
ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին ԵՄ–ի ու Հայաստանի միջև կնքված համաձայնագրի վավերացման հարցի շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին հետաքրքրում է, թե պայմանգրում արձանագրվա՞ծ է արդյոք՝ որոնք են Հայաստանի իրավունքները։
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հսատեցնում է՝ Երևանը ոչ միայն պարտավորություններ ունի, այլև իրավունքեր․ «ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրում միայն Հայաստանի պարտավորությունների մասին է գրված։ Ի՞նչ իրավունքներ ունի ՀՀ–ն այս պարտավորություններից բացի, կոնկրետ ի՞նչ իրավունքներով է օժտվում Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, օրինակ՝ դադարեցման հետ կապված»։
«Համաձայնագրի կնքումը բխել է այն բանից, որ ԵՄ առաքելության գործողությունները և ընդհանրապես դրա Հայաստանում գտնվելը համարվել է Հայաստանի անվտանգության տեսանկյունից նպատակահարմար, իսկ իրավունքների տեսանկյունից համաձայնագիրն ունի դրույթ, որ ՀՀ–ն ցանկացած պահի կարող է դադարեցնել այս համաձայնագրի գործողությունը, և այստեղ ինքնիշխանության հետ կապված հարց չկա», – ասում է փոխարտգործնախարարը։
ՀՀ-ի և ԵՄ–ի միջև «Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 20-ին: Մինչ այդ՝ նախորդ տարվա սկզբին ԵՄ–ն հավանություն տվեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը, որի շրջանակներում 2023 թ․ փետրվարից Հայաստան ժամանեցին ԵՄ դիտորդները, տարեվերջին արդեն որոշվեց դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի։
Նախորդ տարվա սկզբին, երբ ԵՄ դիտորդների՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական կողմում տեղակայվելու հարցն էր քննարկվում՝ կայունություն ապահովելու նպատակով, շատերը չէին էլ մտածում, որ մոտ մեկ տարի հետո Եվրախորհրդարանը բանաձև կընդունի, որով կհստակեցնի, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը և կոչ կանի եվրապատգամավորներին դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը, ինչը տեղի ունեցավ նախորդ շաբաթ։
Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսվեց «Զվարթնոց»–ի օդանավակայանից ռուս սահմանապահների դուսբերման մասին Երևանի որոշումից հետո․
«Նույն «Զվարթնոց»–ում, որտեղ ռուս սահմանապահներն են կանգնած, նրանք վերահսկում են ԵՄ ազատ մուտքն ու ելքը և այդտեղ վտանգ կա։ Ինչո՞ւ մինչև հիմա հայտնի չէր ժամկետը, թե երբ բանակցությունները պետք է սկսվեն։ ԵՄ–ն ասում էր, որ չպետք է այլ երկիր վերահսկի մեր երկրի ազատ մուտքն ու ելքը, քանի որ դա անվտանգության խնդիր է ԵՄ–ի համար»։
Քաղաքական վերլուծաբանը հարցը դիտարկում է ոչ միայն օդային ճանապարհով ԵՄ ազատ մուտքի համատեքստում, այլ նաև ցամաքային սահմանով, և որպես օրինակ մատնանշում է Թուրքիայի սահմանով ԵՄ ազատ մուտքի համար խոչընդոտները․
«Եթե վաղը պետք լինի ԵՄ–ի համար սահմանը ոչ միայն «Զվարթնոց»–ով հատել, այլ օրինակ հիպոթետիկ բան ասեմ՝ Վրաստանը կամ Թուրքիան ԵՄ անդամ են դարձել, ու դարձյալ ռուսական անվտանգության դաշնային ծառայողներն են այնտեղ կանգնած թուրքական սահմանին, ու էլի այդ պատճառով կարող է կասեցվել մուտքը ԵՄ։ Սա է, կարծում եմ, հիմնական խնդիրը»։
Մանվել Ղումաշյանը գրեթե համոզված է, որ Հայաստանի առջև ԵՄ մուտքի ազատականացման գործնական քայլեր հնարավոր է տեսնենք արդեն նախորդ տարվա սկզբին, մինչև այս տարվա վերջը հնարավոր կլինի ավելի հստակ ասել այս մասին, կարծում է զրուցակիցս։
Հայաստանի առջև ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցի լուծումը թեև քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը քաղաքական նպատակահարմարությամբ է պայմանավորում, սակայն հիշեցնում է նաև ռեադմիսիայի ռիսկերի մասին ԵՄ մտահոգությունները․
«Վրաստանի փորձը հաշվի առնելով՝ ԵՄ խորհրդում եղել են տեսակետներ, որ հնարավոր է սա բերի միգրացիոն նոր խնդիրների, և չգիտեմ, թե ԵՄ խորհրդում այդ խնդիրների գնահատումը ինչ վիճակում է հիմա, տեսնում են հիմա նման խնդիրներ, թե չեն տեսնում, բայց այդպիսի խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ՀՀ պարտավորություններ ունի ռեադմիսիայի հարցով»։
ՀՀ–ն պարտավորություններ ունի անօրինական կերպով ԵՄ-ում գտնվողներին ընդունելու գործում՝ հստակեցնում է փորձագետը։
Իսկ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորության հարցում, վերլուծաբան Ղումաշյանի կարծիքով, ԵՄ–ն դիտարկում է ոչ թե առանձին Հայաստանի եվրաինտեգրման հնարավորությունը, այլ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան միասին, ողջ Հարավային Կովկասի ԵՄ անդամակցության ուղղությամբ գուցե քայլեր ձեռնարկի ԵՄ–ն՝ ասում է․
«ԵՄ–ն կաշխատի Ադրբեջանին էլ վերցնել այդտեղ՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, որից դուրս էր ընկել Ադրբեջանը։ Կարծում եմ, որ այսպես կոմպլեքս կլինի, և դա քաղաքական որոշում կլինի, ինչպես քաղաքական որոշում էր 30 տարի առաջ, երբ մերձբալթյան երկրներին վերցրեցին ԵՄ անդամ»։
Զրուցակցիս կարծիքով, թեև Վրաստանը երկար տարիներ ջանք էր ներդնում եվրաինտեգրման ուղղությամբ, սակայն չի բացառվում, որ Հայաստանը Վրաստանի հետ միասին քայլ կատարի ԵՄ թենկածու երկրից դեպի ԵՄ անդամակցություն։




