Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Սիրիական իրադարձություններից հետո այնտեղ բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ Հայաստան վերադարձան: Նրանց մեծ մասն արդեն չի էլ մտածում Սիրիա վերադառնալու մասին: Մեր սիրիահայ հայրենակիցները փորձում են այսետղ ամեն ինչ ոնրից սկսել ու շարունակել ապրել: Տարբեր կառույցներ են նրանց օգնում, այդ թվում նաև՝ Կարմիր Խաչը: Սիրիահայ Ռշտունիների ընտանիքն իր փոքր բիզնեսը հայրենիքում հենց կարմիր Խաչի միջոցով է սկսել:
Հալեպում սիրողական զբաղմունքը հայրենիքում դարձավ ապրուստի միակ միջոցը: Երբ Սիրիայում իրավիճակը սկսեց վատթարանալ, Ռշտունիների ընտանիքը որոշեց շատ կարճ ժամանակով՝ մեկ ու կես ամսով հայրենիք գալ: Եկան, բայց արդեն մեկ ու կես տարի է, ինչ Երևանում են: Սիրայում թողել են մի մեծ գործարան:
Րաֆֆի Ռշտունի . «Վերելակի ու ավտոմեքենաների պահեստամասեր էին պատրաստում, այժմ, արդեն գործարանից ոչինչ չի մնացել»:
Ռշտունիները հետ չեն նայում, փորձում են ապրել ներկայով ու ապագայով: Ռշտունիների չորս հոգանոց ընտանիքը Երևանում վարձով է բնակվում: Պետք էր առօրյա ծախսերը հոգալ: Երկար ժամանակ աշխատանք էին փնտրում, սակայն, հասկացան,որ պետք է սեփական գործ ունենալ: Երկար մտածեցին, տարբերակներ փնտրեցին: Յոլանդ Ռշտունին չհաջողված բիզնեսի փորձ արդեն ուներ: Մազակալներ էր պատրաստում, դրանք, սակայն, չկարողացավ վաճառել: Ամուսիններն այժմ սիրիական ուտեստների ու քաղցրավենիքի արտադրությամբ են զբաղվում: Դեռ նոր են սկսել, սկզբնական շրջանի դժվարություններից, սակայն, չեն վախենում:
«Հայաստանում հեշտ է բզինեսով զբաղվելը, բայց մեզ նորեն ժամանակ է պետք, մինչև հաստատվինք, վարժվինք, ժողովուրդը պետք է մեզի գիտնա, մենք խանութ չունինք, հեռախոսով են ապսպրում»:
Աշխատանքի հիմնական բեռը կնոջ՝ Յոլանդ Ռշտունու ուսերին է. «Սիրիական թխվածքներ եմ պատրաստում, ինչպես մենք կպատրաստեինք, մի քիչ փոփոխում եմ, հիմնականում համեմունքներ եմ ավելացնում»,- պատմում է:
Հայ սպառողին արևելյան քաղցրավենիքի հետ են ծանոթացնում:
Սիրիահայ այս ընտանիքը սկսած գործով առայժմ չի կարողանում ծախսերը փակել,ծախսերը շատ են, եկամուտը՝ քիչ: «Ուզում ենք հաստատվել, , որ ուրիշի օգնության կարիքը չունենանք»,- եզրափակում է Րաֆֆի Ռշտունին: