ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Քաղաքական գլուխկոտրուկ․ սահմանագծի ո՞ր կողմում է Հայաստանը և որում՝ Ադրբեջանը

Հայաստանի պաշտպանության նախարարն իր երեք տեղակալների հետ Աժ–ի Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովում դռնփակ աշխատանքային հանդիպում է ունեցել։ Ընդդիմությունը նույնպես մասնակցել է Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։ Օրակարգը և քննարկման հիմնական թեմաները այդպես էլ չբացահայտվեցին, սակայն, ակնհայտ է, որ հանդիպումը տեղի է ունեցել Տավուշի մարզից 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու լուրերի ֆոնին և ՀՀ վարչապետի՝ նախօրեին արված հայտարարություններից հետո։ Իսկ մշտական հանձնաժողովից պարզաբանել են, որ «հանդիպմանը քննարկվել են Կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են տարածքային և տեղական պաշտպանությանը, ինչպես նաև այդ ամենում հասարակության ներգրավվածությանը»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Աժ–ում չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Նա համարում է, որ դրա համար բավարար էր վարչապետի վերջին ասուլիսը․ «Երեկ վարչապետը բոլոր հարցերին պատասխանել է»։

Տավուշի մարզից Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի հարցով վարչապետի խոսքում նախօրեին կար թերևս մեկ հստակություն․ հանձնարակականներ է տվել որոշ ճանապարհներ վերակառուցելու համար, քանի որ, գործող ճանապարհներում կան հատվածներ, որոնք ԽՍՀՄ քարտեզների համաձայն մտնում են Ադրբեջանի տարածք։ 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին հարցին պատասխանելիս վարչապետը պարզապես վկայակոչում էր իր ձեռքին ունեցած քարտեզը՝ նշելով, այն ինչ սահմանագծից այս կողմ է մերն է, ինչը այն կողմ՝ իրենցը։ Ո՞ր հատվածում են գտնվում նշված գյուղերը, այս պահին դեռ հստակություն չկա։ Իսկ հնչող հարցերին ի պատասխան՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հակադարձում է․

«Չեմ ուզում բան ասել, որը մեկնաբանությունների տեղիք տա։ Դուք նման տեղեկություն ունե՞ք, որ հանձնվելու են»։

Կոնկրետ Տավուշի մարզի գյուղերի մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել սահմանազատման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո։ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակն էր նման տեղեկություն տարածել։ ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, գեներալ–լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը նախարարի և փոխնախարարների հետ փակ հանդիպումից հետո փոքր ինչ բացեց փակագծերը․

Շատ շուտ եք վռազում։ Ասենք՝ վերին Ոսկեպարը։ Այնպես է գծված, որ մեր տարածքից մինչև մյուս տարածք գնալուց ճանապարհի մի հատվածը մնում է իրենց տարածքի մեջ։ Նույնը Տիգրանաշենի հատվածն է, որ նորից իրենց նախկին տարածքով է անցնում։ Հիմա ներկա դրությամբ մենք ունենք Արծվաշենը, որ գտնվում է իրենց տարածքում։ Հիմա քննարկումներ պետք է գնան, որ Արծվաշենը, ասենք, ինչի՞ հետ պետք է փոխվի, այդ տարածքը ո՞ր տարածքի հետ պետք է փոխվի։ Հիմա քննարկումներ են գնում, դուք վռազ պիտի ասեք, որ տվեցի՞նք։ Քննարկումները կավարտվեն, այն ժամանակ կասենք ձեզ։

Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը խոսում ճանապարհների վերակառուցման մասին։
Վարչապետն է, վարչապետը ինչ ուզի, այն էլ կխոսի։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզ էր գնացել, այն տարածքներ, որոնք վտանգված են, ըստ հայտարարությունների։ Հենց այնտեղից պատգամավորը ներկայացրել է այն վտանգները ու հետևանքները, որոնք կարող են լինել այդ տարածքները ադրբեջանական կողմին հանձնելուց հետո։ Առաջինը, ինչ շեշտում է պատգամավորը, դա այն է, որ 90–ականներին ձևավորված Տավուշի պաշտպանական գիծը ամբողջությամբ կկազմաքանդվի և թշնամին կհայտնվի խորը թիկունքում։  

«Հայաստան մտնող գազամուղը նույնպես անցնում է վերին Ոսկեպարի հատվածում և ադրբեջանական կողմի հաստատվելու դեպքում գազամուղը նույնպես անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհի 5 հատվածում, որտեղ հատում կա, տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ, այդ ճանապարհը Երևան–Թբիլիսի տանող մայրուղին է, ես կանգնած եմ այդ 5 կետերից մի կետում։ Այսինքն՝ ստորաբաժանումները տեղակայելու դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը։ Այս կետում և Տիգրանաշենի հատվածում տեղակայելով ադրբեջանական ստորաբաժանումները, Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի «անկլավ», որով Ադրբեջանը փորձելու է ուղղակի օղակի մեջ առնել ամբողջ Հայաստանի Հանրապետությունը»։

Այդ հատվածները սահմանակից են Լոռու մարզին և Թեղուտի անտառներին, այնպես որ Լոռին նույնպես կդառնա սահմանապահ մարզ, մանրամասնում է պատգամավորը՝ հավելելով, որ նշված տարածքներում հաստատվելու դեպքում Ադրբեջանը պահանջելու է նաև կոմունիկացիներ։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, որ ծնունդով Տավուշից է, ուշադրություն է հրավիրում հարցի չերևացող, քաղաքական կողմի վրա։ Նա կապ է տեսնում ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս հանելու, հետագայում Հայաստանի տարածքում ռուսական այլ սահմանապահ հենակետերը վերացնելու մտադրության և այս տարածաշրջանում ռուս սահմանապահների՝ հետագայում մնալու ձգտումների մեջ։

«Մի կողմից տեսանելի է, որ ռուս սահմանապահները հնարավոր է՝ լքեն այն տարածքը, որտեղ ապօրինի են տեղակայված, այն տարածքը, որտեղ նրանք ոչ մի առաքելություն չեն իրականացնում և ավելին՝ այդ տարածքը կարող են վերածել երկրորդ ԼՂ–ի, Լաչինի միջանցքի, ռուսական պատասխանատվության գոտու, դրանից բխող բոլոր տրագիկ հետևանքներով հայկական կողմի համար։ Ամենազավեշտալին, որ Բաղանիս–Այրում սահմանամերձ, լքված գյուղի խաչմերուկում ռուսական սահմանապահ բազան որևէ իրավական հիմք չունի։ Որևէ մարմին այդ ռազմաբազան կառուցելու թույլտվություն չի տվել։ Արշակ Կարապետյանը, ով ցավոք սրտի ՀՀ պաշտպանության նախարար էր, նրա թողտվությամբ ռուսական սահմանապահները հանկարծ հայտնվում են այնտեղ մոդուլային կացարաններում։ Ալիևը շտապում է, որ եթե ռուսական կայազորը այնտեղից հեռացավ, ապա ելքը մնում է պատերազմը։ Այդ դեպքում ինքը պետք է խաչ քաշի Արևմուտքին իր տված պարտավորությունների վրա։ Կարծեք, թե Հայաստանի տարածքի դեպքում Արևմուտքը մի փոքր ավելի հստակ է, քան ցավոք սրտի, Արցախի դեպքում էր»։

Սահմանագծից այս ու այն կողմ ո՞ր հատվածն է Հայաստանինը և որը Ադրբեջանինը․ այս հարցի պատասխանը հստակ չի տալիս նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Չի կարող նաև հստակեցնել, թե ճանապարհների վերակառուցման աշխատանքները կվերաբերեն միայն ճանապարհներին, թե այլ ենթակառուցվածքներին ևս․

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն, հասկանան՝ ո՞ր քարտեզով են աշխատում, այսինքն՝ այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի։ Ընդհանուր աշխատանք պետք է արվի, որից կպարզվի՝ միայն ճանապա՞րհ է, միայն գազատա՞ր է, թե՞ կարող է ինչ–որ այլ ենթակառուցվածքի վերաբերել»։

Թեև վարչապետը նախօրեին հայտարարեց, որ ճանապարհների վերակառուցման հանձնարական արդեն տվել է, Սանոսյանն ասում է՝ աշխատանքները դեռ սկսված չեն, ժամկետներ ևս չկան։ Բայց ամեն դեպքում, նախարարը շեշտեց, որ Տավուշի 4 գյուղերը Հայաստանի վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում։

Կարդացեք նաև

Back to top button