ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եվս մեկ տարի, և Հայաստանը դուրս կգա սև ցուցակից        

Խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տնտեսական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են կառավարության գործունեության 2023 թվականի հաշվետվությունը։ Այն դեռ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը հանձնաժողովում անդրադարձել է իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող ոլորտներին։ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել ավիացիոն ոլորտի զարգացումներից։

Հայաստանում ամեն երրորդ ուղևորը 2023 թվականին օգտվել է հայկական ավիաընկերությւոնների ծառայություններից։ ՏԿԵ նախարարը հստակեցնում է՝ ռեկորդային ուղևորափոխադրումներ են արձանագրվել․

«5 մլն 425 հազարի է հասել աճը, 47 տոկոսով ավելի է 2022–ի ցուցանիշից։ Հատկանշական է, որ 1․8 մլն–ը տեղափոխել են հայկական ավիաուղիները»։

Շուրջ 5 մլն ուղևորների ո՞ր մասն է Հայաստանը որպես տրանզիտ երկիր օգտագործել, տվյալներ չկան։ Բայց Սանոսյանը գիտի՝ գնացեղների թիվը 14 հազարով ավելի է, քան ժամանողներինը։ 2023–ին «Զվարթնոց» օդանավակայանը գերբեռնված է աշխատել, երբեք 5․4 մլն ուղևոր չեն սպասարկել՝ փաստում է ոլորտի պատասխանատուն։ Բայց Հայաստանի ավիացիոն ոլորտում խնդիրներն ակնհայտ են։ Դեպի Եվրոպա թռիքները դեռ սահմանափակ են, քանի որ Հայաստանը ԵՄ «սև ցուցակում» է։ Գնել Սանոսյանը հստակեցնում է՝ աշխատանքները շարունակվում են։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվում է․ «Ավիացիայի «սև ցուցակի» հետ կապված մի երկու բան հստակեցրեք՝ ինչո՞ւ ենք ընկել, ի՞նչ ենք անում, որ դուրս գանք»։

Գնել Սանոսյանը տեղեկացնում է՝ Հայաստանի քաղավիացիան ԵՄ «սև ցուցակում» հայտնվել է 2020 թվականին։ Պատճառն այն է, որ Ավիացիայի կոմիտեն բավարար ռեսուրսներ չունի անվտանգությունն ու վերահսկողությունը ապահովելու համար։ 41 աշխատանք կամ թերության վերացում է նախանշվել։

«Մենք դրանց հիմնական մասն ավարտել ենք, փաստաթղթային, իրավաբանականը շտկել ենք։ Ընդհանուր աուդիտ ենք անցել։ Կարծում ենք, որ ևս մեկ տարի ժամանակ պետք կլինի, որ ավարտենք աշխատանքները, դիմենք մեր միջազգային գործընկերներին, գան ուսումնասիրեն ու նախանշեն, որ «սև ցուցակի» գործընթացից Հայաստանը կարող է դուրս գալ, քանի որ արդեն բավարար կարողություններ կան»։

Նախարարն ասում է, որ փորձում են հայտ ներկայացնել, որ Կապանի օդանավակայանից ոչ միայն ներքին, այլև միջազգային չվերթներ իրականացվեն։ 2023–ին Հայաստանից օդային տրանսպորտով ելքի համար պետական տուրքի վճարումների արդյունքում նախորդ տարի հավաքվել է մոտ 17 մլրդ դրամ: Գումարը գանձվում է ՀՀ տարածքից ելք անող ֆիզիկական անձանցից՝ ավիաընկերությունների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button