ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խաղաղության պայմանագիրը բավարա՞ր երաշխիք է․ միջազգային իրավունքի մասնագետները կետ առ կետ բացատրում են

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում քննարկվել և քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային գանգատներից երկուստեք հրաժարվելու հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ երբ  համաձայնեցված լինեն պայմանագրի բոլոր դրույթները, իսկ կողմերը՝ պատրաստ փաստաթուղթը ստորագրելուն, հնարավոր է քննարկվի միջազգային գանգատներից երկուստեք հրաժարվելու հարցը․ 

«Եվ դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչի են շարունակում պատերազմները իրար դեմ»։ 

Ոչ միայն տրամաբանական չէ, այլև անթույլատրելի է՝ պնդում են  միջազգային իրավունքի մասնագետներն ու իրավաբանները։ Տարածած հայտարարությամբ նրանք  կետ առ կետ բացատրում են նման որոշման հետևանքներն ու ռիսկերը։ Կարծում են՝ այդպիսի քայլն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանը։

Ի թիվս այլ հիմնավորումների՝ հայտարարությամբ ընդգծվում է՝ Միջազգային ատյաններում  միջպետական գանգատներից բացի ներկայացված են նաև բազմաթիվ անհատական գանգատներ և կողմերի՝ համաձայնության գալու դեպքում անորոշ է լինելու դրանց ճակատագիրը: Անհատական գանգատների ուժը կա´մ զգալիորեն կթուլանա, կա´մ միջազգային դատարանը դրանք կարող է միացնել միջպետական գանգատներին, որոնցից երկիրը հրաժարվում է, և մերժել դրանք: Ստացվելու է` քաղաքական որոշման պատճառով մարդիկ զրկվելու են իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից:Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյան․

«Եվրոպական դատարանում 4 ընթացող գործեր կան, չորս գործ՝ ընդդեմ Ադրբեջանի, երկու գործ ընդդեմ Հայաստանի և մեկ գործ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի։ ՄԱԿ-ի դատարանում կարծես ունենք մեկ գործ Ադրբեջանի դեմ, Ադրբեջանը Հայաստանի դեմ։ Սակայն եթե նաև քաղաքացիներին անդրադառնանք, միայն 4-րդ գանգատում մենք սեպտեմբերյան հարձակման արդյունքում տեղահանված, բռնի դեպորտացիայի ենթարկաված 100 000-ը գերազանցող անձանց իրավունքների հարց ենք բարձրաձայնում, մինչդեռ այդ պատերազմը, հարձակումը որևէ հետևանք չի թողել Ադրբեջանի և նրա քաղաքացիների վրա»։ 

Սահակյանի խոսքով՝ երկու երկրների գանգատները համադրելի չեն, չունեն նույն կշիռն ու բովանդակությունը, անգամ թվային պարզ հաշվարկով է ակնհայտ՝ միջազգային ատյաններում ավելի շատ հայերն են պայքարում իրենց իրավունքների համար։ Ադրբեջանական հայցերը, ըստ մասնագետի,  հայելային արտատպություններ են, որոնք զուրկ են փաստերից, իրավական հիմնավորումներից, ինչը  զուտ ստրատեգիկ մոտեցում է միջազգային հանրության հետ շփվելիս․

«Դրա պարզունակ օրինակը խտրականության քաղաքականությունն է, հայերը դարերով ենթարկվել են այդ քաղաքականությանը, թուրք-ադրբեջանական միասնության կողմից։ Եվ մենք ունենք հստակ դեպքեր, նաև մարդու իրավունքների խախտումներ, պատերազմական հանցագործություններ, որոնք ունեցել են այս էթնիկ կոմպոնենտը, և վերջիվերջո, հայերն են արտաքսվել բռնի կերպով իրենց բնակավայրերից, և հայերն են, որ վերադարձի դեպքում պետք է հայտնվեն ադրբեջանական իշխանության ներքո։ Այս առումով, եթե հայկական կողմն է հրաժարվում այս հայցից, մենք չենք ունենում սիմետրիկ վիճակ, հակառակը, ավելի մեծ անարդարություն ենք ստեղծոում, քան այն պարագայում, երբ Ադրբեջանն է հրաժարվում այդ հայցից»։  

Ադրբեջանը քաղաքական և ռազմական ճանապարհով հասել է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և դրա դեմ պայքարելու ուղիներից մեկը իրավականն է՝ փաստում է Սահակյանը։

«Փաստաթղթի ստորագրումը բավարար երաշխիք չէ փաստաթղթում ներառված պարտավորությունների կատարման առումով, դրա ցայտուն օրինակը նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, երբ անգամ ռազմագերիների վերադարձի խնդիրը չլուծվեց, մենք այս պահին էլ ունենք 44-օրյա պատերազմում գերեվարված անձինք, որոնք առ այսօր չեն հայրենադարձվել, ավելին՝ փաստաթղթի ստորագրումից հետո ունեցանք մասնական գերեվարման նոր դեպքեր։ Վստահ եմ, որ նույն ոգով վերաբերվելու են խաղաղությանը վերաբերող փաստաթղթերին»։ 

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն էլ ասում է՝ նման որոշումը կարող է բերել Ադրբեջանի տոտալ անպատժելիությանը․

«Ամենամեծ ռիսկը, որ կա՝ մենք գործ ունենք ավտորիտար պետության հետ, որը չի հարգում միջազգային իրավունքը, օրենքի գերակայությունը։ Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլ արհեստականորեն ձգձգել ու ի վերջո չկատարել»։

Համատեղ հայտարարությամբ՝ իրավաբանները շեշտել են՝  առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, իսկ ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ հայերի դեմ վարել են խորքային ռասիզմի և ատելության քաղաքականություն:

Կարդացեք նաև

Back to top button