ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չարյաց փոքրագույնը․ տնտեսագետը՝ «Միր» վճարայաին համակարգից հրաժարվելու հնարավոր հետևանքների մասին

Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին ռուսական կողմն արդեն տեղյակ է, բայց պահանջում է լրացուցիչ ճշտում: Հայաստանի ԿԲ-ից էլ պարզաբանում են՝ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից։ Դրա հետ մեկտեղ սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում բանկերը պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին։ Հայաստանյան բանկերն արդեն զգուշացնում են հաճախորդներին սպասվող որոշման մասին ու այլ քարտեր առաջարկում։

«Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով և այժմ մեր գերատեսչությունը զբաղվում է։ Համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները հստակեցում են պահանջում, և այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը։

Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ են տարածել ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով անանուն աղբյուրների։ Հայաստանի բանկերի միությունը հաստատել է՝ առևտրային բանկերը դադարեցրել են համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Խոսքը ԱՄՆ օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության սահմանած պատժամիջոցների մասին է, որն ընդունվել է փետրվարին։ Բանկային համակարգը չարյաց փոքրագույնն ընտրեց՝ նշում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

«Բանկային համակարգում բավականին խելամիտ մարդիկ են աշխատում, և որոշակի ռիսկեր, իհարկե, հաշվարկած կլինեն այս դեպքում։ Բայց այսպես, թե այնպես, պետք է հաշվի առնել, որ մեր արտահանումների 43 տոկոսը այս պահին գնում է դեպի ԵԱՏՄ, և բավականին մեծ քանակությանբ միջոցներ են գալիս այս երկրներից։ Օրինակ՝ բանկային փոխանցումների մոտ 70 տոկոսն այս պահին գալիս է Ռուսաստանից, որոնք հիմնականում կոմերցիոն բնույթի են։ Սա որոշակի խնդիրներ կբերի, հատկապես, որ ՌԴ-ում չեն գործում համաշխարհային master և visa վճարային համակարգերը։ Սա նաև որոշակի խնդիրներ կարող է առաջացնել հայ քաղաքացիների համար, որոնք բիզնեսով են զբաղվում հիմնականում Ռուսաստանում»։

«Միր» վճարային համակարգից հրաժարվելը, այսպես թե այնպես, բացասական ազդեցություն է թողնելու բանկային համակարգի վրա։ Բայց, տնտեսագետի կարծիքով, միջազգային ընդհանուր սկզբունքներից հրաժարվելու դեպքում վնասներն ավելի մեծ կլինեին։

«Որովհետև մի կողմից պետք է խզվեն արտասահմանի հետ կապերը, իսկ պատժամիջոցները կարող են ենթադրել, օրինակ, տարբեր վճարահաշվարկային համակարգերին անհասանելիություն, ինչը ավելի մեծ վտանգ է ներկայացնելու։ Երկրորդի դեպքում կպակասեն Ռուսաստանից եկող հոսքերը, որոնք հիմնական դրամական միջոցների ներհոսքի մասն են կազմում։ Երկու պարագաներում էլ մեր բանկային համակարգը կորուստներ է կրում, և միակ բանկը, որ միջնաժամկետում շահելու է, «ՎՏԲ Հայաստան» բանկն է»։

«Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն գործել մարտի 30-ից Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկի, որը ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկն է։ Նույն որոշման պատճառով «ՎՏԲ Հայաստան» բանկն այլևս չի մասնակցի կենսաթոշակներով և նպաստներով անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրին։ Հունվարի տվյալով՝ այս բանկի հաճախորդ մոտ 39 հազար թոշակառու օգտվել է ծրագրից: Ի՞նչ է սպասվում նրանց՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն է պարզաբանում։

«Մենք հնարավորություն ենք ստեղծել առցանց եղանակով դիմելով՝ մինչև մարտի 29-ը ներառյալ ընտրել իրենց նախընտրելի բանկը։ Դա շատ պարզ դիմում է, և մի քանի րոպեների ընթացքում մեր հայրենակիցները կարող են այդ դիմումը լրացնել, փոխել իրենց վճարող բանկը և ապրիլ ամսվա կենսաթոշակը ստանալ արդեն նոր բանկի միջոցով»։

1500 թոշակառու արդեն բանկը փոխելու դիմում են ներկայացրել։ Եթե անձը հնրավորություն չունի կամ դժվարանում է առցանց դիմել նոր քարտի համար, կարող է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային ցանկացած բաժանմունք, որտեղ արագացված կարգով կընդունվեն դիմումները։

Կարդացեք նաև

Back to top button