
«Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ում կանանց միջազգային օրը յուրահատուկ նշելն ավանդույթ է դարձել։ Այս տարի կազմակերպությունը որոշել է օրը նվիրել նրանց, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը կապել են հայրենիքի հետ՝ սահմանամերձ գյուղի մանկավարժներ, երկարամյա վաստակ ունեցող բժիշկներ ու մշակույթի ոլորտի այլ նվիրյալներ։
Օրը նրանց մասին էր, ովքեր ծառայում են հայրենիքին, բայց հաճախ աննկատ են մնում։ Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի դպրոցի տնօրեն Սիրանուշ Ուզումյանը 25 տարվա մանկավարժ է։ Ուսուցչի պատասխանատու պաշտոնը կրել է գիտակցական ողջ կյանքի ընթացքում։
«Ես համարում եմ, որ իմ կյանքում առանձնապես կարևոր բան չեմ արել։ Ընդամենը 25 տարի աշխատել եմ իմ հայրենի գյուղում՝ նախ որպես ուսուցիչ, հետո տնօրեն։ Ընդհանրապես, մտածում եմ, որ կրթությունը պետք է լինի ցանկացած պետության առաջնահերթությունը։ Իսկ ուսուցիչը, բժիշկը, զինվորականը պետությունը կայացնելու գործում ամենակարևոր մասնագիտություններն ու հենսյուներն են»։

Սիրանուշ Ուզումյանը ընտանիքի 3-րդ սերունդն է, որ նվիրվել է կրթությանը։ Պապն ու հայրը նույնպես մանկավարժներ էին։
«Ես էլ աշխատում եմ, որ այս թելը չկտրվի։ Աղջիկս նույնպես մանկավարժ է, տղաս էլ դեռ ուսանում է համալսարանում։ Հուսոմ եմ, որ նրանք էլ առաջ կտանեն այն գենը, որ ես եմ փոխանցել ու պիտանի կլինեն մեր երկրին»։
Կրթության, մշակույթի և բժշկության ոլորտի նվիրյալներն էին այս տարի «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ի ուշադրության կենտրոնում։ Կազմակերպության նախագահ Աիդա Թոփուզյանի խոսքով՝ այս ոլորտների 9 ներկայացուցիչներ են պարգևատրվել։
«Մենք ուզում էինք ցույց տալ այնպիսի մարդկանց, որոնց ճակատագիրը երկրի ճակատագրի նման է։ Սա նրանց մասին է, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը լուռ նվիրել են հայրենքին և ոչ մի ակնկալիք չեն ունեցել՝ ո՛չ կոչումների, ո՛չ պաշտոնների։ Հասարակ մարդիկ, ովքեր իսկապես ծառայում են հայրենիքին»։
Մանկական հաղորդումներից՝ պատերազմում անմահացած հերոսների մասին շարք։ «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի և Հանրային ռադիոյի համանուն հաղորդաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը մեկ առ մեկ հավաքել ու ներկայացրել է Արցախյան ազատամարտում անմահացած տղաների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները։ Գոհար Մարտիկյանի որդին` սերժանտ Աշոտ Չախոյանը, հատուկ նշանակության գնդի առաջին զոհն է, որի պատմությունով էլ տրվեց և՛ ռադիոհաղորդաշարի, և՛ մատենաշարի մեկնարկը:

«Սկզբում շատ դժվար էր, քանի որ վիշտը դեռ շատ էր թարմ։ Մտածում էի միայն որդուս մասին կգրեմ, բայց հետո հասկացա, որ բոլոր մայրերի համար էլ իրենց որդիները նվիրական են, և այդ նվիրաբերումը անպայման պետք է շարունակականություն ունենա։ Այդ նվիրումը պետք է ներկայացվի այնպես, որ հետագա սերունդներն իմանան՝ այսպիսի հայրենիքում ապրելու համար մեր զավակների կյանքն ենք տվել»։
«Այսօր ես երևի պարգևատրվում եմ նրա համար, որ ինքնամոռաց նվիրվել եմ մեր տղաների սխրանքները և Հայոց պատմության այդ ոսկեդարյա հատվածը սերունդներին թողնելու գործին»,-նշում է Գոհար Մարտիկյանը։ Ասում է՝ շարունակելու է գործը՝ համոզված, որ սերունդներին թողնելու է հաղթական պատմություն։




