ԿարևորՀասարակություն

Ծեծված, բայց արդիական․ ֆեմինիստական հարյուրամյակից հետո ի՞նչ է փոխվել կանանց կյանքում

Ուղիղ մեկ դար ու 16 տարի՝ կանայք ցանկանում են ապրել, ինչպես սովորաբար ապրում են բոլորը՝ ընտրել, կառավարել, աշխատել, հանգստանալ, կառուցել։ Հավանաբար ցանկանում էին նաև 1908-ից առաջ, բայց պատմությունը հիշում է խիզախներին ու սիրում կոնկրետ իրադարձություններ։ 15 000 ամերիկացի կանայք Նյու Յորքում սկզբնավորեցին առաջին ֆեմինիստական շարժումը՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրերը, ստանալ տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ, մասնակցել համապետական ընտրություններին։ Մինչև կհասներ 21-րդ դար, ֆեմինիստական շարժումը որոշ երկրներում հաղթեց ու դարձավ ոչ արդիական թեմա, որոշներում՝ պարտվեց։ Հայաստանում պաշտոնապես ընդունված ու հաղթած է թվում կնոջ ու տղամարդու հավասարության պայքարը, բայց ժամանակակից ֆեմինիստները դեռ պայքարում են, որ «բացեն մարդկանց աչքերը»․

«Ասում են՝ դե ֆեմինիզմը արդեն հասել ա արդյունքին, և դա ասում են նրանք, ովքեր իրենց քիթիկից էն կողմ չեն տեսնում,  եթե իմ կյանքում չկա խտրականություն, չկա խտրականություն առհասարակ, ամեն 3-րդ կին ենթարկվում ա խտրականության, եթե կա խնդիր, կա նաև դրա դեմ կարիք պայքարելու։ Ցանկացած ուղղություն, որոնց համար պայքարում ա ֆեմինիզմը, դեռ արդիական են։ Ես ունեմ բլոգ, չեք պատկերացնի հատկապես օգոստոսին, երբ որ սեպտեմբերը գալու ա, նոր ուստարի ա սկսվելու, ես ինչքան նամակներ եմ ստանում, Հայաստանում, մեր կողքին կան աղջիկներ, որոնց դեպքում կրթություն ստանալը խնդիր ա, կոպիտ ասած ընտանիքը չի ուզում իր մեջ ներդրում անի, կրթությունը քո ինչին ա։ Սա արդի խնդիր է, որի հիմքում ինձ գրված նամակներն են»։

Հայաստանի բնակչության մեծամասնությունը՝ 53 տոկոսը, կանայք են։ Ըստ կառավարության՝ նրանք ներգրավված են կառավարման բոլոր ոլորտներում, պատասխանատու հարկատուներ ու քաղաքացիներ են։ Ֆեմինիստ-բլոգեր Զառա Ղազարյանի մեջբերած վիճակագրության համաձայն՝ կանանցից ամեն 3-րդն ինչ-որ տեսակի բռնության է ենթարկվում, սակայն դա չի խանգարում նշել մարտի 8-ը որպես կանանց իրավունքների պաշտպանության օր․

«Տարիների ընթացքում գուցե մարկետինգի, գուցե այլ բաներով պայմանավորված, մարտի 8-ի իրական իմաստը փոխվել ա, հիմա նշում են շատ քյութ օր, որի ստվերում ա մնում օրվա իրական խորհուրդը, իսկ իրական խորհուրդը կանանց իրավունքների պաշտպանության օրն ա, օր երբ ևս մեկ անգամ մեզնից յուրաքանչյուրը, նաև նրանք, որ իրականում ակտիվիստական աշխատանքներ չեն անում, էս օրն օգտագործեն, պաշտպանական խոսքեր ասեն, կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված ցանկացած խնդիր, խտրականությունը, անգամ գուցե սելեկտիվ աբորտները կամ հակառակը, էն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են կանանց առաջ, խոսեն դրանցից»։ 

Մարկետոլոգ Լիլիթ Կակոյանը դժվարանում է հստակեցնել՝ ֆեմինի՞ստ է, թե՞ ոչ։ Պատճառը ոչ թե իր չկողմնորոշված լինելն է, այլ ֆեմինիստների չհստակեցված գաղափարները։ Ասում է՝ իր համար տղամարդն ու կինը ոչ թե հավասար, այլ փոխլրացնող են, իսկ ֆեմինիզմը դեռ չհասկացված, արդեն դեֆորմացվել, դարձել է մի ուրիշ բան․

«Մարդիկ սխալ ձև են ներկայացնում, շատ շատերը ներկայացնում են ֆեմինիզմը ինչպես ուզում են, իրենց մտքերը ցանկություններն առաջ տանեն, հրամցնում են ֆեմինիզմի անվան տակ ու մենք լինելով էն ամենայուրահատուկ ազգերից մեկը, որտեղ եղել ա հայրիշխանություն, կնոջ դերը շատ փոքրացված ա եղել ընտանիքում, կանայք նույնիսկ շատ դժվարությամբ են ընդունել ֆեմինիզմն ու մինչև այսօր էլ, երբ տեսնում ենք մեդիայում, շատ տարբեր տեղերում՝ կանանց մեկնաբանությունները մյուս կանանց հանդեպ, էստեղ տեսնում ենք, թե ինչքան մեծ խնդիր կա, ու էստեղից էլ կարելի է հասկանալ կանայք ինչքան չեն ընդունում ֆեմինիզմը»։

Կլարա Ցետկինը և Ռոզա Լյուքսեմբուրգը

Ծաղիկներն ու նվերները, կամ օրինակ երթուղուց անվճար օգտվելն իհարկե հաճելի կամ գոնե ընդունելի են, սակայն երիտասարդ զրուցակիցներս պնդում են՝ մեծամասամբ հեռացել ենք օրվա իրական նշանակությունից։ Մարտի 8-ը հայկականացվել, հարմարվել է նաև ազգային մտածողությանն ու բնավորությանը․

«Մշակույթը էնքանով է կարևոր, որ մեր մարզում հայրիշխանություն է ու միշտ տղամարդու վրա է դրված փող աշխատելու, ընտանիքը պահելու պարտականությունը, ու դրանով է պայմանավորված, որ էս թեման շատ ծեծված ա, միևնույնն ա դեռ խնդիր ա»։

Բլոգեր Զառա Ղազարյանն էլ ասում է՝ ամենաշատ խտրական արտահայտությունները հնչում են հենց այս օրը։ Երբեմն ասողները չեն էլ ենթադրում, որ դրանք խտրական են, քանի որ այս կապակցությունները մեր լեզվամտածողության մեջ են։ Օրինակ, «կանայք կյանքի շարժիչ ուժն  են» արտահայտությունը կասկածի տակ է դնում տղամարդու դերը։ Փոխարենը բլոգերն առաջարկում է օրը նշանավորել՝ բռնությունից, գենդերային անհավասարությունից ու կանանց իրավունքներից խոսելով։

Կարդացեք նաև

Back to top button