ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Պատերազմը կարող է մեկ ժամ կամ 5 տարի հետո սկսվել․ ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներն ԱԺ-ում ներկայացրել են կառավարության գործունեության հնգամյա ծրագրի նախորդ տարվա արդյուքները։ Քննարկման մի մասն անցել է դռնփակ։ Քննարկման բաց հատվաշում Հայաստանի պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ  2023 թվականի համար նախանշված ծրագրերը կատարվել են  99,8 տոկոսով։ Նիստին պաշտպանության նախարարից բացի  մասնակցել են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Տավուշի չորս գյուղերի ճակատագրից, պատերազմի վերսկսման հնարավորությունից մինչև 2023թ կատարողական․ հարցերը քննարկվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստի ընթացքում և նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,  նիստի բաց հատվածում ամփոփելով 2023 թվականի կատարողականը, արձանագրել է, որ տարին, անվտանգային իրավիճակով պայմանավորված,  բավականին բարդ էր պաշտպանության նախարարության և զինված ուժերի համար։ 2023-ի ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստության աստիճաններում։

«2023 թվականի մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է զինված ուժերի կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»։

2021-2026 թթ կառավարության ծրագրով նախատեսված  2023 թվականի կատարողականը գրեթե լիովին իրականացվել է՝ ներկաներին վստահեցրել է  պաշտպանության նախարարը։

«2023 թվականի համար հատկացվել են 517,28 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացել է 9,9 միլիարդ դրամով և կազմել 526,47 միլիարդ։ Ճշտված նախահաշիվների շրջանակներում կատարողականը կազմել է 525,81 միլիարդ դրամ կամ 99,8 տոկոս»։

Պապիկյանի խոսքով՝ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովելու միջոցառումների պաշտպանության նախարարության բաժնի ցանկը կազմված էր 14 նպատակնեից, որոնք ենթադրել են 37 միջոցառումներ։ Դրանք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում։

Այնուհետև նիստն ընթացել է փակ ռեժիմով․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագորողներին խնդրել է լքել 334 սենյակի տարածքը։

«Այ հիմա բոլոր հեռախոսները բացահայտված արկղի մեջ»։

ԱԱԾ տնօրերն Արմեն Աբազյանի ամփոփմամբ՝ նախորդ տարվա ընթացքում  կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն՝ մասնավորապես մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի և իրավապահ համակարգին առնչվող։

ՊԵԿ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից ավելի քան  9 մլրդ դրամի չափով հարկային պարտավորությունների չկատարման դեպքեր։

Կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում էլ բացահայտվել է պետության պատճառված շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս, որից  մոտ 395 մլնի վնասը վերականգնվել է»։

«2023թ ընթացքում շահագործման են հանձնվել ամբողջության կահավորված մի շարք ուղեկալներ և պարետատներ։ Սարքավորումներով հագեցվել և կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր, իրականացվել են ամրացման տեխնիկական հագեցման և կահավորման այլ աշխատանքներ։ Սահմանապահ զորքերում 2022–ի համեմատ կին զինծառայողների թիվն ավելացել է շուրջ 9 տոկոսով, 2021–ի համեմատ՝ շուրջ 20 տոկոսով»։

ՆԳՆ Վահե Ղազարյանն էլ նիստում նշել է, որ  աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն  ՀՀ հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականում է։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ — լեյտենանտ Էդվարդ Ասրյանին նիստի ավարտից հետո լրագրողները հարցեր են ուղղել Տավուշի իրավիճակի, պատերազմի հավանականության մասին։

«Ո՞վ ա Հայրենիք քանդողը: Ժողովուրդ, եթե մի բան լավ չեք հասկանում ավելորդ հարցեր մի տվեք։ Գլխավոր շտաբի պետը ԶՈՒ ղեկավարն ա՝ առաջին դեմքը, և ես ղեկավարում եմ ԶՈՒ։ ԶՈՒ իրենց առջև դրված խնդիրները կատարում են։ Դուք եթե հասկանում եք պատերազմ ասվածը ապա պատերազմը կարող է լինել 1 ժամ հետո, 2 ժամ հետո, 3 ժամ հետո, 1,2 կամ 5 տարի հետո։ Մենք հող հանձնող չենք»։

Իսկ նիստի ընթացքում ԶՈՒ ԳՇ շտաբի պետը փաստել է, որ մարտի 25-ից  ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։

Կարդացեք նաև

Back to top button