
2024-ը ՀՀ ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի: Սոցիալական հարթակների միջոցով թմրամիջոցների ու դրանց նմանվող նյութերի վաճառքի մասշտաբները մտահոգիչ վիճակագրություն ունեն ողջ հանրապետությունում, նաև՝ Լոռիում: Մարզում եռակի աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, անգամ դպրոցականների շրջանում: Մարզի իրավապահ մարմինները տագնապի ազդանշան են հնչեցնում և հորդորում հատկապես կրթական հաստատությունների ղեկավարներին մեկտեղել ուժերը՝ արատավոր երույթի դեմ պայքարում:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճը մարզում, արդեն նաև դպրոցահասակների շրջանում խիստ մտահոգում է մարզի իրավապահներին։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն օրերս մարզի խնդիրներին նվիրված քննարկմանը հորդորել էր հատկապես համայնքապետերին ու կրթական հաստատությունների ղեկավարներին ակտիվ համագործակցել իրավապահների հետ՝ թմրամիջոցների դեմ պայքարում։

«Շատ ցավալի է, որ թմրամիջոցն արդեն մուտք է գործել անչափահասների գրպան։ Ունենք դեպքեր, երբ անչափահասները և՛ իրացնում են, և՛ ձեռք են բերում, և՛ օգտագործում են թմրամիջոցներ»:
Թմրամիջոցներն առավելապես տելեգրամյան ալիքներով են իրացվում՝ ասում է Արթուր Զաքարյանն ու հիշատակում վերջին դեպքը, որ օրերս է արձանագրվել: Ստեփանավանի ոստիկանները բաժին են տեղափոխել Երևանի 2 բնակչի, որոնք քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցներ են տեղադրել ու բջջայինով նկարել տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու նպատակով։ Նրանց մեղադրանք է առաջադրվել: «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածով 385 փաթեթ, այլ կասկածելի սրվակներ ու փոշենման զանգվածներ են առգրավել լոռեցի ոստիկանները։
Արթուր Զաքարյան․ «Դեռ եռամսյակը չենք ավարտել, բայց ունենք տելեգրամյան ալիքներով վաճառք և իրացում իրականացնող ձերբակալված մարդիկ և կալանավորվածներ»:

Ոստիկանության աշխատակիցներն ամենօրյա կանխարգելիչ շրջայցեր են ունենում դպրոցներում: Չի թաքցնում՝ մտահոգ է դպրոցների այն տնօրենների պահվածքով, որոնք դժկամությամբ են տեղեկություն տրամադրում հաճախակի բացակայող աշակերտների մասին: Մինչդեռ, ասում է, շատ կարևոր է, որ հենց դպրոցների տնօրենները ձեռք մեկնեն մեզ: Եթե երեխան դպրոց է գնացել, բայց այդպես էլ դպրոց չի հասել, առաջինը դպրոցի անձնակազմը պիտի անհանգստանա: Ի վերջո, սոցիալական հարթակներում դեռահասներն առավել խոցելի են ու չի բացառվում, որ ծնողների ու մանկավարժների ուշադրությունից դուրս մնացած դեռահասը հայտնվի թմրանյութի ապօրինի վաճառքով զբաղվողների ծուղակում: «Սա մի զզվելի հիվանդություն է, որը փչացնելու է և՛ մեզ, և՛ մեր ապագան: Ինձ քանակը հետաքրքիր չէ, ինձ համար կարևոր է, որ թմրանյութը վերցվի քաղաքացու ձեռքից»,–Լոռու ոստիկանապետն է ասում:
«Մենք հարցնում ենք ստուգման արդյունքում հաճախակի բացակայող երեխաներ, չգիտես ինչի, լինում են դեպքեր, որ մեզնից թաքցնում են: Ենթադրում եմ՝ առաջին, որ կրթօջախի ղեկավարը ցույց է տալիս, որ ինքն իրազեկ է, ամեն ինչին տիրապետում է, 2-րդը, քանի որ բոլորը միմյանց ճանաչում են, ոնց որ չուզենան վատություն անեն՝ մեզ հայտնեն: Իհարկե, բոլորի մասին չի խոսքը, կան տնօրեններ, որ շատ ակտիվ համագործակցում են ոստիկանության հետ: Կոչ եմ անում բոլորին՝ պայքարենք միասին, որ թմրանյութը չհասնի մեր երեխաներին»:

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է փորձում են ուշադրության կենտրոնում պահել բոլոր աշակերտներին: Կանխարգելիչ հանդիպումները պարբերական են ոստիկանության հետ: Շատ կարևոր է, ասում է, որ զրույցների ընթացքում հաշվի առնվեն դեռահասների տարիքային առանձնահատկությունները՝ հակառակ ազդեցությունից խուսափելու համար: Այս առումով բժիշկ ծնողներն են օգնության հասնում՝ փորձելով ճիշտ խորհուրդներով հետ պահել թմրամիջոցի հետ հնարավոր շփումից:
Արմեն Ծատուրյան․ «Երեխաների հետ ոստիկանության անչափահասների բաժինը հաճախակի հանդիպումներ է ունենում, բացատրում վնասակար սովորույթները: Մեզ մոտ պատերին փակցված են նաև նյութեր: Բացի դրանից՝ մենք ծնողների ներուժն ենք օգտագործում, մեր բուժաշխատող ծնողը վիճակագրություն է ներկայացնում, իսկ ոստիկանությունն ինչով է լավ, որ ռեալ կյանքից են պատմում, տեսնում ենք, թե օնլայն միջոցներով ինչ բացասական բաներ են տարածված»:
Կրթադաստիարակչական նյութերի մեծ պակաս կա. տեսեք ինչ սերիալներ են դիտում մեր երեխաները, ինչ են սովորում դրանցից՝ ասում է Լոռու մարզի ոստիկանապետը: Եթե էկրանից թմրանյութերի քարոզչություն է արվում, ի՞նչ երաշխիք, որ այն փորձելու գաղթակղությունն ավելի մեծ չի լինի:
2023-ին Լոռիում հանցագործության 2916 դեպք է արձանագրվել, որը 2022-ի համեմատ ավելի է 40 դեպքով։ Բացահայտումները կազմել են 87.7 տոկոս։ Լոռու ոստիկանապետի խոսքով՝ բացահայտման դեպքերը 2023-ի համեմատ կրկնակի ավելի են։ Կիբերհանցագործությունների ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի վիճակագրության աճին զուգահեռ, առանձնակի մտահոգիչ է բնակարանային գողության դեպքերի աճը: Տնից երկար բացակայելիս անպայման տեղեկացրեք թաղամասային ոստիկանին՝ Արթուր Զաքարյանի հորդորն է:




