ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Զվարթնոցից» ռուս սահմանապահների հեռացումը քաղաքական որոշում է․ ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար

Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողությունն ամբողջությամբ կանցնի հայկական սահմանապահ զորքերի տնօրինությանը։  Վարչապետն իր վերջին ասուլիսում նշել էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։ Նաև տեղեկացրել, որ ծառայությունն արդեն  բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ ունի սահմանապահ հսկողությունն առանց ռուսական կողմի աջակցության հսկողություն իրականացնելու։

Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը վստահ է`այս փուլում «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին հեռացնելու մասին որոշումը քաղաքական բովանդակություն ունի։

«Զվարթնոց» օդանավակայանում, եթե ռեալ այսօր նայենք, ընդամենը 3-4  ռուս սահմանապահ է ծառայում, նրանք, գործում են Հայաստանի օրենսդրությամբ ու ենթարկվում են մեր սահմանապահների ղեկավարությանը։ Առանց նրանց թույլտվության ոչ մի գործողություն թույլ չեն տալիս իրենց»։

Ստեփանյանի խոսքով՝ եթե նման հարց բարձրացվեր ասենք 10-20 տարի առաջ, ապա նման արձագանքի չէր արժանանա ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում։ Ավելին, ընդհանրապես այդ թեմայով խոսակցություն չէր լինի՝ համոզմունք է հայտնում սահմանապահ զորքերի առաջին հրամանատարը և հիմնավորում իր հրամանատարության ժամանակ տեղի ունեցած մի փաստով. 

«Եթե մի 10, 20 տարի առաջ այդ հարցը բարձրացվեր, այդպիսի արձագանք չէր լինի ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում։ Ընդհանրապես այդ թեմայով չէին խոսի։ Ինչպես չխոսեցին, երբ ժամանակին իմ խնդրանքով ռուսները դուրս եկան Գյումրու օդանավակայանից։ Չեք լսել, չէ՞ այդ մասին»։

Ստեփանյանը հարցի քաղաքականացմամբ է պայմանավորում նաև Ռուսաստանի կոշտ արձագանքը։ 

Նշենք, որ ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» դուրս բերելու որոշումը նախօրեին մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվան Երևանի այդ որոշմանը՝ նա նախ ընդգծել է, որ որոշման մասին իրենք տեղեկացվել են միջգերատեսչական, ոչ թե  դիվանագիտական ճանապարհով, ապա հավելել։

«Մենք ելնում ենք նրանից, որ ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշումը կկայացվի միջգերատեսչական մանրամասն աշխատանքի արդյունքում: Կցանկանայինք նշել, որ հիշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին»։

Սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանն ասում է, որ 90-ականներին ռուս սահմանապահները դուրս էին եկել «Զվարթնոցից», սակայն, հենց հայկական կողմի խնդրանքով են վերադարձել այնտեղ։ Դրա անհրաժեշտությունը մեծ էր այն ժամանակ։ Նրա խոսքով՝ այսօր կոնկրետ «Զվարթնոցում» այդ անհրաժեշտությունը չկա, բայց կա այլ մտահոգություն։ Նա չի բացառում, որ վաղ թե ուշ իշխանությունները կցանկանան չեղյալ հայտարարել 1992 թվականի սեպտեմբերին ՌԴ-ի հետ կնքված պայմանագիրը, համաձայն որի ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի հետ 311 կմ-ոց սահմանին։

«Շատ լուրջ խնդիրներ կստեղծի հայկական կողմի համար։ Եթե նման բան արվի, ապա կվերադառնանք 1992 թվական, բայց դա կլինի հենց մեր պատճառով, ոչ թե թուրքերի։ Ճիշտ կլինի, որ ՌԴ  սահմանապահներին օգնեն մեր հայ սահմանապահները»։

Ստեփանյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, սահմանի 75 տոկոսում սահմանապահներ են լինելու, վստահ է, որ հայ սահմանապահ զորքերն ապագա ունեն, բայց այսօր դեռևս կադրերի լուրջ խնդիր կա։ Հետևաբար՝ չի կարծում, թե խոհեմ քայլ կլինի Երևանի կողմից, եթե հրաժարվի այս մասով ՌԴ-ի հետ 1992 թ.-ին կնքած պայմանագրից։

Նշենք նաև, որ մինչ օրս հայկական կողմը միայն «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ծառայությունից հրաժարվելու մասին է խոսել։ ԱԳՆ Արարատ Միրզոյանը վերջին ասուլիսում նշել է, որ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների աջակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվում։

Վարչապետն էլ իր վերջին ասուլիսում էր նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։ Նաև տեղեկացրել, որ ծառայությունն արդեն բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ ունի սահմանապահ հսկողությունն առանց ռուսական կողմի աջակցության իրականացնելու։

Կարդացեք նաև

Back to top button