտի կազմում։

Կարդացեք նաև

Back to top button