ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր աղմուկ և նոր պահանջներ հայ–ադրբեջանական հանդիպումներից հետո

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտի 7–ին տեղի ունեցած Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը թեև պաշտոնական ձևակերպմամբ տեխնիկական բնույթի օրակարգ ուներ, լուրջ քաղաքական քննարկումների առիթ է դարձել։ Պաշտոնական սակավ տեղեկատվությունից հետո սկսել են շրջանառվել Ադրբեջանի ներկայացրած նոր պահանջները։ Խոսքը 4 գյուղ վերադարձնելու մասին է, ընդ որում, ադրբեջանական կողմը հստակ անվանումներով է նշում, թե որ գյուղերն են դրանք։ Պաշտոնական Երևանը, սակայն, այս լուրերը չի հաստատում։ Ի դեպ, սա միակ սկզբունքային տարաձայնությունը չէ, որ բանակցային փուլում կա հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Մինչ այս պահը կողմերին չի հաջողվել բանակցություններում մոտեցնել գեթ մեկ սկզբունային հարց։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 7–րդ հանդիպումից օրեր անց սկսեցին լուրեր շրջանառվել, որ ադրբեջանական կողմը նոր պահանջ է ներկայացրել՝ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելն «անհապաղ» 4 գյուղ վերադարձնելու մասին։ ԱԺ իշխանական պատգամավորները չեն շտապում մեկնաբանել այդ լուրը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վաղարշակ Հակոբյանը հորդորում է չշտապել և սպասել պաշտոնական արձագանքների․

«Բանակցային պրոցեսում բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ մեր որոշակի գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որը կա՛մ կիսատ է եղել, կա՛մ իրականությանը չի համապատասխանել, կա՛մ իր մեջ ունեցել է ապակառուցողական տարր։ Այն, որ ՀՀ–ն և Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանագծման և սահմանազատման գործողություն, սա անվիճարկելի է։ Այն, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սա ևս անվիճարկելի է։ Այն, որ այդ պրոցեսում մեզ փորձելու են ներքաշել, սադրել և փորձել մեզանից ստանալ անկայունություն, սա ևս արդեն նոր բան չէ։ Այն, որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ ՀՀ–ն իր անվտանգային հարցերը կարգավորի, սա ևս նորություն չէ։ Խնդրում եմ՝ սառնասիրտ գնահատենք իրավիճակը և իրականության մասին ավելի շատ խոսենք, քան մեկնաբանենք ինչ–որ հայտարարություններ»։

Հայ–ադրբեջանական սահմանին մարտի 7–ին տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել էին տեխնիկական հարցեր՝ հանձնաժողովների համատեղ աշխատանքի սկզբունքները, մեթոդաբանությունը և հիմքերը։

Այս պահի դրությամբ այս հարթակում կա չհամաձայնեցված երկու սկզբունքային հարց։ Սահմանազատման աշխատանքների համար դեռ հայտնի չէ, թե ինչ քարտեզներ են հաստատվելու, և Ադրբեջանը դեռևս մերժում է Արմաթիի Հռչակագրի սկզբունքները․ ասել է, թե ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմաններով պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումը։ Այստեղից էլ բխում է Հայաստանում օկուպացրած տարածքներից դուրս չգալու պնդումները։ Խորհրդարանական մեծամասնությունից Վաղարշակ Հակոբյանը, սակայն, վստահեցնում է․

«Նախ առաջինը՝ բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում և որևէ բացառություն, որը չի բխում ՀՀ շահից։ Խոսքը գլոբալ շահի մասին է։ Այսինքն՝ մենք պետք է հարցը լուծենք և այդ հարցի լուծման արդյունքում մենք պետք է ունենանք անվտանգային երաշխիքներ, ինչը մեզ հիմք կտա ՀՀ զարգացման, մեր անվտանգության ամրապնդման, մեր բանակի վերակառուցման։ Ես կարող եմ այս ցանկը շարունակել։ Խնդրում եմ, որպեսզի իրավիճակը մենք բոլորս սթափ գնահատենք և չտրվենք որևէ ապատեղեկատվության»։

Ամեն դեպքում, Բաքվի քարոզչամեքենան պնդում է, որ 4 գյուղի վերադարձի մասին իրենց պահանջները «անվիճելի» են, մինչդեռ «Հայաստանին տալու բան չունեն»։ Այդ սկզբունքով էլ մեկնաբանում են 31 հայկական գյուղերի կենսական տարածքների վերադարձի մասին Հայաստանի կառավարության հայտարարությունները։

Մի քանի օր առաջ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից հրաժարված Էդմոն Մարուքյանը իր հրաժարականից հետո որոշեց փակագծեր բացել բանակցային գործընթացից։ Նա պնդում է, որ զիջումների համատեքստում Հայաստանը դեռ հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներից հետ է կանգնել իր բոլոր «կարմիր գծերից», մինչդեռ հիմա միջազգային հարթակներում շեշտը պետք է դներ հատկապես արցախցիների իրավունքների իրացման վրա։ Բանակցությունների սկզբում հայկական կողմի մշակած պլանը տապալվեց, հայտարարել է Մարուքյանը։

«Ես գտնում էի և շարունակում եմ կարծել, որ շատ դեպքերում այն մտայնությունը, որ մենք միակողմանիորեն «բարի կամք» կդրսևորենք և Ադրբեջանը դա կգնահատի և ինքն էլ «բարի կամք» կդրսևորի, դա չի աշխատել, չի աշխատում և չի աշխատելու։ Երբ մենք Ադրբեջանի խնդիրները չենք բերում առաջին պլան, դրանք ուղղակի փորձում ենք ինչ–որ կերպ մեղմել, մի կողմ դնել, երբ փորձում ես Ադրբեջանի պրոբլեմը փակել միակողմանի, հույս ունենալով, որ ինքն էլ քո վրա ձևավորված կեղծ պրոբլեմներն է փակելու, համակարգն այդպես չի աշխատում։ Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերը չեն վերջանալու։ Մենք ունենք խաղաքարտեր, որոնք շատ կարևոր է օգտագործել։ Մենք ունեինք խաղաքարտեր, որոնք միակողմանիորեն մենք կորցրել ենք, բայց մենք դեռ ունենք խաղաքարտեր, որ կարող ենք օգտագործել և վիճակից այլ պայմաններով դուրս գանք, քան այն պայմանները, որոնք մեզ այս օրերին թելադրվում են»։

Թուրքական «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի դեպ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի սկզբունքային տարաձայնությունների մասին։

Արտգործնախարարի խոսքով՝ դրանք մի քանիսն են, և առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է Ալմաթիի հռչակագրի սկզբունքներով։ Ըստ Միրզոյանի՝ այժմ հայկական կողմը տեսնում է Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։

Միրզոյանն ուղիղ ասում է, որ սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է հետագա ծրագրեր ունենալ, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ըստ Արարատ Միրզոյանի ընդամենը մեկ գործողություն կօգնի խուսափելու նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է։ Խոսքը Ադրբեջանի կողմից փաստաթղթի ստորագրումն է։  

Կարդացեք նաև

Back to top button