ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հերթական միջազգային կոչի թիկունքում Բաքուն ապահայկականացնում է Արցախը․ ԵԽ պատգամավորները դիմել են Շառլ Միշելին

Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցը եվրախորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Պատգամավոր Միրիամ Լեքսմանն էր հայտնել, որ գործընկերների հետ նամակ են ուղղել խորհրդարանի բարձրաստիճան պատգամավորներին, կոչ անելով՝  քայլեր ձեռնարկել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար։ Միջազգային հերթական կոչի թիկունքում, սակայն, Ադրբեջանը շարունակում է ապահայկականացնել Արցախի տարածքը։ Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող monumentwatch կազմակերպությունը երեկ էր հաղորդել հերթական վանդալիզմի մասին։ Ադրբեջանն այս անգամ թիրախավորել էր Ստեփանակերտի Կրկժան թաղամասի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին։

Արցախի հուշարձանները Եվրոպական մշակութային ժառանգության կարևոր մասն են և եվրոպական կառույցի պարտքն է պահպանել դրանք․ Եվրոպական խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորներ այս բովանդակությամբ նամակ են հղել ԵԽ նախագահ Շառլ Միշելին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Պատգամավորները իրենց նամակով կոչ են անում՝ քայլեր ձեռնարկել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար։

«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է պաշտոնական նամակում։

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մի շարք եկեղեցիներ, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանատներ ավերվել են, իսկ հայկական արձանագրությունները ջնջվել են: Եվրապատգամավորները իրենց նամակում ընդգծել են, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել որևէ իրավախախտում և պատասխանատվություն կրել այդ հանցագործություններից որևէ մեկի համար:

«Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է գիտակցաբար ժխտել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության գոյությունը։ Դա պետության կողմից հովանավորվող քաղաքականություն է»,– ասված է նամակում։

Ադրբեջանը հետևողականորեն ապահայկականացնում է Արցախի տարածքը և միջազգային հայտարարությունների թիկունքում շարունակում մշակութային ցեղասպանությունը։ Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող monumentwatch խմբի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը վստահ է՝ պաշտոնական Բաքուն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անտեսելու է միջազգային կոչերն ու հայտարարությունները։

Monumentwatch խմբի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյան

«Հիմա իրենք ապահայկականացնում են ամբողջ Արցախը՝ առաջին հերթին թիրախավորելով անկախության ցանկացած հուշարձան, ցուցանակ և դա զանգվածային բնույթ է կրում։ Դա իրենք հայտարարում են և դա համարում են օկուպանտական ու կարծում են, որ որևէ մեկը իրավասու չէ այդ հարցով որևէ դիտողություն անել, արգելք դնել կամ հորդոր անել»,– ասում է Համլետ Պետրոսյանը։  

2020թ պարզերազմից հետո, հայկական կողմը բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ–ին Արցախ այցելելու ու հայկական մշակութային ժառանգության սպանդն արձանագրելու համար։ 4 տարի անց էլ այդ կառույցը դեռ Արցախում չի եղել։ Վերջին դիմումը ամիսներ առաջ էր․ 2023-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովում հայտարարեց՝ շատ կարևոր է Հայկական մշակութային ժառանգության մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Արցախ։

«Գիտեք ինչ՝ ՅՈւՆԵՍԿՕ–ն պետությունների կազմակերպություն է և հորդորում է ամեն պետության հարգել իր տարածքի ժառանգությունը և ՅՈՒՆԵՍԿՕ–ն չի կարող այցելել որևէ պետություն առանց այդ պետության կամ այդ կառավարության թույլտվության, ինքը նման մանդատ չունի»,– շեշտում է մասնագետը։

Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչներին այցելել Արցախ, բայց փոխարենը հրավիրում է նրանց տեսնելու, թե ինչպես են հայերն այդ տարածքում իբր ավերել իսլամական հուշարձանները՝ ասում է Պետրոսյանը։ Այս պահին Հայաստանի ունեցած լծակներն էլ են սահմանափակ հետևելու, թե ինչ է անում Ադրբեջանը Արցախում՝ ընդգծում է մասնագետը։ Ադրբեջանը պարզապես վերացնում է հայկական հետքը։

«Օրինակ, վերջերս Սուրբ Սարգիս եկեղեցու արևմտյան պատին խաչաքանդակներ կան, արձանագրություն կա, իրենք արձանագրության վերջին տողը ջարդել ու բետոն են արել։ Տեղյակ ենք հնագիտական հուշարձաններից, օրինակ՝ Տիգրանակերտից, Տողի Մելիքական ապարանքից, գնում են ինչ որ փոսեր են փորում, թե տեսեք–տեսեք մենք նոր պեղումներ ենք անում, փաստեր ենք հայտնաբերում։ Մյուս կողմից էլ անընդհատ հայտարարություններ են անում, որ մշակութային այդ ժառանգությունը աղվանական կամ աղվանաուդիական է»։

ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելության մուտքը տարածաշրջան թույլատրելու անհրաժեշտության մասին նաև եվրախորհրդարանի պատգամավորներն են ընդգծել իրենց նամակում՝ կոչ անելով Ադրբեջանի համար վերջնաժամկետ սահմանել փաստահավաք միջազգային աշխատանքային խմբի մուտքը տարածաշրջան թույլատրելու համար, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ապահովել ԼՂ հայկական մշակութային ժառանգության յուրաքանչյուր օբյեկտի վրա վերահսկողություն 24/7 ռեժիմով: Monumentwatch խմբի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը, սակայն թերահավատ է, որ միջազգային հորդորները ի զորու կլինեն փոխելու կամ զսպելու Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը։

Կարդացեք նաև

Back to top button