
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը մարտի 11-15-ը կլինեն Ստրասբուրգում և կմասնակցեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով հերթական հանդիպմանը: Մարտի 19-ին էլ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։ Երկու քննարկումներն էլ առնչություն ունեն միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող դատական վերճերի հետ։ Մինչ այդ գործերը քննվում են, Երևանում և Բաքվում հայտարարություններ են հնչում, որոնք մասնագետները վտանգավոր են որակում։
Հայաստանից մինչև Նիդեռլանդներ միջազգային իրավունքի մասնագետները, իրավապաշտպանները և փաստաբանները պնդում են, որ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններից մեկը վտանգավոր է և պետք է կանխել դրա իրագործման հնարավորությունը:
Խնդիրը սկսվեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումից, որի ընթացքում Բայրամովը ձևակերպել էր նոր պահանջ: Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերն իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ պահանջներ են պարունակում, և պնդում է այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը: Այս պնդումը ավելացավ ադրբեջանական պահանջներին դեռ արտգործնախարարների բեռլինյան հանդիպումից առաջ՝ գումարվելով սահմանադրության փոփոխությունների պահանջին:
Հանդիպումներից հետո արդեն Հայաստանի խորհրդարանի ղեկավարը լրագրողների հետ զրույցում հետևյալ միտքն ասաց.
«Մանրամասները չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է, մենք էլ հրաժարվենք: Մենք պատրաստ ենք Ադրբեջանի Հանրապետության հետ քննարկել խնդիրի լուծումը և որևէ հարց չենք տեսնում, որը կտրուկ մեզ համար անքննարկելի է»:
Քանի որ բոլոր գործողություններում նկատվում է հայելային գործելաոճ, մասնագետները չեն բացառում, որ Ադրբեջանը միջազգային ատյաններ հայցերը ներկայացրել է այլ նպատակներով՝ հետագայում «վաճառքի» գործարք ձևակերպելու և հայցերից փոխադարձաբար հրաժարվելու համար: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գործընկերներին կոչ է անում չլռել այս հարցի առնչությամբ:
«Հայկական կողմի ներկայացրած հայցերը այնքան հիմնավոր են, որ բավարարվելու պարագայում Ադրբեջանը լրջագույն խնդիրներ է ունենալու: Եթե հանկարծ կառավարությունը ինքնակամ, ինքնագլուխ այս քայլին գնաց, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու՝ իրավունքներից հրաժարում: Մեր իրավունքները պետք է հնարավորություն չտանք «փուռը տալու», ոչնչացնելու, բոլոր հնարավորություններից մեզ զրկելու ապագայում: Այո, այսօր մենք շատ թույլ ենք, շատ վատ վիճակում ենք, բայց մենք պետք է հնարավորություն ունենանք մեր իրավունքները վերականգնել: Այս տեսակի դատարանների որոշումները շատ արագ չեն իրականացվում, շատ արագ կյանքի չեն կոչվում, բայց սրանք այն փոքր աղյուսներն են, որոնք դրվում են տարիներ, տասնամյակներ շարունակ, որպեսզի դու կարողանաս ինչ-որ հարմար պահին, ճիշտ ժամանակին օգտագործել, վերականգնելու քո խախտված օրավունքները»:
Հայցերը հետ կանչելու դեպքում Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում կհայտնվի՝ կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Եթե ՀՀ իշխանությունը գնա նման ճանապարհով, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, հարցը կտեղափոխվի քաղաքական դաշտ, այսինքն՝ քաղաքական բանակցությունների առարկա կդառնան, օրինակ, ռեստիտուցիայի՝ իրավական վիճակի ու գույքի վերականգնման խնդիրները։ Մասնագետի համոզմամբ՝ նման հարցերը պետք է լուծվեն իրավական դաշտում։ Արա Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայտարարությունում այլ ռիսկեր էլ է տեսնում։ «Իրականում իրավիճակն ասիմետրիկ է՝ Ադրբեջանի կողմից կատարված խախտումները շատ ավելի մասշտաբային են և դաժան, քան այն խախտումները, որոնք Ադրբեջանը տանում է դատարան ընդդեմ Հայաստանի կամ ընդդեմ Հայաստանի քաղաքացիների»:
Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն իր հերթին կարծում է, որ եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ գանգատներից, ապա դա Հայաստանում հիասթափության մեծ ալիք կբարձրացնի: Իսկ արտերկրում գործող անկախ փաստաբանները՝ անկախ քաղաքական որոշումից, պատրաստվում են շարունակել Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանությունը միջազգային հարթակներում: Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հեղինակային հաղորդման շրջանակներում
Նիդեռլանդների հայ իրավաբանների միության նախագահ Վազգեն Սարգիսը հակադարձում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը.
«Իհարկե, դա զուտ քաղաքական մոտեցում է: Որպես իրավաբան, ես չեմ գտնում, որ պետք է ոտնձգություն անենք և հետ քաշենք այդ դատերը: Աբսուրդային է: Մենք այս ոլորտում միայն հաղթող ենք, և շատ բաներ էլ կան, որ դեռ պետք է սկսվի: Մենք ունենք միջազգային հայ իրավաբանների հարթակ և այդ հարթակում շատ անկախ իրավաբանների կողմից դիրքորոշում կա, որ մենք պետք է շարունակենք մեր գործը, որը մենք սկսել ենք, քանի որ մենք անկախ ենք: բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունը մեծ դեր ունի, օրինակ, ապացույցների հետ կապված հարցերում և մնացած գործերում: Վերադառնալով հարցի բուն մտքին՝ կարելի է ասել, այո, իրենք պարտվող են և իրենց միտքն էլ դա է, եթե մենք հետ քաշենք, իրենք էլ հետ քաշեն: Բայց եթե իրենք ոչ մի բան չունեն, գտնում եմ, հետ քաշվելը այստեղ ձեռնտու չէ մեզ»:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացրել է երկու հայց, որոնք, ըստ մասնագետների, թույլ են և հեռանկար չունեցող:




