
Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում․ սա պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ՝ ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ-ի հետ հարաբերություններին, մասնավորապես՝ ՀԱՊԿ–ում մնալ –չմալու հարցին։
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ կառույցում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ՝ նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ նկատի ունի Երևանը՝ հայտարարելով կառույցում փաստացիորեն սառեցված գործունեության մասին։
«Քաղաքական որոշումն ու դիրքորոշումը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք»։
Փաշինյանի համոզմամբ՝ հայկական կողմի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ ազնիվ է, արդար և բարոյապես ճիշտ։ ՀՀ խնդրանքը և նաև պահանջը եղել է մեկը՝ հստակեցնել, թե որն է կառույցի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։
«Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիր չենք ստեղծել ոչ մի բանով։ Բոլոր պրոբլեմները ստեղծվել են այն կետից, երբ որ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»։
Հարցն էլ ինքնին չի առաջացել։ Տարբեր քննարկումների ժամանակ Հայաստանը ստացել է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների շատ հստակ, Փաշինյանի գնահատմամբ, տարակարծության և տարընթերցման տեղ չտվող դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է իրենց համար։ Սակայն, վարչապետի խոսքով, 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք այդ «կարմիր գիծը» հատել են, բայց դրանց չեն հետևել ՀԱՊԿ կանոնադրության և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մեջ նախանշված քայլերը։
«Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է։ Եթե ՀԱՊԿ -ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի ՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով։ Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թե երբ, չեմ կարող ասել»։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին քննարկումներին ու հայ ժողովրդի ունեցած եվրոպական ձգտումներին, ինչի մասին արտգործնախարարն էր հայտարարել։ Հարցին ի պատասխան, թե ինչ հեռանկար է տեսնում կառավարության ղեկավարն այդ ուղղությամբ, վարչապետը հիշեցնում է ԵԽ-ում ունեցած ելույթի իր ձևակերպումն է հիշեցնում.
«ԵԽ-ում ելույթ ունենալիս՝ ես արեցի հայտարարություն, որ մենք պատրաստ ենք Եվրամիությանը լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի»։
Հիմա, փաստորեն, գնդակը ԵՄ-ի դաշտում է, և Փաշինյանի ձևակերպմամբ՝ պետք է հասկանալ, թե Եվրամիությունը ինչքան մոտ լինելը հնարավոր կհամարի, որից հետո միայն կարվեն հետևություններ։ Վարչապետի խոսքով՝ կարևոր է նաև, թե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչքան մոտ լինելը հնարավոր կհամարի։
«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են։ Եվ լավ է, որ մենք չեն ասում, այլ ԵՄ-ն է ասում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել, և ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը։ Չնայած պիտի ասեմ՝ այնպես չէ, որ մինչև հիմա այդ արտահայտությունները, մենք չենք ունեցել կամ այս պահին չունենք»։
Պարզապես հարաբերությունները զարգանում են և նոր դրսևորումներ ստանում։ Փաշինյանն ակնկալում է, որ դրանցից մեկն, օրինակ, կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ԵՄ-ի և Հայաստանի միջև։ Նաև՝ առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը Հայաստանում արտադրված ապրանքներին, տնտեսական կապերի խորացման ուղղությամբ քայլերը, անվտանգության ոլորտում համագործակցության ու հարաբերությունների խորացումը, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարողությւոնների մեծացումն ու նաև դիտորդների մանդատի երկարաձգումը և այլն։ Փաշինյանի գնահատմամբ՝ կա լայն օրակարգ և այն ընդլայնելու ցանկություն։




