
Ազգությամբ հնդիկ, երիտասարդ գործարար Արջուն Կրիշնա Լալը Հայաստանում անցկացրած իր օրերի, տպավորությունների ու Երևանում գտած սիրո մասին փոքրիկ պատկերազարդ գիրք է գրել ու ներկայացրել ընթերցողին։ Արջունն արդեն մեկուկես տարի է Հայաստանում է, վարժ խոսում է հայերեն, նույնիսկ հասցրել է սիրել ու ծնողներին էլ հրավիրել տեսնելու իր բացահայտած երկիրը։ «Կյանք, սեր, գինի» վերնագրված գիրքը Արջունի հուշերն է ամփոփում։ Հեղինակը կարծում է, որ հնդիկներն ու հայերը բազմաթիվ նմանություններ ունեն, նման է նույնիսկ լեզուն։ Արջունը այնքան է սիրել Հայաստանը, որ որոշել է այստեղ հնդիկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն ստեղծել։
Մի հնդիկի հայաստանյան տարօրինակ, երբեմն սարսափելի արկածները. Արջուն Կրիշնա Լալը Հայաստանից ստացած իր տպավորությունները գրի է առել, ու հիմա արդեն հայերեն թարգմանությամբ ներկայացնում է ընթերցողին։ Արջունը Երևան է եկել Միացյալ Նահանգներից։ Բազմաթիվ երկրներում շրջելուց հետո ցանկացել է մի նոր տեղ գնալ, նոր գույներ տեսնել, նոր համեր փորձել ու նոր մարդկանց հանդիպել։ Տարբեր երկրների անուններ է փնտրել Google-ում, գտել է Երևանի՝ Արարատի համայնապատկերներով լուսանկարները, ու որոշել է՝ կյանքի այս փուլը հենց Հայաստանում է անցկացնելու:
«Երբ ես եկա Հայաստան ու որոշեցի, որ մնալու եմ այստեղ, ես մտածում էի, որ վերջապես գտել եմ մի երկիր, որտեղ երևի էլ հնդիկներ չեն լինի։ Բայց եկա այստեղ Հնդկաստանի բոլոր 4 լեզուները լսեցի հենց Հյուսիսային պողոտայում»,– ասում է Արջունը։

Արջունը հայերեն սկսել է սովորել դեռ Հայաստան գալուց առաջ։ Հիմա վարժ խոսում է, կարդում։ Իր հայրենակիցներին էլ խորհուրդ է տալիս Հայաստանը լավ ճանաչելու, սիրելու, այստեղ ինչպես տանը ապրելու համար անպայման հայերեն սովորել։ Ձեր լեզուն ինձ առաջ է մղում ու հավասարակշռում է իմ կյանքը՝ ասում է Արջունը, որ արդեն հասցրել է նաև լեզվական նմանություններ գտնել հայերենի ու իր մայրենի լեզվի մեջ։
«Շատերը ինձ հարցնում են՝ հայերենը շա՞տ դժվար լեզու է, ես կարող եմ ասել, որ բոլոր լեզուներն էլ դժվար են, բայց հնդիկների համար հայերենը այնքան էլ դժվար չէ։ Սովորական, առօրյա բառերի մեջ նույնիսկ նմանություններ կան, օրինակ՝ «շալվարին» մենք ասում ենք «սալվար», կամ «պանիր», «թավա» բառերը ունենք հենց նույն իմաստով»։

Չկարծեք չափազանցնում եմ, իսկապես սիրահարվել եմ ձեր երկրին, մարդկանց, մշակույթին ու ամենուրեք առկա գեղեցկությանը՝ ասում է Արջունը։ Անգամ խաշ ու տնական օղի է փորձել: Մինչ Հայաստան գալը բուսակեր էր, բայց եկել է ու ընկերների հետ պատրաստած խորովածից հրաժարվել չի ստացվել:
«Իմ կարծիքով այստեղ՝ Հայաստանում, մարդիկ շատ զգույշ են մեքենա վարում, երբ մարդիկ, օրինակ, փողոց են անցնում, մեքենաները հիմնականում կանգնում ու սպասում են, իսկ ես վերադարձա Հնդկաստան ու մոռացա, որ այնտեղ այդպես չէ․ մի օր քիչ էր մնացել, որ ավտոբուսի տակ ընկնեի»,– պատմում է հնդիկ երիտասարդը։

Արջունի համար Հայաստանը միայն Երևանը չէ։ Հասցրել է շրջել ու սիրել նաև մյուս քաղաքները․ Գյումրիում տխրություն է զգացել, ասում է՝ օդում ցավ կա, փոխարենը Վայքը, Աշտարակն է շատ սիրում։ Մայրաքաղաքում ամենասիրելի վայրերից մեկը Կասկադն է, հենց այստեղ՝ ամենավերևում է նստել ու ստեղծագործել, իր հետ պատահածը գրի առել: «Կյանք, սեր, գինի» գիրքը հենց Կասկադում թղթին հանձնված հիշողությունների մասին է։ Կյանքը Երևանում երբեք անհետաքրքիր չի լինում՝ ասում է Արջունը։ Հիմա արդեն ծնողներն էլ են Հայաստանում, եկել են տղայի հայերեն առաջին գրքի շնորհանդեսին։ Արջունն էլ որոշել է այնպես անել, որ ծնողներն էլ սիրահարվեն Երևանին։
«Դեռ փոքր էի, երբ ծնողներս ինձ ասում էին, որ ես անպայման պետք է գտնեմ իմ տեղը կյանքում, հասկանամ՝ ինչով եմ ուզում զբաղվել ու որտեղ, իսկ իրենք միշտ կաջակցեն ինձ, իմ կողքը կլինեն։ Սա երկրորդ անգամն է, որ ծնողներս եկել են Հայաստան, ու ես հուսով եմ, որ ավելի հաճելի կլինի, ես ամեն ինչ անելու եմ, որ այդպես լինի»։

Մարքեթինգի ոլորտում բիզնես վարող երիտասարդ Արջունը, բացի ստեղծագործական աշխատանքից, որոշել է Հայաստանում հասարակական կազմակերպություն ստեղծել, որը կզբաղվի Հայաստանում գտնվող հնդիկների իրավունքների պաշտպանությամբ։ Արջունն ասում է՝ Երևանում հնդիկները լուռ են, հայերեն չգիտեն, բազմաթիվ խնդիրների են բախվում ու չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, իսկ ինքն արդեն բավականաչափ փորձ ունի ու կարող է օգնել հայրենակիցներին։
Իլուստրացիաները՝ «Կյանք, սեր, գինի» գրքից, հեղինակ Լուսինե Թահմազյան




