ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը մերժման ճանապարհով ժխտում է անհետ կորածներին գտնելու պատասխանատվությունը

Ռադիոլուրի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ,«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանն է։

–«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» անհետ կորած անձանց հարազատների անունից գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբին: Ո՞րն է այս քայլի գլխավոր նպատակը և ի՞նչ ակնկալիքներ ունենք ՄԱԿ-ի աշխատանքային խմբից։

-Մեր առաջնահերթությունն է անհետ կորած անձանց ճակատագրի բացահայտումը և ցանկացած մեխանիզմ, որը կարող է աջակցել խնդրի լուծմանը, մենք ինտենսիվորեն օգտագործում ենք։ Իհարկե, կան նաև ընթացող դատական գործընթացներ այս անձանց մասով, որը հիմնականում միջպետական գանգատի շրաջանակներում է։ Որպես փոխլրացնող մեխանիզմ՝ մենք ընտրել ենք աշխատանքային խումբը։ Վերջինններն իրավասու են հարցումներ ուղարկել պատասխանող պետությանը, պահանջել տեղեկատվություն, քննություն իրականացնել անհետ կորելու հանգամանքների վերաբերյալ։ Եվ նաև դեպքն իրենց ուշադրության տակ պահելով՝  իրենց զեկույցներում կարող են խնդիրները մատնանշել և հրավիրել ՄԱԿ-ի այլ մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի ուշադրությունը։

-Քանի՞ անհետ կորածի մասին է խոսքը և ի՞նչ հանգամանքներում են անհետ կորել։ 

-Այս պահին դիմումը ներկայացրել ենք 8 անձի անունից, սակայն մենք ավելի մեծ թվով անձանց անհետ կորելու վերաբերյալ տեղեկություններ ունենք, պարզապես հանգամանքներն են ճշտվում մինչև դիմում նախապատրաստելը։  Ավելին՝  ընտանիքների հետ ենք աշխատում, որպեսզի նաև պատշաճ համաձայնություններ տրվեն, ինչը կարևոր է գործընթացի համար։ Ընթացքում չենք բացառում, որ թիվն աստիճանաբար աճի։ Նրանց անհետանալու հանգամանքները կապված են 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետ։ Կամ կամավոր, կամ պարտադիր հիմունքներով ներգրավված են եղել զինվորական ծառայության մեջ և մարտական գործողությունների շրջանակներում անհետացել են։ Մնացյալ հանգամանքները անհատական են, մինչև որոշակի ժամանակահատված ընտանիքը կարողացել է կապ հաստատել։ Նաև ունենք դեպքեր, որ անհետանալու վայրից կարողացել են դուրս գալ այլ զինծառայողներ, որոնք ևս տեղեկություններ են փոխանցել, վերջին հայտնի հանգամանքների վերաբերյալ։

-Փաստահավաք աշխատանքների արդյունքում՝ ինչ մանրամասներ են պարզվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց մասին։ Քանի՞ անհետ կորած ունենք։

-Ունենք 13 անձի վերաբերյալ տեղեկություններ, որոնցից 8-ի առնչությամբ արդեն դիմումներ ներկայացվել են, սակայն այլ աղբյուրներից տեղեկացված եմ, որ թիվն ավելի մեծ է, դժվար է մանրամասներ հայտնել, որովհետև այդ հավելյալ դեպքերը ուսումնասիրվում են, երբ ամբողջացնենք, կարծում եմ, կկարողանանք հստակ վիճակագրություն տալ, թե քանիսն են քաղաքացիական անձինք, քանիսը՝ զինվորական և ինչու ոչ, կարելի է մանրամասնել անհետանալու հանգամանքները՝ ըստ տարածաշրջանի կամ  այլ գործոնների։

— Վերջին 3 տարիների ռազմական գործողությունների հետևանքով  անհետ կորածների գործերը ցույց են տալիս, որ  Ադրբեջանը հիմնականում մերժում է փաստերը, հայտարարում, թե այդ անձինք Ադրբեջանում չեն։ Ի՞նչ փուլում ենք այս առումով։ 

-Իրավացի եք, մոտեցումը հիմնականում մերժողական է, և սա է մեզ անհանգստացնում։ Մերժման ճանապարհով փորձում են նաև ժխտել պատասխանատվությունը, իսկ այս պատասխանատվությունը, կարծում եմ, լուրջ է, և մենք կարող ենք ընդհուպ մինչև կյանքի իրավունքի խախտումների դեպքեր բացահայտել։ Ընթացքող իրավական գործընթացներում վերջնական գնահատականը տալու են դատական կամ քվազի-դատական ատյանները և արձանագրելու են փաստերը։ Հետագա փոխհարաբերություններում մենք հենվելու ենք դատական կամ այլ գործընթացներով հաստատված փաստերի և ապացույցների վրա։

-Նախկինում եղե՞լ են ՄԱԿ-ի Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբին անհետ կորածների գործեր ներկայացնելու դեպքեր։ Ի՞նչ ճակատագրեր են ունեցել այդ գործերը։ 

–Այո, մենք նախկինում 6 բռնի անհետացածի գործեր ենք ներկայացրել նույն աշխատանքային խմբին, ունենք հարցումներ, ունենք ժխտողական պատասխան։ Ունենք դեպքեր, երբ այս կոմիտեն դեպքը նաև էսկալացրել է և ուղղակիորեն արտացոլել է իր զեկույցներում, և սա էլ ենք կարևորում։ Ընդ որում՝ երբ պատասխանները պետության կողմից չեն բավարարում այս աշխատանքային խմբերին, իրենց կողմից ընդունվող փաստաթղթերում նրանք հատուկ մատնանշում են այս դեպքերը՝ որպես անհետ կորելու գործեր, որոնք պետք է գտնվեն միջազգային կառույցների ուշադրության ներքո։ Այս ճանապարհով մենք պահում ենք հարցի արդիականությունը և հետևողական ենք լինում, որ շարունակական ջանքեր գործադրվեն այս անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button