ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երբ ավանդական մեխանիզմները չեն գործում, պարտավոր ես նորերը գտնել․ Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին

Ինչո՞ւ ԵՄ և ոչ ՀԱՊԿ․ սա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի գլխավոր հարցերից մեկն էր։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ անվտանգության այլ մեխանիզմների փնտրտուքները սկսվել են այն ժամանակ, երբ ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ ավանդական անվտանգային մեխանիզմները ոչ միայն չարձագանքեցին, այլև համարժեք գնահատական չտվեցին։

Արևմուտքի, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը նպատակ չունի Ռուսաստանի հետ հարաբերություններն առ ոչինչ դարձնելու՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով ԵՄ հետ հարաբերությունների խորացման ու ՀԱՊԿ հետ հարաբերությունները սառեցնելու մասին ընդդիմադիրների անհանգստությանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ քայլերը, որոնք արվել են, պայմանավորված են եղել նրանով, որ նախատեսված անվտանգային մեխանիզմները չեն գործել։

«Երբ քո ավանդական, նախատեսած, տարիներ շարունակ հույս դրած մեխանիզմները, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում, այդ թվում ՀՀ-ՌԴ, որոնք իքս օրի պետք է արագ և սահուն ընթացակարգերով գործի դրվեին, և մենք մեզ պաշտպանված զգայինք, ահա այդ մեխանիզմները չեն գործել։ Այդ պարագայում ես ոչ միայն սխալ չեմ անում, այլ պարտավոր եմ փնտրել, գտնել նոր մեխանիզմներ»։

Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, ըստ նախարարի, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին, քանի որ ըստ նրա, երբ տեղի էր ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ գործընկերներին, որ նրանք նախ փաստեին, որ խախտվել է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, սահմանները ոտնահարվել են։ Բացի այդ, Հայաստանը ակնկալում էր, որ ՀԱՊԿ անդամ ընկերները դաշնակցաբար, քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով կփորձեն լուծել խնդիրը և կպաշտպանեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ցավոք, ըստ նախարար Միրզոյանի, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման ու օկուպացիայի, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին,  ՀԱՊԿ գործընկերների կողմից չեղավ փաստի հրապարակային ընդունում, որ ՀՀ ինքնիշխան տարածքն ու սահմանները  ոտնահարվել են, ինչը հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ: Եվ, քանի դեռ այդ հարցերի պատասխանները չկան, Հայաստանի  մասնակցությունը ՀԱՊԿ-ին որոշակիորեն սառեցվել է։

Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացման նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է․

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկի դեմ որևէ մի ծրագրում ներգրավված չէ: Արևմուտքի հետ, օրինակ՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել»:

Ավելին, Միրզոյանը կարծում է, որ դեռ նախորդ տարվանից ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում նպաստել է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության էական նվազեցմանը և ստացվում է, որ այս առաքելությունն էական գործոն է դարձել հենց սահմանի կայունության համար։

Նախօրեին ԵԽ պատգամավորները բանաձև ընդունեցին, որով ընդգծվում էր, որ ժամանակն է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել։ Բացի այդ Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձևով կոչ են անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։ Ըստ այդմ՝ լրագրողները Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե  երբ ՀՀ-ն կունենա ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մտադրություն․

«Երբ Հայաստանը կունենա հայտ ներկայացնելու մտադրություն վստահեցնում եմ, որ առաջին հերթին դրա մասին կիմանաք»։

Հարցին անդրադարձել է նաև ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ Նա «Իզվեստիա» պարբերականին ասել է, որ երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի, և Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։

Հարցին, թե ԵՄ դռները բա՞ց են Հայաստանի առջև, Ստանոն, հստակեցրել է․ «Երկրները ազատ են իրենց ժողովուրդների համար լավ ապագան ապահովելու որոշման համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցության համար»։

Նա պարզաբանել է, որ երբ որևէ երկիր ԵՄ անդամակցելու հայտ է ներկայացնում, միության անդամ երկրները քննարկում են հայտը, այնուհետև պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա որոշում կայացնում։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵՄ–ն հասկանում է, որ հարմար պահ է, որ վերանայի այն գոտին, որը միշտ անկայուն է եղել, և չի բացառվում, որ թեև Վրաստանը երկար տարիներ ջանք էր ներդնում եվրաինտեգրման ուղղությամբ, Հայաստանը Վրաստանի հետ միասին քայլ կատարի ԵՄ թենկածու երկրից դեպի ԵՄ անդամակցություն։

«Հարցը մեծ տարածաշրջանի համատեքստում պետք է դիտարկել, այստեղ նաև կայունության էլեմենտ կա, որ Հայաստանը Վրաստանի հետ դառնա թեկնածու։ Թեև Վրաստանն արդեն թեկնածու է և Հայաստանն էլ երբ դառնա,  կայունության էլեմենտը կավելանա։ Այսինքն, զուտ քաղաքական հարց է»։

Հարցը քաղաքական է, այնպես, ինչպես քաղաքական էր 30 տարի առաջ։ Մերձբալթյան երկրներին անմիջապես ընդունեցին ԵՄ կազմի մեջ, երբ ԽՍՀՄ–ը փլուզվեց, Հայաստանի դեպքում էլ թեկնածու անդամից ԵՄ անդամ դառնալը շատ ավելի արագ տեղի կունենա համոզված է վերլուծաբանը։

Կարդացեք նաև

Back to top button