
Կառավարությունը երկարաձգել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը մինչև 2026 թվականը։ Նախագծով նախատեսվում է որպես ծրագրում ընդգրկվելու պարտադիր պայման սահմանել այն, որ ձեռք բերվող կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը հանդիսանա շահառուի և նրա ամուսնու միակ սեփականությունը։ Սա հնարավորություն կտա իրականացնելու շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն։ Միաժամանակ առաջարկվում է 5 մլն դրամով բարձրացնել ձեռք բերվող կամ բերված բնակելի անշարժ գույքի արժեքի նկատմամբ կիրառվող առավելագույն սահմանաչափը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը։
Եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի ընթացիկ հիպոթեքային վարկ, երեխայի ծնվելուց հետո կօգտվի կառավարության առաջարկած ծրագրից՝ վարկի մնացորդի տասը տոկոսի չափով միանվագ գումար, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամն է։ Վարչապետը պարզաբանում է՝ առաջին երեխան ծնվելիս 300 հազար դրամ միանվագ գումարից բացի, վարկի մայր գումարից ավտոմատ մարվում է, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամն է։ Նույն տրամաբանությունն է նաև երկրորդ երեխայի ծնվելու դեպքում։ Իսկ ի՞նչ աջակցություն է հասնում, եթե տունը կառուցվում է գյուղական կամ սահմանամերձ բնակավայրում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին հարցնում է Նիկոլ Փաշինյանը․
«Բոլոր աջակցություններին ավելանում է ևս 50 տոկոս, 500 հազար դրամ պետք է ստանա, ստանում է 750 հազար դրամ։ Երրորդ երեխայի դեպքում մնացորդային գումարի 50 տոկոսն է փոխանցվում, բայց ոչ ավելի քան 2 մլն դրամը»։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրով պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։ Նախագծով նախատեսվում է՝ որպես ծրագրում ընդգրկվելու պարտադիր պայման սահմանել այն, որ ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուի և նրա ամուսնու միակ սեփականությունը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն։
Սահմանամերձ համայնքներում նաև այլ ծրագիր է իրականցվում՝ 16 մլն դրամի շրջանակներում աջակցություն՝ տուն կառուցելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է․
«Կստացվի, որ իրականում տան կառուցման կոնտեքստում ոչ թե 16 մլն դրամ կստանա, այլ՝ 21 մլն դրամ։ Կամ, եթե ունենա 5 երեխա, կստանա ավելին»։
Ամուսինների տարիքային սահմանափակում չկա, հստակեցնում է վարչապետը։ Նշում է՝ իրական շահառուն երեխան է։ Կառավարության ղեկավարը կոնկրետ դեպքեր է քննարկում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ․
«Ընտանիքը չունի ոչ երեխա, ոչ տուն։ Ցանկանում է ունենալ և երեխա, և տուն։ Մեկ երեխա ունենալու դեպքում չենք աջակցում։ Երկու երեխայից է սկսվում աջակցությունը։ Ինչ ենք առաջարկում»։
Փոխնախարարի խոսքով՝ հիպոթեքային վարկ ձևակերպելիս մարզային բնակավայրում, եթե արժեքը 35 մլն դրամը չի գերազանցի, պետությունը կմասնակցի կանխավճարին՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 1 մլն դրամը, եթե երկրորդ երեխան է, յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում կավելանա 500-հազարական դրամ, բայց ոչ ավելի քան 2 մլն դրամն է։ 4 երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ կանխավճարով կմասնակցի կառավարությունը։
Կախված տան արժեքից, պետության աջակցության չափը տարբեր կլինի։ Նախորդ ծրագիրը 9 հազար շահառու ունի։ Արցախից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։ Այս ընտանիքները սահմանամերձ համայնքներում հողակտոր ունեն, շուտով կսկսեն շինարարությունը։




