
Լևոն Շանթի անվան հ․ 4 հիմնական դպրոցի բակում Սուրբ Զատկի տոնին նվիրված ցուցահանդես- տոնավաճառ է բացվել։ Ներկայացվել են դպրոցի նկարչական խմբակի և ուսուցիչների աշխատանքները։ Դրանք զատկական տոնի խորհրդանիշներ են՝ ծիսական տիկնիկներ, կավե զարդեր, ձևավորված հավկիթներ և այլն։ Տոնավաճառի կազմակերպիչներն այցելուներին հյուրասիրել են իրենց պատրաստած թխվածքներով ու քաղցրավենիքով։
Ծիսական տիկնիկներ, կավե խորհրդանիշներ, ձևավորված հավկիթներ. Լևոն Շանթի անվան համար 4 դպրոցում պատրաստվում են Սբ․ Զատկի տոնին։ Դպրոցի բակում այս օրերին զատկական տոնին նվիրված ձեռագործ աշխատանքներ են ցուցադրվում։ Դրանց հեղինակները դպրոցի նկարչական խմբակի սաներն են և ուսուցիչները։ Ցուցահանդես – տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է բարեգործությանը։ Դպրոցի համար մի լավ բան կանենք, ասում է դպրոցի նկարչության ուսուցչուհի Անուշ Ղազարյանը։

«Ամենափոքրիկ օգնությունը, կարծում եմ՝ շատ կարևոր է այսօր դպրոցի համար։ Ցուցահանդես-տոնավաճառի նպատակը բարեգործությունն է և աշխատանքի միջոցով արդյունքի հասնելը»։
Ցուցահանդես –տոնավաճառում կարելի է տեսել աշխատանքներ, որոնք պատրաստել են ինչպես միջին դպրոցի աշակերտները, այնպես էլ ամենափոքրերը։ Կարևորը՝ բոլորը սիրով են պատրաստված, ասում են հեղինակները։

Լիլի Աղբալյան, 6-րդ դասարան․ «Ես պատրաստել եմ կավից աքլոր, այն որքան հնարավոր է՝ գույնզգույն եմ ներկել, որպեսզի արտահայտի գարնան գալիքը»։
Նարե Սահակյան, 1-ին դասարան․ «Ձու եմ պատրաստել։ Նախ էսքիզ եմ արել, ապա ներկել գուաշով»։
Երեխաներից ոչ պակաս ոգևորված են նաև ծնողները։ Իրենց երեխաների աշխատանքի արդյունքը կարող են ոչ միայն տեսնել, այլև շոշափել ու նույնիսկ գնել։

—Երեխայիս հետ հաճույքով տիկնիկներից ենք գնել։ Ի դեպ, հետաքրքիր բան իմացանք տիկնիկից կախված քարերի մասին։ Պահքի շրջանում տիկնիկին կախում են, իսկ այդ քարերը պետք է դիպչեն ճակատին, հիշեցնելով, որ յուղոտ ուտեստներից պետք է զերծ մնալ։
— Ինձ համար այնքան կարևոր էր, որ իմ երեխան շատ ոգևորված ինձ խնդրել էր, որ ես մինչև իր դասի ավարտը մոտենամ։ Եկել եմ, օգտվում եմ, շատ հաճելի էր։
Ցուցահանդես-տոնավաճառը կգործի մինչև մարտի վերջը։




