ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ի՞նչ մեսիջներ է իր հետ բերել տարածաշրջան ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը

Նախօրեին մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս: Երեկ նա հանդիպումներ է ունեցել Բաքվում։ Այսօր ՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանում էր, իսկ վաղը կլինի Հայաստանում։ Երևանում և Թբիլիսիում Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու նախագահների և վարչապետների հետ։ Բաքվում նա հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Փորձագետները նկատում են, որ վերջին անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան 2012 թվականին, սակայն հիմա աշխարհաքաղաքական իրավիճակն էապես տարբերվում է այն ժամանակներից։ Փորձագետների գնահատմամբ՝ եթե այն ժամանակ Ռուսաստանն Արևմուտքի համար գործընկեր էր, ապա հիմա՝ այն սպառնալիքների ու անկայունության հիմնական աղբյուրն է համարվում։ Հետևաբար, Յենս Ստոլտենբերգի այս այցն ունի այլ քաղաքական նշանակություն և ենթատեքստ։ Ի՞նչ մեսիջներ է իր հետ բերել տարածաշրջան ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը։

Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում պետք է դիտարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը՝ կարծում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ըստ նրա նաև՝ ընտրությունների, փոփոխությունների համատեքստում տարածաշրջանի պետությունների մոտեցումների հետ անձամբ ծանոթանալն է այցի նպատակը.

«Այստեղ կան նաև հետաքրքիր իրողություններ՝ կապված ՆԱՏՕ-ի համագործակցության ընդլայնման հետ։ Հատկապես՝ Հայաստանի մասով։ Թեև ռիսկերի կառավարման համատեքստում կա նաև Ադրբեջանի խնդիրը, որն այս պահին Հարավային Կովկասում միակ պետությունն է, որը որոշակի ռիսկ է պարունակում ռազմական գործողություններ սկսելու հետ կապված»։

Այս առումով, քաղաքագետի գնահատմամբ՝ այս այցելությունը ՆԱՏՕ-ի և ընդհանրապես արևմտյան ռազմական գերատեսչությունների համար որոշակի հարցերի պատասխաններ է իր մեջ պարունակելու։

Որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար առաջին անգամ է Ստոլտենբերգը Բաքու գնացել։ Ալիևի հետ հանդիպումից հետո էլ կոչ է արել օգտվել Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունից։ Ալիևն էլ ասել է, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցություններն ակտիվ փուլում են։ Նրա խոսքով՝ 7 փուլով հանդիպումների արդյունքները ցույց են տալիս, որ կարգավորման լավ շանսեր կան. «Մենք հիմա ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»,-ասել է Ալիևը։  Նրա հետ համատեղ ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունեն։

«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի միտքը, որ «երկու կողմերն է՛լ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»։ Եվ ես կարող եմ միայն կոչ անել Ադրբեջանին՝ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար,- ընդգծել է Ստոլտենբերգը:

Բաքվում Ստոլտենբերգը հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական, իր բառերով՝ «պայմանական սահմանին» իրավիճակը։ Այդ երկրի արտգործնախարար Բայրամովն էլ Ստոլտենբերգին ասել է, որ կա հայ-ադրբեջանական խաղաղությունը առաջ մղելու պատմական հնարավորություն ու իրենք ջանքեր են գործադրում այն առավելագույնս օգտագործելու համար։

Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, որ Հայաստանի համար ՆԱՏՕ-ն այլընտրանք կարող է լինել անվտանգային առումով, ոչ էլ կարծում է, որ այն կարող է իր հետ ռիսկեր բերել։ Ըստ նրա՝ նախ ՆԱՏՕ-ն իր վրա բեռ չի վերցնի այս ժամանակահատվածում, քանի որ շատ ավելի մեծ խնդիրներ ունի, քան Հայաստանի անվտանգությունն է։ Բացի այդ, քաղաքագետի դիտարկմամբ, Հայաստանն էլ չի ձգտում դեպի ՆԱՏՕ և չի փորձում օգտագործել այդ կառույցն իր անվտանգության ամրապնդման համար։

«Իհարկե, եթե իրականություն դառնա Հայաստանի իշխանությունների կողմից, կարծես թե, արդեն որդեգրված ոչ բլոկային պետության սկզբունքը, կամ՝ կոնցեպտը, ապա ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը գուցե որոշակի երանգներ ստանա, բայց, որևէ դեպքում, նույնիսկ՝ այդ դեպքում, սա չի նշանակում, որ Հայաստանը փորձելու է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ կամ ձգտելու է ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգում։ Խոսքն ընդամենը գործընկերության նախկին հնարավորությունները, մոտեցումները վերակենդանացնելու մասին է, որոնք Հայաստանը, լինելով, օրինակ, ՀԱՊԿ-ի անդամ, հարուցում էր և իրականացնում էր 2000-ական թվականներին»։

Անդրադառնալով Արևմուտքի այն հայտարարություններին, որ այս տարածաշրջանում կարևորում են Թուրքիայի դերակատարումը, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, քաղաքագետը նկատեց, որ այն իրավիճակում, երբ Ռուսաստանը որոշակիորեն թուլացրել է իր ազդեցությունը մեր տարածաշրջանում՝ իր կամքով, թե իր կամքից անկախ, կարևոր չէ, բնական է, որ այլ ուժային կենտրոններ փորձում են զբաղեցնել այդ տեղը։ Այդ պետություններից է նաև Թուրքիան, որն, իհարկե, իր որոշակի շահերն ունի, առավել ևս, որ Ադրբեջանում այն արդեն ունի իր ռազմական ներկայությունի, իսկ Վրաստանում՝ որոշակի տնտեսական լծակներ։ Քաղաքագետի խոսքով՝ այդ առումով Արևմուտքի համար չօգտագործել այդ հնարավորությունը, կլինի ուղղակի ռուսուրսների վատնում։

«Նորմալ է, որ Արևմուտքը խոսում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանային գործընթացներում կարող է որոշակի դերակատարում ունենալ։ Բայց ես ցանկանում եմ շատ անհանգստացողներին հանգստացնել,  խոսելով այն մասին, որ նույն Արևմուտքը հասկանում է նաև Հայաստանի հետ կապված խնդիրները, և ոչ միայն Թուրքիան է փորձում այդ տեղը լրացնել։ Այդ տեղը փորձում են լրացնել Ֆրանսիան, Գերմանիան, Իրանը, որոշակի չափով Հնդկաստանն է ակտիվություն ցուցաբերում»։

Այսինքն, ըստ քաղաքագետի, նման դեպքում խնդիրը ոչ թե Թուրքիային թույլ չտալն ու նրա փոխարեն, օրինակ, որոշ փորձագետների խոսքով, Ռուսաստանին բերելն է, այլ խնդիրը համաչափ դիվերսիֆիկացում ապահովելն է։ Հենց այդ դեպքում Թուրքիան կլինի ընդամենը տարածաշրջանում ներկա ուժային կենտրոններից մեկը, որին և կհավասարակշռեն այլ կենտրոններ։ Ղևոնդյանի ձևակերպմամբ՝ կան անվտանգություն պարունակող ու անվտանգություն արտահանող ուժեր, որոնց հետ կարելի է նորմալ համագործակցել ու Հայաստանի անվտանգության որոշակի մակարդակ ապահովել։

Կարդացեք նաև

Back to top button