
Հայաստանի 4 համայնքում այս տարի փորձարկվում է մասնակցային բյուջետավորման համարկարգը։ Ջերմուկում, Աբովյանում, Աշտարակում և Արմավիրում բնակիչներն անմիջականորեն մասնակցում են համայնքների խնդիրների լուծմանը։ Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս համայքներում խթանել մարդկանց անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացներին` մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հասցեականությունը և արդյունավետությունը:
Ջերմուկի, Աբովյանի, Աշտարակի և Արմավիրի բնակիչները այսուհետ հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց համայնքին առնչվող ծրագրեր ու գաղափարներ, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն ու իրականացման հնարավորություն կունենան։ 2024 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար համայնքներին տրամադրվող սուբվենցիաների շրջանակում նախատեսվել է 500 մլն դրամ: Երեք համայնքներում արդեն ավարտվել է ծրագրերին քվեարկելու փուլը, Արմավիրում այն կավարտվի մարտի 15-ին։ Թենիսի կորտերից մինչև ոռոգման համակարգերի բարելավում՝ ֆինանսաների նախարարության ներկայացուցիչ Սվետա Հարոսյանը ներկայացնում է՝ ինչպիսի ծրագրեր են ընտրվել բնակիչների կողմից։

«Աբովյան համայնքում հրապարկվել է 9 առաջարկ-նախագիծ, որոնցից 3-ը հաղթահարել է քվերարկության փուլը։ Գեղաշեն, Կամարիս բնակավայրերում ոռոգման համակարգի անցկացման առաջարկն է ավելի շատ ձայներ հավաքել, Ավոբյան քաղաքում՝ թենիսի կորտերի և երգող շատրվանների կառուցման։ Աշտարակում 4 նախագիծ է քվեարկության դրված եղել։ Առաջին տեղում բազմաբնակարան շենքի բակերում և որոշ բնակավայրերում խաղահրապարակների կառուցման ծրագիրն էր։ Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում ֆոտբոլի խաղադաշտի կառուցում և տարածքի բարեկարգում ծրագիրը հաղթեց, Ուշի, Բազմաղբյուր բնակավայրերում՝ աղբամանների տեղադրման և Նոր Ամանոսում՝ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում,լայնացում, համահարթեցում»։
Սվետա Հարոսյանի խոսքով՝ ծրագրի իրականացման պահանջը եկել է հենց բնակիչներից, իրենք են անմիջական մասնակցություն ունենալու ցանկություն հայտնել։ Նպատակն է, որ քաղաքացիներն ընկալեն, որ իրենք կարող են դերակատարում ունենալ համայնքների ծրագրերի իրականացման գործում։
Նախագիծ-առաջարկները համայնքների պաշտոնական կայքերի համապատասխան հարթակներում են տեղադրվում՝ նշում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը։
«Այս հարթակում համայնքների բնակիչները հնարավորություն ունեն ներկայացնել առաջարկներ, քվեարկել, ինչու չէ, նաև քննարկումներ կազմակերպել, մեկնաբանություններ թողնել։ Հարթակը արդեն պատրաստ է, երեք համայնքներում քվեարկություններ են իրականացվել։ Այս հարթակով համայնքները կարող են նաև հետևել ամբողջ մասնակցային գործընթացին»։
Քվեարկության փուլն անցած նախագծերի համար համայնքի աշխատակազմը ծրագրեր է կազմում, որոնց համար սուբվենցիոն հայտեր են լրացվում։ Հաստատվելու և ֆինանսավորում ստանալու համար դրանք ներկայացվում են լիազոր մարմնին։ Քվերակության դրվող նախագծերի համար նաև չափորոշիչներ են սահմանված։«Ծրագրերը պետք է չկրկնեն տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերին։ Ծրագիրը պետք է լինի համայնքի տարածքում, բխի ՏԻՄ իրավասություններից, գումարային շեմը չպետք է գերազանցի բյուջետավորման գործընթացի համար նախատեսված առավելագույն սահմանաչափը, պետք է տեխնիկապես իրագործելի լինի մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև բխի համայնքի խնդիրների առաջնահերթություններից»։
2024 թվականի պետական բյուջեով ծրագրի համար նախատեսված 500 մլն դրամի առաջին մասը համայքների միջև բաշխվել է հավասարապես։
«Առաջին 50 տոկոսը՝ 250 մլն դրամը բաշխվել է հավասարապես։ Մյուս մասը բաշխվել է 2024 թվականաին համայնքներին հատկացվող ֆինսական համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարից տվյալ համայնքին նախատեսված տեսակարար կշռի համամասնությամբ։ Այսինքն՝ Աշտարակ համայնքին ընդհանուր տրամադրվել է 167.8 մլն, Արմավիր համայնքին՝ 120.9 մլն, Աբովյանին՝ 139.5 մլն և Ջերմուկին՝ 71.8 մլն դրամ»։
Կառավարությունը ֆինանսավորում է հավանության արժանացած ծրագրի 80 տոկոսը, մնացած հատվածը ներդնելու են համայնքները։
Ծրագրի ներկայացուցիչների խոսքով՝ համայնքներում այսօր էլ գործում է սուբվենցիոն ծրագրերի համակարգը, երբ պետությունն ու համայնքները ֆինանսական մասնակցություն են ունենում, սակայն մասնակցային բյուջետավորման ծրագրի նպատակն է հենց քաղաքացիներին այս գործընթացում ներգրավելը։ Փորձնական ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո, կդիտարկվեն այն նոր համայնքներում կիրառելու հնարավորությունները։




