
Ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրումով պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները։ Հայաստանի ապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ Ըստ վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի՝ այս փոփոխությունից ավտոսեփականատերերը չեն շահելու, իսկ որոշակի պարտավորություններ ունեցողները նույնիսկ տուժելու են։ Նոր փոփոխությամբ՝ միայն բանկերի և պետության շահերն են սպասարկվելու, ասել է Արտակ Խաչատրյանը։
Այն ավտոսեփականատերերը, որոնք պետության կամ բանկերի հետ խնդիր ունեն, նրանց նոր փորձություններ են սպասվում։ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու լրացնել ապահովադրին պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվեհամար։ Պարտադիր պահանջը ամրագրված է «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխություններով։ Ընդ որում՝ պայմանագրում ապահովադրի փոխարեն կարող է լրացվել նրա լիազորած անձի բանկային հաշվեհամարը։
«Հայաստանի ապահովագրողների բյուրոն» բոլոր ավտոսեփականատերերին հորդորում է բանկային հաշիվ չունենալու դեպքում, մինչև ԱՊՊԱ պայմանագիր կնքելը Հայաստանում գործող որևէ բանկում բանկային հաշիվ բացել։ Իսկ վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը արձանագրում է, որ սրանով պարզապես ծառայություն է մատուցվում բանկերին և պետությանը։ Այս պատադիր պահանջի նպատակը ապահովադրի տնտեսական շարժը վերահսկելն է։
«Ասում են ցանկացած անձ, ով ապահովադիր է և պետք է ԱՊՊԱ պայմանագիր կնքի իր անունով, բացի առկա պարտավորություններից, պարտավոր է նաև բանկային հաշիվ ունենալ։ Հիմնավորումը մեզ համար պարզ չէ։ Ոչ քաղաքացիների, ոչ էլ ապահովագրականի համար ոչ մի խնդիր չի լուծվում դրանով»։
Ըստ Արտակ Խաչատրյանի այս փոփոխությունը նաև հարկադիր կատարման ծառայության շահերից է բխում։ Պատճառված վնասի հատուցման գումարները ևս հարկադիր կատարման ծառայության վերահսկողության տակ կանցնեն, ինչը այնքան էլ ապահովադրի շահերից չի բխում։
«Առաջին հերթին, ըստ էության, պետության կամ այլոց պարտքերը կմարվի, վերջում ինչը կմնա հաշվին, նոր մեքենայի վնասը կծածկվի։ Եթե ապահովադիրը չվճարած հարկ կամ տուրք ունեցավ, նույնիսկ պարտքեր քաղաքացիական հարաբերություններում, պատճառված վնասի հատուցման գումարը իրեն չի հասնի»։
Այս փոփոխությունը չի ազդի միայն այն սեփականատերերի վրա, որոնք պետության առաջ որևէ պարտավորություն չունեն։ Ըստ Արտակ Խաչատրյանի՝ բարեխիղճ ապահովադիրներն այս պահանջից չեն տուժի։ Կշահեն պետությունը, հարկադիր կատարման ծառայությունը, բանկերը։




