ԿարևորՀասարակություն

Վթարը շատ ավելի բարդ է, քան կարելի էր պատկերացնել․ «Վեոլիա ջուր»

Կորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոնի 25%-ը: Վթարի վերացումը խիստ բարդ է, քանի որ հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, ինչի հետևանքով անանցանելի է ջրատարին մոտեցող ճանապարհը, հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

Նշվում է, որ նախ պետք է իրականացնել մեծ ծավալի գրունտային աշխատանք և տեղափոխել գետի հունը, ապա նոր անցնել բուն վթարի վերացմանը:

«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  Ջրային կոմիտե՝ տեխնիկա և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու հարցով և արդեն իսկ ստացել է անհրաժեշտ աջակցությունը՝ համընդհանուր շահերից բխող այս խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ տեղեկացնում են, որ մինչև խնդրի վերջնական կարգավորումը, այս օրերին վարչական շրջանների ջրամատակարարումը կիրականացվի փոքր-ինչ այլ գրաֆիկով:

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնել էին, որ գիշերը վթարվել է Արզնի 2 — Երևան մայրուղային ջրատարը, հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

Կարդացեք նաև

Back to top button