ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Պետական սահման՝ լեգիտիմության հիմքի վրա․ Փաշինյանն ԱԺ-ում մանրամասնել է, թե որ տարածքներն են հայկական, որոնք՝ ոչ

Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա: Կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե կա կոնկրետ փաստաթուղթ, քարտեզ, որով պետք է կատարվի սահմանազատումը: Վարչապետի խոսքով` ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերաարտահայտվում են Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները:

«Ինչ է նշանակում  Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել սահմանազատում. Նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է Խորհրդային միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև օրեր առաջ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ու ընդգծել՝ սահմանազատման աշխատանքների վերաբերյալ այն բոլոր մտահոգությունները, որ ունեն  Ոսկեպարի, Կիրանցի և հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են: Ընդդիմադիրների հարցին ի պատասխան, թե ինչ է ստանալու Հայաստանը այս գործընթացի արդյունքում, Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը կունենա պետական սահման և լեգիտիմություն իր անվտանգությունը պաշտպանելու համար: Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության սահմանը պետք է ենթարկվի սահմանազատման, ապա սահմանագծման: Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը չի պատրաստվում զիջել տարածքներ, որոնք Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետության սահմանում են:

«Մենք ստանում ենք պետական սահման և այն անվտանգային ճեղքը, որի մասին խոսվում է, կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում: Երբ ասում ենք, որ մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում լեգիտիմության հիմքերի վրա, պետք է հենվի լեգիտիմության վրա, և դրա հիման վրա մենք պետք է ունենանք պետական սահման և բնականաբար ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է և չի կարող լինել կառավարության օրակարգում»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներում ամենաբարդ, ամենախնդրահարույց հատվածը հենց Տավուշի մարզում է՝ ասել է Նիկոլ Փաշինյանն ու մանրամասնել՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման աշխատանքներ սկսել Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հարակից  շրջաններից: Վարչապետը մանրամասնել է, թե որ հատվածներն են ՀՀ տարածքում և որոնք ոչ:

«Այս գյուղերի դիմացն ընկնող սահմաների ամբողջական դելիմիտացիային մենք պատրաստ ենք. Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս-Այրում, ես ուզում եմ, որ մենք ֆիքսենք սրանք նույն գյուղերը չեն, դեռ Խորհրդային միության տարիներին Հայաստանում գոյություն է ունեցել Բաղանիս, իսկ Ադրբեջանում Բաղանիս-Այրում գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից՝ Ոսկեպար գյուղ և դրա դիմացը գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածն է, հետո Հայաստանի կողմից՝ Կիրանց գյուղ և դրա դիմացը գտնվող ադրբեջանական Խերեմլի գյուղի տարածքը, սրանք նորից նույն գյուղերը չեն, մյուսը՝ Հայաստանի կողմից՝ Բերքաբեր գյուղ և դրա դիմացը գտնվող ադրբեջանական Կիզիլ Հաջիլի գյուղը: Ընդ որում ՝ Կիզիլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է, այսօր էլ, երեկ էլ 20 տարի առաջ էլ: Հիմա ՀՀ կառավարությունը, որ ուզենա էլ Կիզիլ Հաջիլի գյուղը չի կարող հանձնել, քանի որ դա եղել է ու այսօր էլ Ադրբեջանինն է»,- մանրամասնել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button