
Հայաստանն ու Իրանը միմյանց են ներկայացրել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել մարտի 6-ին։ Նա այնտեղ հանդիպել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի, ապա Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարին ընդունել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին ընդունել է նախագահ Էբրահիմ Ռայիսին։ ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, վերաբերող հարցեր։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի նախագահը կրկին արտատարածաշրջանային ուժերին է անդրադարձել։
«Օտարերկրացիներին տարածք տրամադրելը անվտանգություն չի բերի։ Անվտանգությունն ու խաղաղությունը կարող են երաշխավորվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ»,-նշել է Ռայիսին։
Բավականին ժամանակ է, ինչ Իրանից այսբովանդակ ազդակներ են հղվում։ Իր գլխավերևում արևմտյան ուժերի ներկայությունն է Իրանն անթույլատրելի համարում և, իրանագետ Ժաննա Վարդանյանի գնահատմամբ, սա է Թեհրանի հիմնական մեսիջը եղել Հայաստանի պաշտպանության նախարարին։
«Արևմտյան ցանկացած ներկայություն և նաև ԱՄՆ-ի ցանկացած ներկայություն Իրանի հարևան երկրում Թեհրանը առաջին հերթին դիտարկում է որպես իր դեմ ուղղված սպառնալիք։ Հետևաբար, Իրանի նման արձագանքը բնական էր և սպասելի էր։ Ըստ էության հանդիպման ընթացքում կարևոր շեշտադրումներից մեկն էլ հենց դա է եղել»։
Իսլամական Հանրապետությունը երբեք չի թաքցրել իր դժգոհությունը տարածաշրջանային գործերում երրորդ ուժերի ներգրավումից։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան Հայաստանում Արևմուտքի ակտիվության վերաբերյալ իրանական կողմի մտահոգությունները մեղմելուն կամ փարատելուն էր ուղղված։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նկատում է, որ տարածաշրջանում օտարների ներկայություն ասելով, Իրանն ավանդաբար նկատի է ունեցել Ադրբեջանում իսրայելական ներկայությունը։ Խնդիրը հաճախ է բարձրաձայնվել 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի օկուպացված տարածքներում Իրանն օբյեկտիվորեն գնահատում է իսրայելական ներկայության աճը։ Իրանական կողմը ավելի ուշ սկսեց ավելի հաճախ խոսել այդ մասին՝ ակնարկելով նաև Հայաստանն ու այստեղ ԵՄ դիտորդական առաքելության ակտիվացումը։
«Նրանք շարունակում են չվստահել եվրոպացիներին, իհարկե, ԱՄՆ-ին ևս, և տեսնում են իրենց համար այս կենսական տարածաշրջանում իրենց համար այս պահին ոչ ընդունելի ուժերի ակտիվացում։ Եվ փորձում են, առնվազն, գոնե օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում և խաղացողներից որ մեկն ինչպիսի պլաններ ունի»։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդները լուրջ նպաստ են բերում երկրի անվտանգությանը, բայց Իրանում այդ դիտորդներն ընկալվում են ոչ թե որպես ԵՄ երկրների, այլ՝որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիտորդներ։ Հետևաբար, իրանական կողմից այդ անհանգստությունը կա և դա փոխանցվում է նաև դիվանագիտական բաց հայտարարությունների միջոցով։
Իրանագետ Ժաննա Վարդանյան. «Այստեղ, ամենայն հավանականությամբ, իրանական կողմի ակնարկները վերաբերում են Հայաստան-Արևմուտք համագործակցությանը, դա կարող է մասնավորապես առնչվել նաև ԵՄ դիտորդական առաքելությանը»։
Արդյո՞ք հնարավոր է, որ Իրանն անհանգստացել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Ֆրանսիական զենքերով Հայաստանի զինվելու հանգամանքից։ Իրանագետը չի կարծում, որ Փարիզի նկատմամբ Թեհրանի վերաբերմունքը նույնն է, ինչ ՆԱՏՕ-ի անդամ մյուս Արևմտյան երկրների, մանավանդ՝ Հայաստանի հարցով։
«Կարծես թե, Հայաստան-Ֆրանսիա համագործակցության վերաբերյալ, այնուամենայնիվ, կա որոշակի դրական ընկալում։ Ու սրա մասին է փաստում նաև այն, որ Հայաստանում Իրանի դեսպանը հանդիպումներ է ունենում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ»։
Նշենք, որ օրերս էլ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն է հայտարարել, որ Փարիզի և Թեհրանի դիրքորոշումները Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցով համընկնում են։




