ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անտառներ՝ Երևանի կենտրոնում․ պաստառները ծառերի անունից 2 ամիս կխոսեն անցորդների հետ

Եթե մարդը չի գնում բնության մոտ, բնությունն է հասնում մարդուն․ Երևանի կենտրոնում 2 ամիս եղանակը անտառային կլինի։ Գարնան առաջին անձրևների ուղեկցությամբ, բաց երկնքի տակ բացվել է «Մենք ենք, մեր անտառները» ցուցադրությունը։ Հայաստանից ու Սփյուռքից 15 արվեստագետ փորձել են ստեղծագործել բնության կանոններով․

«Այս ցուցադրությունը «Ահա կոլեկտիվի» «Մենք ենք» նախագծի երրորդ թողարկումն է, նախագիծն ազդագրերին նվիրված ցուցադրությունների շարք է, և այս՝ երրորդ թողարկումը, անտառներին է նվիրված։ Յուրաքանչյուր արվեստագետ, մեկ, երկու կամ նույնիսկ երեք, չորս պաստառով արտահայտել է անտառների վերաբերյալլ տարբեր խնդիրներ»։

Նաիրի Խաչատուրյանը «Ահա կոլեկտիվ» մշակութային ՀԿ-ի հիմադիրն է։ Արդեն երրորդ անգամ գործընկերների հետ փորձում է արվեստի միջոցով հանրային վայրերում ներկայացնել լուրջ հիմնախնդիրներ։ Այս ցուցադրությանը երկար են պատրաստվել։ Բնությունը հասկանալը հեշտ գործ չէ՝ ասում է Խաչատուրյանը․

«2 տարի աշխատել ենք։ Ցուցադրությունն այն աշխատանքը չէ, որ մի շաբաթում կամ ամսում արվում է, մի քանի հանդիպումներ ենք կազմակերպել արվեստագետների և կազմակերպիչների միջև, որ արվեստագետներն էլ ավելի խորանան թեմայի մեջ, այնուհետև արվեստագետներն իրենց առաջարկներն են արել, և տարբեր փուլերով է անցել։ Նախ  էսքիզներ են ներկայացրել, ապա մենք աշխատել ենք, հղկել ենք»։  

Նաիրի Խաչատուրյանը

Նաիրին նաև ցուցադրության համադրողն է։ Ասում է՝ մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում ու կառավարարական շենքերին մոտ են ցուցադրում պաստառները, որ արձագանքն ու գործողությունները չուշանան։

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը վստահեցնում է՝ պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին․

«Կարծում եմ՝ արվեստը բնության շարունակությունն է, և էս խոսակցությունը՝ արվեստի և բնության, գեղեցկացնում է թե՛ արվեստը, թե՛ բնությունը։ Միջոցառումը կարևոր է մարդկանց իրազեկման համար։ Մարդկանց ուշադրությունը անտառներին ուղղելու առումով, եթե պտտվենք, բավականին մեծ ինֆորմացիա կա անտառների մասին, հուսով եմ՝ մեր քաղաքացիներին կհետաքրքրի, և էս տեղեկատվությունը, որը պաստառներում ներառված է»։

Անտառների մասին վերջին տվյալները 1993 թվականինն են։ Նոր տվյալներ հավաքելու համար նախարարությունը սկսում է գույքագրել Հայաստանի կանաչ հատվածները։ Նաև Երևանի «թոքերն» են վերականգնելու։ Լավագույն դեպքում՝ այս աշնանը կունենանք Նորքի անտառների մի հատվածը վերակենդանացնելու սպասված փաստաթուղթը։

«Շրջակա միջավայրի Հայանտառ ՊՈԱԿ-ի կառավարման տակ շուրջ 45 հա հող ունենք  էնտեղ, և հիմա միջազգային մի ծրագրով նախատեսում ենք այդ 45 հա-ն ամբողջությամբ անտառապատել։ Իհարկե, դա 2024-ին չենք հասցնի, որովհետև լավագույն դեպքում ծրագիրը վերջնական հաստատում կունենանք և պայմանագիրը կկնքենք աշնանը։ Հուսով եմ՝ 25 թվին կկարողանանք նաև Նորքի այդ հատավածում վերականգնել անտառների մի մասը։ Սա ցանկություն չէ, կոնկրետ գործընթաց է, ուղղակի ժամանակի մեջ գուցե մի քիչ տարբերություն լինի»։

Անտառները սննդի, դեղամիջոցների ու թթվածնի մեծ հանքեր են, կանխում են անապատացումը, պաշտպանում թունավոր գազերից։ Նրանց ժամանակը հավասար չէ մարդու ժամանակին։ Օրինակ, եթե 100 տարին կարող է մարդու կյանքի համար շատ թվալ, ապա՝ անտառների համար այն պարզապես իրենց գոյության սկիզբն է։ Նրանց ու մեր ամենաթարմ նմանությունը գիտնականները պարզել են վերջերս։ Պարզվում է՝ ստորերկրա արմատների, սնկերի միջոցով ծառերը միմյանց հետ շփվում են․ երբ նրանցից մեկը հիվանդանում է կամ վնասվում, հարևաններն իրենց ռեսուրսներով օգնում են վերականգնվել։ Պաստառները հետաքրքիր բացահայտումներով Երևանի կենտրոնում կմնան 2 ամիս, ապա կուղևորվեն Լոռու մարզ, կցուցադրվեն Վանաձորում և Ստեփանավանում։

Կարդացեք նաև

Back to top button