
Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ–ի լիագումար նիստի աշխատանքներին ընդառաջ ՝ խորհրդարանական հանձնաժողովները քննարկում են նիստերի օրակարգ ընդգրկվող նախագծերը։ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր վարկային համաձայնագրերի նախագծեր են քննարկվել, քվեարկվել ու կներառվեն արդեն մարտի 19–ից մեկնարկող նստաշրջանի օրակարգ։
Նոր վարկ Ասիական զարգացման բանկից՝ դպրոցների սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով։ Ծրագրի սկզբնական բյուջեն107 մլն դոլար էր, որից 88․5 մլն դոլարը վարկային միջոցներ են եղել։ Ծրագրի առանցքային թիրախը 46 դպրոցի կառուցում ու ամրացումը։ 25․000 աշակերտ կրթական անվտանգ պայմաններում կսովորի։ Բայց Շինարարական նյութերը թանկացել են, փոխարժեքը՝ փոփոխվել, ուստի դպրոցների շինարարությունն ավարտելու համար լրացուցիչ 66 մլն եվրո է պահանջվելու։
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան․ «Բոլոր ավարտված ու շահագործման հանձնված 16 դպրոցները՝, մյուսները ևս, պետական բյուջեի հաշվին ապահովվում են նաև անհրաժեշտ նոր գույքով, ոչ միայն կոշտ ու փափուկ կահույքով, այլ նաև ուսումնական պրոցեսին անհրաժեշտ բոլոր պիտույքներով»։
Փոխնախարարի հստակեցմամբ, ծրագրի սկզբում նախատեսում էին դպրոցների մեծ մասը ամրացնել, ոչ թե վերակառուցել կամ նոր դպրոցներ կառուցել։ Բայց ուսումնասիրել ու պարզել են, որ ավելի նպատակահարմար է նոր դպրոցներ կառուցել, քան սեյսմակայուն դարձնել գործողները, քանի որ այս դեպքում ավելի շատ գումար էր պահանջվելու
«Ընդունվեց քաղաքական որոշում, նաև մասնագիտական հիմնավորված որոշում, որ բոլոր այն դեպքերում, երբ պետք է 80 և ավելի տոկոս ծախսել դպրոցների ամրացման վրա, նպատակահարմար է նոր դպրոցների կառուցումը»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Գրիգորյանին հետաքրքրում է՝ որտեղ են կառուցվելու դպրոցները․
«Ցույց ենք տալիս, որ մենք աշխատանքն անում ենք, հետո նոր ենք վարկը ստանում։ Այնպես չլինի, որ ժողովրդի մոտ թյուրընկալում լինի։ Այսինքն՝ մեզ տրամադրում են ինչ որ բանի արդյունքում»։
Վաչե Տերտերյանը հստակեցնում է՝ սա տարբերվում է մնացած բոլոր վարկային պորտֆելներից․ «Արդյունքի վրա հենված վարկ է, և առաջին անգամ է, որ մենք նման վարկային ռեսուրս ենք ներգրավել։ Այդ գումարները արտոնյալ կձևակերպվեն, երբ 46 դպրոցներում պատշաճ ու որակով շինարարաություն կանենք, որ աշակերտների համար բավարար, պատշաճ կրթություն կապահովենք»։
2015–ին էր խնդրահարույց շենքային պայմաններ ունեցող 300 դպրոցների վերականգնման ցանկը հաստատվել։ 46 դպրոցներն էլ ներառված են այս ցանկում։ Նորմատիվային են, բազա են փոխել, դժվարությամբ են անցել միջազգային փորձաքննությունները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվում է․
«Ուղղակի ուզում եմ հնչեցնեք՝ այդ դպրոցների աշխատանքները պայմանագրով ե՞րբ են նախատեսվում ավարտել»։
Վաչե Տերտերյանի փոխանցմամբ, ամբողջական ցանկը նախատեսում են ավարտել 2027թվականին։ Փոխնախարարը չի բացառում, որ 2026–ի տարեվերջին արդեն մի մասի աշխատանքները ավարտված լինեն։ Անորոշ են նախագծման փուլում գտնվող դպրոցների ժամկետները՝ ասում է նա, բայց և վստահեցնում է՝ ժամկետները կպահպանեն։




