ՀասարակությունՌեպորտաժներ

Գերության մեջ գտնվողի ցուցմունքը չի կարող արժանահավատ լինել․ միջազգային իրավունքի մասնագետ

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը Եվրոպական խորհրդարանում մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու գործում։ Այնուհետև ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվել են ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։

Մինչ այդ ԵԽ-ը քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Միջազգային իրավունքի մասնագետը, խոսելով այս քննարկումից, հիշեցրել է, որ Բաքվին քիչ ժամանակ է մնացել որոշում կայցնելու, թե ինչ ընտրություն է կատարում՝ ընդունո՞ւմ է ԵԽ անդամի պարտավորությունները և ի թիվս մի շարք կետերի վերադարձնում հայ գերիներին, թե՞ լքում ԵԽ։

Վաղ, թե ուշ Ադրբեջանը կամ պետք է բավարարի միջազգային կառույցների կոչերը հայտարարություններն ու բանաձևերը կամ լքի Եվրախորհուդը, որի անդամ է 2001 թվականից, համոզված է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցած համաժողովին, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը նա ասում է, որ մոտ 10 ամիս հետո պարզ կդառնա, թե որ ուղղությամբ կշարժվի Բաքուն։ 

Այս տարվա հունվարի 25-ին ԵԽԽՎ-ն դադարեցրեց ադրբեջանական պատվիարակության լիազորությունները։

«Առայժմ դեմարշ է անում, բայց երբ գա որոշում կայացնելու պահը, երբ որոշվի, թե երկարաձգելո՞ւ են ադրբեջանական պատվիարակների լիազորությունները, թե հարց է դրվելու հեռացնել ԵԽ-ից՝ Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի, կամ լքում է ԵԽ, կամ էլ կատարում է ԵԽ պահանջները, սկսում է մեղմացնել իր խոսելու տոնը և սկսում է իր պարտականությունները կատարել, որի մեջ մտնում է ապահովել արցախցիների վերադարձը, քաղբանտարկյալներին ազատ արձակելը, բարեփոխումներ կատարելը, այսինքն այն, ինչ կուտակվել է այս 22 տարվա ընթացքում։ Չեմ կարծում, թե Ադրբեջանը կկարողակա այդ ամենն անել, ամենայն հավանականությամբ կնախընտրի լքել ԵԽ։ Այդ դեպքում նրանց նկատմամբ մի շատ կարևոր լծակ մենք կորցնում ենք, դրա համար աբսուրդ է կարծես ասելը, բայց մեզ համար նախընտրելի է նրան պահել ԵԽ-ում և ազդեցության լծակ ունենալ։ Հակառակ դեպքում, մեկ այլ ազդեցության լծակ մնում են իսլամական հարթակները, որտեղ մենք դերակատարում չունենք, մուտք էլ չունենք»։

Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովին եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը, որի հովանու ներքո տեղի ունեցավ քննարկումը, նշել է, որ ռազմագերիներն ու պահվող անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։

«Չնայած վերջին շրջանի դրական քայլերին՝ որոշ ռազմագերիների փոխանակմանը, անելիք դեռ շատ կա։ Այդ պատճառով հարցը պետք է օրակարգում պահել և ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար»։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն էլ ասել է, որ  հարցն առկախ է և թունավորում է միջավայրը։ «Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձինք բանտարկյալ չեն, գերի են։ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է՝ բոլոր ռազմագերիները պետք է փոխադարձաբար վերադարձվեն»,- ասել է Տիգրան Բալայանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ տեղեկացրել է քննարկման մասնակիցներին, որ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու միջազգային գործիքակազմը սահմանափակ է, ինչից օգտվելով Ադրբեջանը, այսպես կոչված, ահաբեկիչների նարատիվն է առաջ տանում՝ շինծու դատական գործեր առաջ քաշելով։

«Արևելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին էլ ձեռքի տակ ունեցած փաստերի հիման վրա փաստել է, որ նախադեպը չունեցող դաժան չարչարանքների են ենթարկվում հայ ռազմագերիները։ Զրկված են իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորությունից։

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսն էլ նշել է, որ Բաքվում հայ ռազմագերիների վերաբերյալ բոլոր դատական գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլ հենց Ադրբեջանի սահմանադրությանը։

«Մինչև հիմա Բաքուն բավարարվում էր ներքին կոնֆլիկտ ներկայացնելով Արցախի հարցը, հետո սահմանային կոնֆլիկտ էր ներկայացնում Հայաստանի հետ սահմանային բախումները, բայց հիմա արդեն այդ ամբողջը սպառվել է, ինքը բնականաբար դրանից մեծ օգուտներ է քաղել։

Արդեն մնում է ուղիղ առճակատման մեջ հայտնվի ԵԽ անդամ Հայաստանի հետ Հայաստանի տարածքում։ Բնականաբար, Ադրբեջանը հասկանում է, որ իրեն չեն ներելու, այնպես, ինչպես չներեցին ու կասեցրեցին պատվիրակների լիազորությունները ԵԽԽՎ-ում»։

Միջազգային իրավունքի մասնագետը բացատրում է, որ եթե Բաքուն որոշի դուրս գալ ԵԽ-ից դրան կհաջորդի ինչպես տնտեսական կապերի խզումը, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներում հարաբերությունների կասեցումը։ 

Մինչ այդ Բաքուն ոչ միայն չի վերադարձնում հայ գերիներին, այլև տարածում է Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի իբր ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից հատվածներ՝ խոստանալով ամբողջական տեսանյութը տարածել մարտի 28-ին։ Արցախի քաղաքական շրջանակներում համոզված են, որ տեսանյութի հրապարակումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Օրինակ, հնարավոր է՝ փորձ արվի Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնել արցախյան պատերազմների ժամանակ ու պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա։ Արա Ղազարյանը այս առումով հիշեցնում է, որ միջազգային կառույցներում կա ընկալում, որ գերության մեջ գտնվողի խոսքերը չեն կարող արժանահավատ լինել․

«Ես վստահ եմ, որ իրենք ինքնամեղադրող բնույթի հայտարարություններ են անելու, ինչը անմեղության կանխավարկածի խախտում է, քանի որ նրանց նկատմամբ քրեական դատավարություն է իրականացվում, իսկ քրեական դատավարության ամենակարևոր մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը անմեղության կանխավարկածն է, այսինքն, որ մեղադրյալը չդրվի մի վիճակի մեջ, որ ինքն իր դեմ հայտարարություն կատարի, իր դեմ ապացույցներ ներկայացնի կամ ինքնամեղադրող հայտարարություններ անի։ Եվ երբ կալանքի տակ գտնվող անձը, այն էլ թշնամական միջավայրում, հարցազրույց է տալիս և ինքնամեղադրող բնույթի հայտարարություններ է կատարում, մնում է միայն մեղադրական դատավճիռ տեղում գրել ու ձեռքը տալ, այսինքն դա ֆունդամենտլ խախտում է, և ամբողջ դատավարությունը դարձնում է անարդար»։

Փորձագետը համոզված է, որ այն, ինչ անում է Բաքուն, ներքին լսարանի համար է, քանի որ անձամբ մի քանի անգամ նման դեպքերի է առնչվել իր փորձառության ընթացքում։ Մասնավորապես ադրբեջանական գերության մեջ գտնվող Մանվել Սարիբեկյանի ու Հակոբ Ինջիղցուլյանի դեպքերով հայկական կողմը կարողացել է ներկայացնել, որ տեսանյութերում հայ գերիներին պարտադրվում է կարդալ ադրբեջանցիների գրածը։

Սրա հստակ ապացույց ներկայացրեց հայտնի հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ադրբեջանական գերությունից հետո մանրամասն պատմեց, թե որքան դաժան են վերաբերվում գերիներին Ադրբեջանում, իսկ հայցազրույցները վերցնում են հարկադրանքի ներքո։ 

Կարդացեք նաև

Back to top button