
Պետական բոլոր բուհերն Ակադեմիական քաղաքում միավորելու կառավարության նախագիծը ոլորտի բազմաթիվ մասնագետների դժգոհությունն է առաջացրել։ Օրերս մամուլում հրապարակումներ եղան, թե արդեն հայտնի է ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և կամ խոշորացման ծրագիրը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարությունը հերքում է մամուլում շրջանառվող գնահատականները՝ դրանք որակելով համատեքստից կտրված և խեղաթյուրված: Ըստ պաշտոնական հիմնավորման՝ կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցերը դեռ նոր են քննարկվելու:
Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին՝ դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացվել է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և բարձրագույն որակավորման կոմիտեին։
Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և ԲՈւՀ-ի ղեկավար կազմը վերջերս հանգամանորեն ներկայացրել են նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։
Այսօր էլ հասկանում և կիսում են երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունը ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Մտահոգության հիմքում Ակադեմիական քաղաքի հայեցակարգն է, որով նախատեսվում է մայրաքաղաքում տեղակայված բուհերն ու համալսարանները միավորել մեկ հարթակում։ Քանի դեռ Կոնսերվատորիայի վերաբերյալ որևէ որոշում չկա, բուհի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանը հավատում է, որ համատեղ քննարկումները կարող են դրական արդյունք տալ։

«Տվյալ պարագայում Կոնսերվատորիան տեղափոխելու, այլ հաստատության հետ միացնելու, առհասարակ բուհերը միավորելու միտումը ես համարում եմ անմտություն։ Այն, որ Կոնսերվատորիան մտածում են տեղափոխել, կոպտագույն սխալ է լինելու ՀՀ երաժշտական մշակույթի համար»։
Օրերս մամուլում հրապարակումներ եղան, թե արդեն հայտնի է ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գնահատմամբ՝ մամուլում տարածված հրապարակումները թյուրընկալում են առաջացրել։ Դրանք աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ են, ոչ թե միավորման կամ խոշորացման: Ավելին՝ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտնում է, որ ՀՀ գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը: Կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցերը դեռ նոր են քննարկվելու:
«Մեր գիտական կազմակերպություններին ու բուհերին առաջարկել ենք 7 ամիսների ընթացքում կազմակերպել ներքին քննարկումներ, առաջարկել իրենց տեսակետը՝ որ կլաստերում են իրենց տեսնում, տեսնո՞ւմ են, թե՞ չեն տեսնում։ Դրան զուգահեռ առաջարկել ենք բոլոր շահառուներին ներկայացնել իրենց ներկայացուցիչներին, որոնք ևս կմասնակցեն այդ հայեցակարգային քննարկումներին»։

Սարգիս Հայոցյանի հավաստիացմամբ՝ կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա աշխատանքների ընթացքում, որոնց ժամանակ էլ քննարկվելու և դիտարկվելու են նաև աշխատանքային խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները: Նաև ընդգծում է՝ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է ոչ թե 5, այլ 6 կլաստեր, որոնցից մեկի՝ սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները: Ինչ վերաբերում է Կոնսերվատորիայի շենքի ճակատագրին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը հավաստիացնում է՝ դեռ չգիտեն, թե ինչպես են տնօրինելու բուհի շենքը, բայց հյուրանոց այդ տարածքում հաստատ չի կառուցվելու։
«Շենքի վաճառքի և առհասարակ շենքի վերաբերյալ խոսակցություններին վերջ տալու համար Կառավարության կողմից կա հստակ հանձնարարական՝ կազմակերպել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ, որպեսզի այն գույքը, որը ազատվում է, դրա օգտագործումը բերի համապատասխան եկամուտներ Ակադեմիական քաղաքին՝ առանց օտարման և առանց վաճառքի»։
Կոնսերվատորիայում մտահոգությունները միայն վայրով և տեղափոխմամբ չեն սահմանափակվում։ Տարածքում մշակութային օջախներ կան, որոնց հետ բուհն ամբողջական օրգան–համակարգ է՝ նկատում է Լիլիթ Մարտիրոսյանը։
«Կոնսերվատորիան երաժշտական, մշակույթի զարկերակ է։ Այն նույն տարածքում է, որտեղ հարյուրավոր թելերով միավորվում են այլ երաժշտական հաստատություններ։ Դասախոսական ամբողջ կազմը աշխատում է կից հաստատություններում։ Կոնսերվատորիան ինչ-որ բուհ չէ, որ այստեղից տանեն այնտեղ տեղավորեն»։
Մինչ Լիլիթ Մարտիրոսյանը ահազանգում է, որ Կոնսերվատորիան տեղափոխելը նշանակում է երաժշտական կյանքի զարկերակ կտրել, Սարգիս Հայոցյանը կրկնում է՝ խնդիրը լուծվող է, քանի որ Ակադեմիական քաղաքում նաև համերգասրահներ են լինելու։ Կոնսերվատորիան բեմից չի կտրվելու՝ ասում է։
«Եթե մտահոգությունը բեմից կտրվելն է, իրականում Ակադեմիական քաղաքում էլ է բեմ լինելու և ոչ թե մեկը, այլ մի քանիսը։ Այսինքն՝ մշակութային կամպուսի սրտում լինելու են նաև մի շարք մշակութային տեղամասեր։ Ակադեմիական քաղաքի կարևորագույն նախապայմաններից է քաղաքի հետ կոմունիկացիայի ապահովումը։ Երևանի Կենտրոնի հետ կապված է 30 րոպե ճանապարհով։ Դրա փոխարեն առաջարկում է ավելի հանգիստ ու հանդարտ միջավայր»։
Մինչ Կոնսերվատորիայում հույս ունեն, որ քննարկումների արդյունքում կառավարությունում դեռ կարող են վերանայել որոշումը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում հաստատակամ են. իհարկե կփորձեն ներկայացնել ծրագրի բոլոր դրական կողմերը, բայց բուհերի խոշորացման ծրագիրը այլընտրանք չունի։ Պետական ֆինանսավորում ստանալու են միայն խոշորացված բուհերն ու գիտական կազմակերպությունները։




